«Կասպերսկի Լաբորատորիա»-ի գնահատականների համաձայն՝ արդյունաբերական ձեռնարկությունները և արդյունաբերական ավտոմատացման համակարգերը մոտ ապագայում ավելի հաճախ են դառնալու կիբեռգրոհների զոհ։ Դրա նախադրյալները շատ են, սակայն, որպես հիմնական, փորձագետներն առանձնացնում են դրանցից երկուսը՝ արդյունաբերական կազմակերպությունների նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրության աճը և հենց ձեռնարկությունների կողմից ռիսկի աստիճանի թերագնահատումը։
Այդ միտման արդիականության մասին վկայում են նաև վիճակագրական տվյալները։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ ընթացիկ տարի տարբեր տեսակի կիբեռսպառնալիքների Ռուսաստանում բախվել է տեխնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգերի (ՏԳ ԿԱՀ) համակարգիչների գրեթե կեսը (48%)։ Արդյունաբերական համակարգերի համակարգիչների մեկ երրորդի (34%) համար սպառնալիքների աղբյուր է դարձել համացանցը։ Համեմատության համար. Ռուսաստանում արդյունաբերական համակարգիչների վարակման փորձերի 5%-ն է բաժին ընկել հանովի կրիչներին, իսկ փոստային ծրագրերին՝ 2%-ից քիչ ավելին։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները նշում են արդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրության աճի մասին։ Դա տեղի է ունենում, այդ թվում, նաև այն պատճառով, որ նրանց ավանդական զոհերը (ֆինանսական կազմակերպություններ, խոշոր ընկերությունների կորպորատիվ ցանցեր և այլն) ակտիվորեն հզորացնում են իրենց տեղեկատվական պաշտպանությունը։ Կիբեռհանցագործների ավանդական թիրախներին ուղղված կիբեռգրոհների իրականացման հետ կապված ռիսկերի աճը և շահութաբերության մակարդակի նվազումը նրանց դրդում է նոր զոհերի որոնմանը, այդ թվում՝ արդյունաբերական կազմակերպությունների շրջանում։