Վաչագան Ղազարյանին 5 մլն դրամ գրավով ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ժամով հետաձգել է նիստը, որում քննվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստն ընդմիջվել է 2 ժամով և հավանական է, որ նույնիսկ նիստը կայանա դեկտեմբերի 12-ի:

«Այժմ քննարկվում է գրավի միջնորդությունը, որ ներկայացրել է պատասխանող կողմը: Նիստը հետաձգված է: Որպես գրավ առաջարկվել է 5 մլն դրամից սկսած»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փաստաբանը:

Հարցին, թե ինչ միջոցներով է Ղազարյանը վճարելու գրավը, եթե դատարանը համապատասխան որոշում կայացնի, փաստաբանն ասաց, որ Վաչագան Ղազարյանի ընտանիքի անդամների գույքը գտնվում են կալանքի տակ, սակայն, կգտնվեն Ղազարյանի ընկերներ, որոնք կօգնեն վճարել, եթե գրավ սահմանվի:




Լրահոս