Վերջին օրերին ոստիկանության Էրեբունու բաժին տարբեր սուպերմարկետներից թանկարժեք կոնյակների գողության վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։ Ինքնությունը չպարզված մի տղամարդ գնումների նպատակով մտնում էր սուպերմարկետներ և հարմար առիթի սպասելով՝ գողություն կատարում։
Էրեբունու քրեական հետախույզները տեսագրությունների ուսումնասիրության, իչպես և ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերներին կողմնորոշումներ ուղարկելու արդյունքում՝ պարզեցին տեսագրությունում երևացող անձի ինքնությունը։ Կապանում հաշվառված Ռուդիկ Բաբայանին Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։
55-ամյա Բաբայանն իրավապահներին հայտնել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սուպերմարկետներից գողացել է տարբեր տեսակի 17 շիշ թանկարժեք խմիչք։
Վնասի չափն ու դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։