Արմեն Գեւորգյանին տանում են կալանքի. որտեղից սկսվեց ամեն ինչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մարտի 1-ի գործի շրջանակներում նոր մեղադրանքներ են առաջադրվել: Ավելին, ՀՔԾ-ն դիմել է դատարան` Գեւորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ: Ու իրադարձություների ընթացքը թույլ է տալիս ենթադրելու, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը կբավարարի նախաքննական մարմնի միջնորդությունը, եւ Արմեն Գեւորգյանը կկալանավորվի:

Որտեղից սկսվեց ամեն ինչ

2018 թվականի օգոստոսի 3-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի օրերին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանին: «Ես Արմեն Գեւորգյանի հետ կապված նորություն ունեի: Առաջին անգամ կհայտնեմ այս մասին այս հաղորդաշարի միջոցով:

Նրան մեղադրանք է առաջադրվել, բայց ոչ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով»,- ասել էր ՀՔԾ պետը: Նրա խոսքով` մեղադրանքն առաջադրվել էր` հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը: «Համաձայն այդ հրապարակման` Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, եւ այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ: Վերջինը դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, ով այդ ժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում: Քանի որ մենք այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ եւս քննություն իրականացրեցինք, եւ վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց:

Պարզվեց, որ Արմեն Գեւորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Երեւի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետեւ ի վերջո Վալերի Պողոսյանը չի մասնացել այդ գործով քվեարկությանը»,- գործի բնույթն էր ներկայացրել Սասուն Խաչատրյանը: Պաշտոնյան նշել էր, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է «ՀՀ Քրեական օրենսգրքի»` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով:

4 ամիս անց` նոր մեղադրանքներ

Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն Արմեն Գեւորգյանին կալնավորելու համար միջնորդություն է ներկայացրել դատարան: Պարզվում է, որ Արմեն Գեւրոգյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել` ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի համաձայն` սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու համար, ինչպես նաեւ ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը` առանձնապես խոշոր չափերով:

«Ժողովուրդ» օրաթերթին Գեւորգյանին առաջադրված մեղադրանքների հետ կապված որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Ինչպես հիշում եք, 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Հատուկ քննչական ծառայության միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով` Կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Վարկած կա, որ գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանը այդ գումարը պետք է փոխանցեր Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին, որն էլ, ենթադրվում էր, թե գումարը պետք է տրամադրեր Ռոբերտ Քոչարյանին: Ուստի չի բացառվում , որ հենց այս քրեական գործի շրջանակներում էլ Արմեն Գեւորգյանին կաշառք վերցնելու համար մեղադրանք են առաջադրել:

Պաշտպանը` նոր մեղադրանքների մասին

Ինչ վերաբերում է Գեւորգյանի կողմից մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեղադրանքին, ապա նախաքննական մարմինը դեռեւս պաշտոնապես մանրամասներ չի հայտնում: Գեւորգյանի փաստաբաններն էլ առանձնապես շռայլ չեն իրենց խոսքերում: Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` ինչպես է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարն օժանադակել սահմանդրական կարգի տապալմանը.

«Օժանդակելը, ըստ քրեական իրավունքի տեսության, կարող է լինել թե՛ ինտելեկտուալ, թե՛ ֆիզիկական, ինչը նշանակում է որոշակի տեղեկություններ տրամադրելը կամ խոչընդոտներ վերացնելը, որն ուղղված կլինի հանցագործության կատարմանը: Այսինքն` անձը անմիջականորեն չի կատարում օբյեկտիվ կողմը հանցագործության, այլ ստեղծում է պայմանները այդ հանցագործության միտումը հասցնելու համար, ինչպես արդեն նշեցի, թե՛ տեղեկություն տրամադրելով, թե՛ հանցագործության գործիքները տրամադրելով» :

Մեր այն հարցին` կոնկրետ մարտի 1-ի գործով նա ինչ տեղեկություն է տրամադրել կամ ինչ խոչընդոտներ է վերացրել հանցագործության կատարման, պաշտպանը նշեց. «նախաքննության գաղտնիությունից ելնելով` նման տեղեկություն չեմ կարող հայտնել, իրավունք չունեմ, քանի որ դա վերաբերում է գործի փաստական հանգամանքներին»:

Մեր այն դիտարկմանը` ինչո՞ւ ընտրություններից հետո Արմեն Գեւորգյանի մեղադրանքների շարքը լրացվեց, Էրիկ Ալեքսանյանն ասաց. «քանի որ վարույթն իրականացնող քննիչը չեմ եւ հետաբար չեմ կարող ասել, թե քննությունը ինչ տեսակի փաստեր եւ տվյալներ է ձեռք բերել, որոնք հիմք են ծառայել նման մեղադրանքներ առաջադրելու համար, զերծ կմնամ բարձր հայտարարություններից. մենք մեր դիրքորոշումը կհայտնենք դատական նիստը կայանալուց եւ վերջնական դատական ակտը լինելուց հետո»:

Դատավորը կաշկանդվա՞ծ է, թե՞ ոչ

Աղմկահարույց գործերը քննող դատավորները հայտնվել են խնդրի առաջ եւ իրենց վախերով կիսվում են նախաքննական մարմնի ղեկավարների հետ: Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթը Արմեն Գեւորգյանի կալանքի հարցը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե նա արդյոք կաշկանդված է եւ, առհասարակ, ում է զանգահարել գործի հետ կապված եւ իր մտավախության մասին հայտնել: Ի պատասխան մեր հարցադրումների` վերջինիս օգնական Տիգրան Դավթյանը փոխանցեց Արման Հովհաննիսյանի պատասխանները:

-Պարո՛ն Հովհաննիսյան, դուք կաշկանդվա՞ծ եք, որ քննելու եք Արմեն Գեւորգյանի խափանման միջոց կալանքի հարցը:

-Որեւէ կաշկանդվածություն չունեմ:

– Արդյոք Ձեզ զանգահարել, ասե՞լ են, թե ինչ պետք է անեք գործով:

-Որեւէ մեկից զանգ չեմ ստացել:

– Իսկ դուք զանգահարե՞լ եք:

– Որեւէ մեկին չեմ զանգահարել:

Ավելին, դատավորի օգնական Տիգրան Դավթյանը փոխանցեց, որ դատավոր Հովհաննիսյանը նաեւ հայտնեց. «Գործի ելքով պայմանավորված որեւէ ազդեցություն չի թույլատրվելու, եւ կարծում է, որ նման փորձ էլ չի լինի, եւ կայացվելու է առնվազն գոնե ինձ համար օբյեկտիվ որոշում»:

Քնար Մանուկյան




Լրահոս