ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր ձերբակալվել է ևս երկու անձ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մեկ նախկին և մեկ գործող աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր ամիս առերևույթ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալ ձեռք բերվել այն մասին, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցներն ստորագրել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից կազմած կեղծ նպաստառուների անվան դիմաց և ստացած գումարներից վերցնելով իրենց հասանելիքը՝ մնացած մասը փոխանցել են տվյալ գործակալության աշխատակիցներին:
Ձեռք բերված տվյալների հիման վրա 2018 թվականի դեկտեմբերի 13-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Որոշում է կայացվել նշված երկու քրեական գործերի նախաքննությունն իրականացնել մեկ վարույթում:
Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության 47 և 34- ամյա աշխատակիցները՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: