Հայաստանի Հանրապետության մերօրյա ժամանակագրության հերթական նշաձողը՝ իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է:
Այս մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ՝ շնորհավորելով ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին, մասնավորապես «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին՝ ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման գործում ներդրած ջանքերի համար:
«Միաժամանակ իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետամուտ լինել քվեարկության օրը որոշ տեղամասերից ստացված ահազանգերին շուտափույթ արձագանքելու, տեղ գտած ընտրախախտումները բացահայտելու և իրավական ամենախիստ գնահատական տալու ակնկալիքների իրականացմանը՝ այն հաշվով, որպեսզի հետագայում իսպառ բացառվի նման երևույթների կրկնությունը:
Քաղաքական տեսանկյունից ևս Նոր Հայաստանն իրողություն է, քանի որ հանրապետության քաղաքացին ունի իր քվեով ձևավորած բարձրագույն օրենսդիր մարմին, ինչը լեգիտիմ գործադիր ատյանի՝ Կառավարության առաջնակարգ պահանջներից էր: Որպես արդի Հանրապետության ակունքներում կանգնած ուժ՝ մենք վերստին փաստում ենք, որ տերն ենք դեռևս 2013թ. ապրիլի 9-ին Նոր Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն տված մեր ուխտին՝ հավատարիմ մնալու հայոց փխրուն պետականության ամրապնդման հրամայականին և բոլոր ուժերն ու միջոցները ի սպաս դնելու նորանկախ Հայրենիքի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման, ազգին կենսականորեն հուզող խնդիրների լուծման առաքելությանը»,- ասվում է «Ժառանգություն» կուսակցության ուղերձում: