ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի իշխանությունները տարաձայնություններ են ունեցել. ինչու Բակո Սահակյանին գործուղեցին Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւան էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են ՀՀ ու ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, ԼՂՀ եւ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Բակո Սահակյանի՝ Երեւան գալու եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պատճառներն իրականում այլ են: Ինչպես հիշում եք, ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի պաշտոնյաների եւ ՀՀ վարչապետ Փաշինյանի միջեւ մի քանի անգամ խոսքերի «փոխհրաձգություն» եղավ:

Արցախցի պաշտոնյաները կոշտ մեկնաբանություններ էին արել սկզբում Սասուն Միքայելյանի, հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ` առանց դրանց բովանդակությանն ամբողջությամբ ծանոթանալու, այլ բավարարվելով միայն խոսքերի՝ կոնտեքստից կտրված հատվածներով, որ շատ կայքեր որպես վերնագիր էին դրել: Փաշինյանը երկու դեպքում էլ պատասխանեց, ընդ որում՝ երկրորդ անգամ հորդորելով անձամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին:

Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ լարվածությունն անհանգստացրել է Արցախի իշխանության շատ ներկայացուցիչների, եւ Ստեփանակերտում օրեր շարունակ քննարկումներ են ծավալվել` փորձելով իրավիճակը մեղմելու ելքեր գտնել: Ընդ որում` Արցախի իշխանության մեջ էլ կարծիքները միատեսակ չեն եղել. մի մասն ասել է, թե հաշտության առաջին քայլը ՀՀ-ն պետք է անի, բայց շատերը պնդել են, որ Հայաստանն իրենց մեծ եղբայրն է, հակադրվելու իրավունք չունեն, առավել եւս՝ իրենքն են սխալ եղել ինչպես մարդկային, այնպես էլ իրավական տեսանկյունից, հետեւաբար պետք է ներողություն խնդրել ու հաշտվել:

Նաեւ որոշվել է, որ դա կարող է անել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ում էլ գործուղել են Երեւան: Իսկ այս հանդիպմանը հնարավոր է` Արցախում հաջորդի պաշտոնանկությունների շարք:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս