Ինչ հասցրեց անել խորհրդարանը 1,5 տարվա ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի ապրիլի 2-ից հետո կազմավորված խորհրդարանը փաստացի կարճ կյանք ունեցավ/ 5 տարի գործելու փոխարեն միայն 1.5 տարի աշխատեց: Իսկ ի՞նչ աշխատանք հասցրեց կատարել այս խորհրդարանը 1.5 տարվա ընթացքում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքի տվյալների համաձայն` 2017 թվականի մայիսից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է 729 հարց: Այդ հարցերի գերակշիռ մեծամասնությունը ներկայացված է եղել կառավարության կողմից եւ, պաշտոնական տվյալների համաձայն, այս մեկուկես տարվա ընթացքում ընդունվածներից միայն 59 օրենք է առկա, որ հեղինակվել է ԱԺ պատգամավորների կողմից: Այդ 59-ի մեջ կան նաեւ հարցեր, որոնց մեջ համահեղինակ են կառավարությունն ու պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Ընդունված 729 հարցերից 54-ն անցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովով: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովով անցել է 55 հարցի քննարկում: Այդ օրենքների թվում էր նաեւ «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հարցերի հանձնաժողովի կողմից քննարկվել է 20 նախագիծ:

Ամենաքիչ թվով նախագիծ քննարկվել է Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի կողմից` ընդամենը 7: Այս հանձնաժողովն առհասարակ ուշ-ուշ է նիստեր գումարում կամ հարցեր քննարկում: Այդ 7 հարցերից 3-ը վերաբերել են տարբեր տարիների բյուջեների հաշվետվությանը, մեկն էլ` նաեւ արտաքին հարցերի հանձնաժողովում քննարկված ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Բայց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի գլխավորած այս հանձնաժողովն առաջինն էր, որ ՀՀԿ-ական անպարտաճանաչ պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ սկսեց կիրառել` նիստերին բացակայելու համար աշխատավարձերից պահումների տեսքով: ՈՒ պատժվեցին հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորները:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում քննարկվել է 28 օրենսդրական նախագիծ: Այդ նախագծերի թվին են դասվում բազմիցս քննարկված, նաեւ քննադատված «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական փաթեթները, որոնք վերաբերում են հայտնի «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերին: Ընդունված օրենքներից է նաեւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը, որի ընդունման շնորհիվ չծառայած քաղաքացիները 27 տարին լրանալուց հետո կարող էին տուգանք վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից:

Միայն 285 օրենք քննարկվել է պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում: Առհասարակ, այս հանձնաժողովը միշտ էլ համարվել է ամենաարդյունավետներից մեկը եւ լավագույնս գործել է բոլոր գումարման խորհրդարանում: Իհարկե այս հանձնաժողովի գործունեությունը կարեւոր կլինի նաեւ նոր ձեւավորվող խորհրդարանի պարագայում: Այստեղ ընդունվում են ամենակարեւոր նախագծերը եւ ընթանում են բուռն բանավեճերը: Վերջին ամենացայտուն օրինակն էլ ԱԺ կանոնակարգ-օրենքում աղմկահարույց դրույթի ընդունումն էր, որն էլ պատճառ դարձավ հոկտեմբերի 2-ի աղմկահարույց դեպքերին: Եվ կրկին ապրիլյան դեպքերից հետո հենց այս հանձնաժողովում է քննարկվել նաեւ համաներում հայտարարելու մասին հարցը:

Դեռեւս առկա է 64 նախագիծ, որոնք ընդգրկված չեն եղել 6-րդ գումարման խորհրդարանի օրակարգերում կամ չեն ընդունվել ամբողջությամբ: Այսինքն` այս հարցերը կքննարկվեն հաջորդ խորհրդարանի կողմից: Դրանց թվին են պատկանում 2008 թվականի մարտի 1,2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը, Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը, որոնք չքննարկվեցին քվորում չլինելու պատճառով: Այս նախագծերը հաջորդ խորհրդարանում չեն էլ քննարկվի, քանի որ Արամ Հարությունյանն այլեւս անձեռնմխելի չի լինի, եւ նրան անձեռնմխելիությունից զրկելու խնդիր չի առաջանա: Կա եւս 26 նախագիծ, որոնք հիմնականում երկրորդ ընթերցմամբ կրկին քննարկվելու են հաջորդ խորհրդարանում:
Հետաքրքիր է, որ այս մեկուկես տարվա ընթացքում ԱԺ-ն հասցրեց ընտրել նախագահ, ԲԴԽ անդամներ, դատավորներ: Իսկ ուշագրավ կողմերից մեկը թերեւս այն է, որ այս մեկուկես տարվա ընթացքում խորհրդարանը հասցրել է անցկացնել ՀՀ վարչապետի հինգ ընտրություն, որից երեքը` «անհաջող»:

Սկզբում ԱԺ-ն վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին, սակայն համաժողովրդական շարժման արդյունքում Սարգսյանը ստիպված էր հրաժարական ներկայացնել: Հետո տապալվեց Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, ապա հաջորդ անգամ նա ընտրվեց եւ հետագայում եւս երկու անգամ նա չընտրվեց վարչապետ. երկրորդ անգամն, իհարկե, քաղաքական պայմանավորվածության արդյունքում, որպեսզի ՀՀ սահմանադրության համաձայն` իրավունքի ուժով վաղաժամ դադարեցվեին այս խորհրդարանի լիազորությունները: Բուռն քննարկված նախագծերից կարելի է առանձնացնել նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի քվեարկությունը տապալվեց ՀՀԿ-ականների եւ ՀՅԴ-ականների շնորհիվ: Եվ այս օրերին հաճախ է նշվում` եթե օրենսգիրքն ընդունվեր եւ նվազագույն շեմը իջեցվեր, ապա վերը նշված ուժերը միգուցե լինեին խորհրդարանում:

Մեկ փաստ էլ. այս խորհրդարանի ղեկավարը` Արա Բաբլոյանը, ԱԺ նախագահների մեջ միակն է, որ պաշտոնավարեց ԱԺ լիազորությունների ողջ ընթացքում, պարզապես այդ լիազորությունները կարճ տեւեցին: Մինչդեռ ԱԺ նախկին նախագահներից ոչ մեկը չի հասցրել պաշտոնավարել խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում` սկզբից մինչեւ վերջ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս