Արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն արդյունքների հանդեպ մարդկանց հետաքրքրությունը չի ավարտվում: Եվ այդ աումով հետաքրքիր է համեմատություններ անցկացնել: Այսօր կներկայացնենք, թե «Իմ քայլը» դաշինքով առաջադրված մարզպետները որքան ձայն են ստացել: Մինչ այդ նկատենք, որ մարզպետներից ցուցակում ընդգրկված չեն եղել միայն Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ու Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը թիվ 5 ընտրատարածքում ստացել է 22604 ձայն: Նրա ստացած ձայներն ամենաբարձրն է մարզպետների ստացած ձայների մեջ:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ստացած ձայներով զիջում է միայն Արարատի մարզպետին: Կոտայքի մարզում Սասուն Միքայելյանից հետո հենց Պետրոսյանն է ամենաշատ ձայները ստացել` 20934 ձայն:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ստացել է 16708 ձայն և դա ամենաբարձրն է այդ մարզի մասշտաբով:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետների թոփի մեջ իր ստացած ձայներով չորրորդն է: Նա ստացել 12096 ձայն, սակայն սա ամենաբարձր ցուցանիշը չէ մարզում: Նա միայն երկրորղն է, քանի որ Վարազդատ Կարապետյանը ստացել է 14616 ձայն:
Այս թոփում հաջորդը Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն է, ով ստացել է 10042 ձայն և Սյունիքի հետ համատեղ ընտրատարածքում առաջատարն է եղել:
Տավուշում մարզպետ Վահե Ղալումյանը երկրորդն է եւ զիջել է Սիփան Փաշինյանին: Նրանք համապատասխանաբար ստացել են 8985 եւ 17155 ձայներ:
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզում իր ստացած ձայներով երկրորդն է, ստացել է 6271 ձայն: Նրանից շատ ավելի մեծ ձայներ է ստացել Ֆելիքս Ցոլակյանը` 24172 ձայն:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզում միայն հինգերորդն է: Նա ստացել է 4296 ձայն և այդ ցուցանիշով զիջում է փոխմարզպետ Արամ Խաչատրյանին` 15038 ձայն, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին` 14885 ձայն, Արեն Մկրտրյանին` 8179 ձայն և Արփինե Դավոյանին` 8139 ձայն: Նշենք, որ Ղուկասյանի պարագայում այս արդյունքը սպասելի էր և նրա նշանակումն այնքան էլ չէր ընդունվել: Ավելին, շատերը հենց Արամ Խաչատրյանին էին տեսնում մարզպետ, ով էլ ամենաշատ ձայներն է փաստորեն ստացել մարզում: