ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը հիմնականում ընթացավ «Իմ քայլը» դաշինքի եւ ՀՀԿ-ի միջեւ հակամարտությամբ: Սակայն ՀՀԿ-ի` խորհրդարան չանցնելուց հետո իշխող դաշինքը կարծես թե մոռացել է տվյալ կուսակցության գոյության մասին: Նկատենք, որ ընտրություններից հետո «Իմ քայլը» քաղաքական թիմի անդամները չեն էլ անդրադառնում այդ կուսակցությանը եւ նրանց էջը համարում են փակված: Այս մասին են վկայում նաեւ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար, ՔՊ անդամ, «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի պատասխանները. նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ նույնիսկ մի բառ խոսել ՀՀԿ-ի մասին: ՈՒ ստացվում է` նախկին իշխանություններն, ըստ էության, համակերպվելու են առաջիկա հինգ տարիներին արտախորհրդարանական ընդդիմություն լինելու մտքի հետ, մանավանդ, որ չեն պատրաստվում բողոքարկել դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Դեռ ընտրություններից առաջ «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը, հիշեցնենք, չհայտնվեց ԱԺ-ում, հայտարարեց, թե նոր ԱԺ-ն կարճ կյանք է ունենալու: Նախընտրական քարոզարշաի ժամանակ «Սասնա ծռերի» հայտարարությունն արժանացավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի սուր արձագանքին: Հիմա նրանք նույնը պնդում են նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո. այդ մասին խոսել է «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակը գլխավորած Վարուժան Ավետիսյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում: «Ժողովուրդ» օրաթերթը այս, ԱԺ-ում ձեւավորված ընդդիմության եւ այլ հարեցերի մասին զրուցել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի հետ:
-Պարո՛ն Ռուբինյան, ի՞նչ կասեք ընտրությունների արդյունքների մասին: Ընդհանուր առմամբ գո՞հ եք:
-Արդյունքները, բնականաբար, սպասելի էին: Շատ գոհ եմ:
-Շատերն են դժգոհում ռեյտինգային ընտրակարգից եւ ասում, որ դա ապաքաղաքականացնում է ընտրությունները: Բողոքում են` պայքարը գաղափարական եւ ծրագրային չէր: Խորհրդարան են գալիս այն մարդիկ, ովքեր ոչ թե կապ ունեն քաղաքականության հետ, հասկանում են դրանից, այլ ուղղակի ծանոթ, բարեկամի, շրջապատին ասում են` ընտրե՛ք մեզ:
-Ձեր կարծիքով ծանոթ բարեկամներով հնարավո՞ր է Հայաստանում մոտ 900.000 ձայն հավաքել: Իհարկե, ոչ: Եվ դա էլ վկայում է այն մասին, որ ընտրությունները միանշանակ քաղաքական էին: Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը ստացել են ձայներ իրենց անցկացրած քարոզարշավի եւ իրենց ծրագրերի արդյունքում: Բնականաբար, տարբեր ռեյտինգային թեկնածուների համար իրենց բարեկամները քվեարկել են, բայց միայն համամասնականի դեպքում էլ թեկնածուների բոլոր ծանոթ, բարեկամները կքվեարկեին: Դա բոլոր երկրներում էլ բնականաբար այդպես է եւ այդպես պետք է լիներ:
-ՀՀԿ-ի մասով ի՞նչ կասեք: Ինչպիսի՞ ընդդիմություն կլինի: Կարծես թե մտադրություն կա փողոցային պայքարի անցնելու:
-Ոչինչ: Ոչ մի բան: Ես որեւէ բան չեմ ասի ՀՀԿ-ի մասով:
-Կարծում եք` խորհրդարանական ընդդիմությունը գաղափարակա՞ն ընդդիմություն է:
-Կարծում եմ` դա կերեւա Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում: Իմ կարծելով չէ: Ժամանակը ցույց կտա:
-«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարում է, որ այս ԱԺ-ն երկար կյանք չի ունենալու, եւ նորից կարիք է լինելու արտահերթ ընտրությունների: Հնարավո՞ր է, որ նման բան լինի:
-«Սասնա ծռեր» կուսակցությունը չի որոշում, թե խորհրդարանը քանի տարի կգործի: Դա որոշում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Եվ մեր ժողովուրդը ընտրությունների օրը արտահայտել է իր դիրքորոշումը: Եթե ժողովուրդը մի օր որոշի, որ պետք է կրկին լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրանք կլինեն: Բայց պետք է ասեմ, որ ես նման նախադրյալներ չեմ տեսնում:
-Այդ դեպքում ինչո՞ւ են «Ծռերը» նման բան հայտարարում:
-Չգիտեմ: Պետք է իրենց հարցնել:
Լուսինե Մինասյան