«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Հանրապետության հրապարակում, ապա Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց` ի պաշտպանություն սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, այժմ կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Չնայած, որ ներկաները նշում էին, թե հավաքն ինքնաբուխ է, սակայն կազմակերպիչը եւ սոցիալական ցանցերում այդ մասին ակտիվ տարածողը Հայոց ազգային դաշինքն է` ի դեմս Արմեն Մինասյանի: Երեկ` ցույցերից հետո, Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տեղեկություններ եւ լուսանկար հրապարակեցին, թե Արմեն Մինասյանը թավշյա հեղափոխությունից հետո եղել է իրենց շտաբում, փորձել համագործակցել:
Ցույցի ընթացքում սոցիալական կայքով ցուցարարներին միանալու կոչեր էր հնչեցնում նաեւ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը: Նկատենք, որ երեկվա հանրահավաքը շատ սակավաթիվ էր, ներկա էին նաեւ Քոչարյանի բարեկամները: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն արձանագրել է, որ ցուցարարների թվում էին նաեւ Ռոբերտ Քոչարյանի խնամին` «Բարս» անշարժ գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը եւ նրա մյուս որդին` Քոչարյանի փեսայի եղբայրը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: