Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ նիստից հետո կատարված հատուցումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 2017թ.-ից հետո տեղի ունեցած 15 դեպքի հատուցում, որոնցից 10-ը զոհված, իսկ 5-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին:
Հաշվի առնելով փաստը, որ նախորդ նիստի ընթացքում որոշում էր կայացվել հատուցումներ տրամադրել նաև 2015-2016թթ. զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին, ըստ Վարուժան Ավետիքյանի՝ վերջին 4 ամիսներին կատարվել է նշված ժամանակահատվածին վերաբերող 147 դեպքի հատուցում, որոնցից 140-ը զոհված, 7-ը՝ զինհաշմանդամների ընտանիքներին: Որոշում է կայացվել հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստի ընթացքում քննարկել նաև 2015թ.-ից ավելի վաղ, առնվազն ևս երկու տարիներին տեղի ունեցած դեպքերի հատուցման հնարավորությունը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ այս պահի դրությամբ հավաքագրված գումարն արդեն հատել է 12.5 մլրդ., իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 771 մլն. դրամը: Ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել հանրության առջև հաշվետու լինելու և բացառիկ թափանցիկության սկզբունքով:
Տարեվերջյան նիստի ավարտին հոգաբարձուների խորհրդի աշխատանքներում կամավորության սկզբունքով ներգրավված աշխատակիցները հայոց բանակի հանդեպ մեծ նվիրումի համար ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի կողմից խրախուսվել են խորհրդանշական նվերներով: