Դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում կայացած քվեարկության արդյունքում, ըստ 37/12 տեղամասային ընտրական հանձնաժողովի տեղեկատվության, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 356 քվե, որից 301-ը ստացել է Տավուշի մարզում ռեյտինգային Հայկանուշ Բեգլարյանը:
Նա Ոսկեպար գյուղում է ծնվել, ապրում է Նոյեմբերյան քաղաքում, զբաղվում է անհատ ձեռնարկատիրությամբ, մասնագիտությամբ բուժքույր է, ունի նաեւ իրավաբանական բարձրագույն կրթություն: Չնայած Հ. Բեգլարյանը պատգամավոր չի դառնա, Ոսկեպարը ընտրություններին նրան մեծ աջակցություն ցուցաբերեց: Ոսկեպարում բնակվող պատգամավորության ռեյտինգային թեկնածու Ռուսլան Մախսուդյանը, ով Ոսկեպարի անասնաբույժն է, համագյուղացիների վտահության քվեները չստացավ:
Նա Ոսկեպարի միակ ընտրական տեղամասում ստացավ 7 ձայն, որոնք իր տնեցիների եւ հարազատների ձայներն էին: Պատճառն այն չէ, որ Ռուսլան Մախսուդյանը համագյուղացիների հարգանքը չի վայելում, նրա ստացած ձայների քչության պատճառն այն է, որ նա «Օրինաց երկրի» ռեյտինգային թեկնածուն էր, այդ կուսակցության վարկանիշը բարձր չէ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ