Դեկտեմբերի 9-ի ընտրությունները նորույթներ ունեին: Այլեւս թեկնածուները կամ նրանց մարդիկ միկրոավտոբուսներով եւ ավտոմեքենաներով ընտրողներին ընտրական տեղամասեր չէին տեղափոխում: Դա եւս պատճառ դարձավ քվեարկությանը ընտրողների մասնակցության տոկոսը փոքր լինելուն:
Տավուշի մարզի տեղամասային ընտրական հանձնաժողովների փորձառու նախագահներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ նախկինում` համապետական ընտրությունների ժամանակ, ազգային անվտանգության ծառայությունից, ոստիկանությունից. մարզպետարանից պարբերաբար զանգահարում էին իրենց, հետաքրքրվում, թե ընտրողների քանի տոկոսն է մասնակցել քվեարկությանը, նաեւ պարզում էին, թե այդ տեղամասում ովքեր չեն ներկայացել քվեարկության եւ նրանց ուղղորդում էին ընտրատեղամաս:
Քվեարկության ավարտից հետո մարզպետարանից, ոստիկանությունից, ազգային անվտանգության ծառայությունից եւ նույնիսկ փրկարար ծառայությունից էին զանգահարում տեղամասային ընտրական հանձնաժողովներ, տվյալներ հարցնում ընտրողների մասնակցության, քվեաթերթիկները հաշվելու ընթացքում պարբերաբար տեղեկանում թեկնածուների ստացած քվեների քանակից: Այդ կերպ նրանք խանգարում էին քվեաթերթիկները հաշվելու գործընթացը, այդ գործը ձգձգվում էր մինչեւ ուշ գիշեր: ՏԸՀ նախագահները եւ քարտուղարներն ուրախացել են,որ այլեւս նման բան չկա, քվեաթերթիկներ հաշվելն արագ, առանց ընդմիջումների է ընթացել:
Ոսկան Սարգսյան
Տավուշ