Պաշտոնապես Տավուշի մարզի բնակչությունը 124 հազար է: Սակայն մարզում հաշվառված քաղաքացիներից տասնյակ հազարավորները տարիներ շարունակ բնակվում են Ռուսաստանում կամ այլ երկրներում: Մինչդեռ Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքի ընդհանուր թվով 96 ընտրական տեղամասերի ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմում է 108 հազար 773: Դրանցից քվեարկությանը մասնակցել է 57 հազար 698-ը: Քվեարկությանը մասնակցածների ցածր թիվը պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրակաշառք չեն բաժանել, շատերը շահագրգիռ չեն եղել ընտրություններին մասնակցելու հարցում կամ, ինչպես նախկինում էր, ընտրողներին միկոավտոբուսներով ընտրական տեղամասեր չեն տեղափոխել: Ընտրական ցուցակներում ներառվածներից շատերը վաղուց Հայաստանում չեն բնակվում:
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղից սերված ԱԺ պատգամավորության ռեյտինգային 2 թեկնածու կար, եւ ոսկեպարցիները դեկտեմբերի 9-ին ակտիվորեն մասնակցեցին ընտրություններին: Սակայն Ոսկեպարում ցուցակային 743 ընտրողներից քվեարկությանը մասնակցեց 413 հոգի: Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ իրենց գյուղում հաշվառված մոտ 300 հոգի վաղուց բնակվում են Ռուսաստանում, մեծամասամբ` Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, որը ոսկեպարցիները կատակով Նոր Ոսկեպար են կոչում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ