«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում երեկվանից մեծ «ուբոռկա» է սկսվել․ նախորդ գումարման ԱԺ պատգամավորները, որոնք չեն լինելու նորում, հավաքում են իրենց իրերը։ ԱԺ աշխատակազմը պետք է սենյակների հարցը լուծի, 101 պատգամավորի փոխարեն հաջորդ խորհրդարանում 132-ն են լինելու, որոնց տեղավորելու խնդիր կա։ 2-3 սենյականոց «վիպ» համարներն են մասնատվելու, դառնալու են մի քանի սենյակ։ Ըստ սահմանված ընթացակարգերի՝ առաջին նիստը կգումարվի դեկտեմբերի 24-ին։ Նստաշրջանին բացման ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Ողջույնի ելույթներից հետո տեղի կունենա պատգամավորների երդման արարողությունը: Ապա նիստը նախագահողը պաշտոնապես կհայտարարի ԱԺ պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները եւ կներկայացնի պատգամավորներին։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ առաջին նիստը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը, որը պաշտոնավարում է մինչեւ ԱԺ նախագահի ընտրվելը: Նախորդ՝ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախագահել է քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր, անկուսակցական Կնյազ Հասանովը: Նա այս անգամ էլ «Իմ քայլով» է անցել ԱԺ եւ ընտրվածների մեջ ամենաավագն է՝ 73 տարեկան։ Եթե ինքնաբացարկ չլինի, հենց նա էլ կվարի առաջին նիստը։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: