Երեկ Հայաստանում աղմուկ բարձրացրեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունը: Երեկ տարածված հայտարարության մեջ դեսպանատունը զգոնության կոչ էր անում իրենց քաղաքացիներին` Հայաստանում գտնվելու ժամանակ: Նրանք մասնավորապես հայտարարության մեջ նկատում են, որ «տոնական օրերին Հայաստանում ավանդաբար աճում է հանցավորության մակարդակը»։
Եվ հետաքրքիրն այն է, իրականում այդ հայտարարությունը սրբագրվել է: Նախ նշենք, որ հայտարարության մեջ նրանք զգոնության կոչ են անում ոչ միայն գրպանային եւ բնակարանային գողությունների մասին, այլ նաեւ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ մարդկանց մասին, որոնք համակված են Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ։
Օրինակ հայտարարության մի հատվածը բառացի թարգմանվում է այսպես. «Ծայրահեղականների ուշադրության կենտրոնում սովորաբար գտնվում են առևտրի կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները, աղոթելու համար տարածքները, տրանսպորտային հանգույցները, որտեղ լինում են զբոսաշրջիկներ»։
Հայտարարությանն արձագանքել էր Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը՝ նշելով, որ անհասկանալի է, թե «ինչու է ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում հանցագործության մասին մի երկրում, որտեղ հանցավորության մակարդակն ամենացածրերից մեկն է, եւ որը մոլորակի ամենաանվտանգ վայրերից է ճանապարհորդների համար (ըստ ԱՄՆ Պետդեպի տվյալների)»:
Իր հերթին արձագանքել էր նաև ՀՀ Ոստիկանությունը. «Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար եւ գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երեւանը, եւ ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները եւ անում են ամեն ինչ` այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության»,- ասված էր հայտարարության մեջ:
ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին, ով փոխանցեց հետևյալը. «Այս հարցով ՀՀ ոստիկանությունը տվել է համալիր մեկնաբանությունը: Հավելենք միայն, որ մենք մեզ մեր երկրում շատ անվտանգ ենք զգում»:
Եվ ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարությունն իր մեջ այլ հետաքրքիր տարրեր ևս պարունակում է: Ինչպես տեսնում եք, նախնական հայտարարության մեջ մի հատված է առկա, որտեղ նշվում է, թե Հայաստանն ավանդապես ունի հանցագործությունների թվի աճ, որոնց թվին են պատկանում ավազակային հարձակումը, գրպանահատությունը, դրամապանակներ գողանալը: Նշվել է նաև, որ արձակուրդների ժամանակ ծայրահեղականները տներ են ներխուժում:
Իսկ ահա վերջնական հայտարարությունը մի փոքր սրբագրվել է, և շեշտը դրված է այն հանգամանքի վրա, որ արձակուրդի շրջանում, միգուցե, այնտեղ ավելանան նման դեպքերի քանակը: Եվ շեշտը դրվում է արձակուրդային շրջանի վրա միայն:
Նաիրա Հովհաննիսյան