«Եթե կարողացար փոքրիկներին համոզել, որ հրաշքներին հավատան, ուրեմն աշխատանքդ հաջողվել է: Չէ՞ որ նրանք շատ շուտ են զգում կեղծը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ձյունապատ տանիքների հեքիաթը» ներկայացման գլխավոր դերակատարներից մեկը՝ Վարուժան Մանուկյանը:
Ներկայացման պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 25-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Այն բեմադրվել է Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի մոտիվներով: Բեմադրիչը Գոհար Փոքրիկյանն է: Վարուժան Մանուկյանի խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում շատ կարեւոր է, որ երեխաները չկտրվեն կենդանի շփման հնարավորությունից.
«Երեխաներին պետք է տանել հոգեւորի աշխարհ, իսկ վայրկյաններ տեւող տարբեր հնարքներով նրան զարմացնելն այսօր բավական դյուրին է: Ներկայացումից հետո երեխան պետք է «նստվածքով» գնա տուն. դա է կարեւորը»,-շեշտեց նա: Դերասանի համոզմամբ՝ երեխաների համար խաղալը ավելի պատասխանատու գործ է. պետք է կարողանալ ստանալ ե՛ւ գունեղ, գրավիչ, ե՛ւ միաժամանակ ասելիքով բեմադրություն:
Ներկայացման երգերը գրել է Արգինա Հարությունյանը: Սա նրա երկրորդ մանկական թատերական աշխատանքն է: Երգերի տեքստի հեղինակը մանկագիր Երազիկ Գրիգորյանն է. «Նրա հետ վաղուց եմ համագործակցում, իմ տասնյակ մանկական երգերի եւ խմբերգերի տեքստերի հեղինակն է: Պարոնյան թատրոնում մեծ ոգեւորությամբ աշխատեցի:
Նախ որովհետեւ Գոհարի ստեղծագործական միտքը ընկալում եմ շատ արագ, եւ կարծում եմ՝ ստացվում է այն, ինչ մենք պահանջում ենք ինքներս մեզնից ու իրարից: Նաեւ ներկայացման դերասանները վաստակավոր արտիստներ են, հարուստ փորձով, շատ հետաքրքիր ու հայտնի մարդիկ են: Կենդանիների դերում նրանք մեծ բացահայտում եղան ինձ համար: Փորձերին հաճախ դուրս եմ գալիս դահլիճից, որովհետեւ չեմ կարողանում զսպել ծիծաղս: Մի խոսքով՝ լավ մտահղացման ու լավ համագործակցության արդյունք է այս ներկայացումը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա Բաբաջանյան