Պայթուցիկն ու ՀՀ կառավարությունը. ինչու է ազատամարտիկը դիմել այդ քայլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք էր ցանկացել մուտք գործել մի տղամարդ: Նրան վնասազերծել էին, հետո կալանավորել: Գործը քննվում է Ազգային անվտանգության ծառայությունում: Օրերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ կառավարություն մուտք գործել փորձող քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ է, նախկին ազատամարտիկ, որը հաշվառված է հոգեբուժական կլինիկայում: Նա նշել է, թե աշխատանք է ուզել, իրեն աշխատանք չեն տալիս, ուզում է այդ կերպ ուշադրություն գրավել:

«Նա դիմել է նաեւ ինձ Ազգային անվտանգության ծառայության համակարգում աշխատանքի անցնելու համար, սակայն Ազգային անվտանգության ծառայության մասին օրենքը արգելում է 27 տարին լրացած եւ բարձր քաղաքացիներին աշխատանքի ընդունելուց, բացի այդ նա հաշվառված է նյարդահոգեբուժական կլինիկայում»,- պատմել է Վանեցյանը:

Եվ ահա ԱԱԾ-ն այս գործով նախաքննությունը ավարտել է եւ այն ուղարկվել է դատարան: Մեզ հայտնի դարձավ, որ պայթուցիչով կառավարության մուտք գործել ցանկացող անձը եղել է Շամիր Սահակյանը, եւ նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա, ապօրինի ձեռք բերելով, պահելով, փոխադրելով եւ կրելով ռազմամթերք հանդիսացող 386-337-78 գործարանային համարի «Ֆ-1» տեսակի նռնակն իր «ՈՒԶՌԳՄ» տեսակի, 75-67-386 գործարանային համարի պայթուցիչով, 2018թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 18:30-ի սահմաններում, մուտք է գործել Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ Կառավարության թիվ 1 կառավարական շենք, սակայն կենտրոնական մուտքի մոտ բռնվել եւ վնասազերծվել է ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների կողմից:

Դատելով իրավիճակից, որ ազատամարտիկը հաշվառված է նյարդահոգեբուժական կլինիկայում, նրան անմեղսունակ պետք է համարեին եւ ազատ արձակեին, սակայն այդպես չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շամիր Սահակյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը ասաց, երբ նա մոտեցել է շենքին, զանգահարել է Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ հայտնել է՝ «մարդկանց շենքից հանե՛ք, քանի որ ցանկանում եմ ինքս ինձ վնասել»: Նրա այդ քայլի պատճառը այն է, որ նա ազատամարտիկ է, իսկ ազատամարտիկները անտեսված են, եւ նա այդ քայլով ցանկացել է կառավարության ուշադրությունը հրավիրել ազատամարտիկների սոցիալական վիճակին: Նա հաշվառված է նյարդահոգեբուժական կլինիկայում եւ նախաքննական մարմինը փորձաքննություն էր նշանակել, որի եզրակացությունը ստացանք, եւ հայտնի դարձավ, որ նրա մոտ առկա է սահմանափակ մեղսունակություն, եւ սահմանափակ մեղսունակները ենթարկվում են պատասխանատվության»:

Քնար Մանուկյան




Լրահոս