Նախատոնական շրջանում թավշյա գնաճ է. կլասիկ թանկացումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գնաճը շարունակվում է: Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին գնաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2.6 տոկոս: Իսկ ահա միայն նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1 տոկոս գնաճ, ինչը պայմանավորված է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 2.1 տոկոս թանկացմամբ:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի թանկացման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի 7.3 տոկոս եւ բանջարեղենի 18.7 տոկոս գնաճը: Օրինակ` բանջարեղենի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 18.7 տոկոս գնաճ: Միրգը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, թանկացել է 7.3 տոկոսով: Իսկ կաթնամթերքը, պանիրը եւ ձուն թանկացել են 0.4 տոկոսով: Դրան մեծապես նպաստել է ձվի 1 տոկոս գնաճը: Միայն վերջին 4 ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 41.1 տոկոս: Ըստ վիճակագրական կոմիտեի` ձկնամթերքի շուկայում եւս գնաճ է արձանագրվել. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ձուկը թանկացել է 0.1 տոկոսով:

Իսկ ահա ալկոհոլային խմիչքն ու ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 0.3 տոկոսով: Բայց մսամթերքը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հակառակը, էժանացել է 0.2 տոկոսով: Սակայն ըստ մասնագետների` սա ժամանակավոր է, քանի որ առջեւում Ամանորն է: Չէ՞ որ տոնական օրերին ամեն ինչ, այդ թվում եւ մսամթերքը, վաճառվում է բարձր գներով:

Բայց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը սեզոնային կամ նախատոնական թանկացումների տենդենց դեռեւս չի տեսնում: Ըստ տնտեսագետի` փորձը ցույց է տալիս, որ դեկտեմբերի երկրորդ կեսից է սկսում ամանորյա վազվզոցը, երբ գերպահանջարկը բերում է գների աճի:

Նրա խոսքերով` դա պայմանավորված է բնակչության ցածր գնողունակությամբ: «Սա, կարելի է ասել, վերջին տարիների թրենդներից է: Ինչո՞ւ, որովհետեւ աշխատավարձերի, կենսաթոշակների նպաստների բարձրացում չի եղել, եւ չի էլ երեւում, որ առաջիկայում կլինի: Մասնավոր տրանսֆերտների էական աճ մենք չունենք` Ռուսաստանի վիճակով, ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված: Բնակչության գնողունակության, կարելի է ասել, լճացումը գնաճի զսպող գործոն է, գները չեն կարող իրենք իրենց աճել: Վաճառողները` շուկայի առաջարկ անողները, նայում են մարդկանց վճարունակությանը: Այնպես որ, այս պահի դրությամբ շուկան հավասարակշռված է»,- նկատեց տնտեսագետը: Նրա խոսքերով` «գնաճի փոքրիկ դրսեւորումները միանգամայն բնական են»:

Տնտեսագետը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հավկիթի շուկային, արձանագրեց, որ ձուն վաճառվում է 65-70-75 դրամով, որը մեր պայմաններում բարձր գին է համարվում: Բայց տնտեսագետը համոզված է, որ սա դեմպինգային գործողություն է:

«Հիշում եք` նախորդ տարում արտադրողները կազմակերպված իջեցրին գները: Ես որքան հասկանում եմ, դա կազմակերպված, ինչ որ մի տեղ դեմպինգային գործողություն էր. շուկայից դուրս մղել ավելի ոչ մրցունակ եւ քիչ արտադրող ընկերություններին, հետո գները կտրուկ բարձրացնել: Պետք է լրջորեն հետեւել, թե ձու արտադրողները ինչու ձայն ձայնի տված բարձրացրեցին գները»,- նկատեց մասնագետը:
Մեր զրուցակիցը հետընտրական շրջանում եւս գնաճի ախտանշաններ չի տեսնում:

«Մյուս կողմից տեսնում ենք, որ դրամը շարունակում է կայուն փոխարժեքի վարքագիծը դրսեւորել: Հնարավոր է արժեւորման միտումներ տարվա երկրորդ կեսին, բայց արժեզրկման այդպիսի ազդանշաններ կամ ախտանշաններ չկան: Սա եւս խոսում է շուկայի բալանսավորվածության եւ կայունության մասին: Միգուցե նաեւ դրա վրա ազդել է քաղաքական իրավիճակը, ընտրությունները, որն անցել է հանդարտ, առանց ցնցումների, քաշքշուկների, տեսնում ենք նաեւ որ հետընտրական բողոքներ չկան: Թավշյա հետհեղափոխական, հետընտրական շրջան է: Համենայնդեպս, ընտրությունները պոզիտիվ ազդակներ են տվել շուկաներին, եւ գների կայունության պատկերը, կարծում եմ, դրա հետեւանքն է»,- բացատրեց Ատոմ Մարգարյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս