Ընտրությունների հետքերով. ԲՀԿ-ի կորած ձայներն ու կաշառքի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները մասնակից բոլոր քաղաքական ուժերի կողմից որակվեց ազատ ու արդար: Գրեթե բոլորը միաբերան փաստեցին, որ այս ընտրությունների ժամանակ գրեթե չեն կիրառվել վարչական լծակներ, ֆինանսական միջոցներ, ուղղորդումներ չեն եղել: Ընտրություններին մասնակից ուժերը չեն դիմելու նաեւ Սահմանադրական դատարան վիճարկելու արդյունքները, բայց վերահաշվարկի դիմումներ այնուամենայնիվ ներկայացվել է ռեյտինգային թեկնածուների կողմից: Ընդ որում, վերահաշվարկի դիմումներ ներկայացրել են ԲՀԿ-ականները:

Մասնավորապես ԲՀԿ պատգամավորի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը ընտրության հաջորդ օրը հայտարարություն է տարածել, որ գողացել են իր ձայները: «Սա միայն մեկ տեղամասում (4/40)։ Աստված գիտի` էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»,- ասել է նա: Իսկ արդեն երեկ նմանատիպ հայտարարություն է տարածել նաեւ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Վահե Էնֆիաջյանը` նշելով, որ իրականում ինքն ավելի շատ ձայն է ստացել: «Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, եւ արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց եւ վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են»։

Նախկին իշխանության ՀՀԿ-ական ներկայացուցիչները չեն պատրաստվում դիմել վերահաշվարկի պահանջով: ՀՀԿ շտաբի պետ Դավիթ Հարությունյանն ասաց, թե չեն պատրաստվում վերահաշվարկ պահանջել, բայց եւ չբացառեց, որ հնարավոր է` լինեն թեկնածուներ, որոնք դիմեն նման քայլի: Ի վերջո, չի բացառվում, որ մարզերում ՀՀԿ-ի ձայները եւս սխալ հաշվարկած լինեն:

Մի ուշագրավ բան եւս. ակնհայտ է, որ հանձնաժողովների նախագահների մեծ մասը ՀՀԿ-ից էին: Վերջիններս ամենեւին էլ չէին աշխատում ՀՀԿ-ի համար: Երբ ընտրատուփից դուրս էր գալիս ՀՀԿ-ի քվերաթերթիկ, նախագահները կա՛մ զարմանում էին, կա՛մ սկսում էին քննադատական խոսքեր հնչեցնել այն մարդկանց հասցեին, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ին:

Հ.Գ. Մինչ ԲՀԿ-ականները բողոքում են՝ պահանջելով ձայների վերահաշվարկ, ընտրակաշառք առաջարկելու համար քրեական գործ է հարուցվել եւ մեղադրանք առաջադրվել Ծառուկյանի փեսաներից ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Դավիթ Մանուկյանի շտաբի պետ Արամ Հակոբյանի դեմ: Քրեական գործը քննվում է ՀՔԾ-ում. ԲՀԿ-ից էլ հավատացնում են, որ կուսակցության ղեկավար կազմի կողմից ընտրակաշառք խոստանալու կամ տալու հրահանգ չի եղել: Նաեւ լուրեր էին շրջանառվում ՀՀԿ-ականների կողմից որոշ տարածքներում ընտրակաշառք բաժանելու մասին, սակայն փաստացի տվյալներ չկան:

Լուսինե Մինասյան




Լրահոս