Հատուկ «օպերացիա» ընդդեմ մակաբույծների. կառավարությունը կոշտ հակադրվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստում «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» փակվելու շուրջ նախագծի քննարկումը բուռն անցավ եւ հանգեցրեց նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից զգուշացման:

Նախ նշենք, որ երեկ քննարկված նախագծով առաջարկվում էր 2019 թվականի մարտի 31-ից դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը: Սրա շուրջ բանավեճ սկսվեց, քանի որ նախագծերին կից ներկայացված էր նաեւ Համաշխարհային բանկի մտահոգությունը, եւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ժամանակ խնդրեց կրկին քննարկելու համար, ինչն էլ զայրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը դարձրել են ծիգիզմի, հիմնադրամիզմի եւ պոակիզմի տրամաբանությամբ, եւ ամեն անգամ, երբ որ բանը գալիս ա հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք ա քննարկենք: Ոչ մի բան չպետք ա քննարկենք, էդ ի՞նչ ա ԾԻԳ-ը, էդ պադավատներ են, էդ ատկատներ են, կոռուպցիա ա, ամենամեծ օջախները էսօր մեր կոռուպցիայի, գնացե՛ք, մտե՛ք ցանկացած ոլորտ, եւ հեսա հերթով կբացահայտվեն դրանք», – նկատեց Փաշինյանը:

Եվ փաստենք, որ իսկապես ԾԻԳ-երի եւ ՊՈԱԿ-ների օպտիմալացումը կամ փակումն առաջին անգամ չէ տեղի ունենում, եւ շատ է խոսվել այն մասին, որ այդպիսի կառույցները մեծ գումարներ են ստանում, օժտված են պետական կառավարման համակարգի նույն լծակներով, սակայն նրանց օգտակար գործողության գործակիցը զրո է: Եվ այս կառավարությունը գնում է նման անիմաստ կառույցները վերացնելու, նաեւ նախարարությունների օպտիմալացման ճանապարհով:

Սակայն կոնկրետ այս հիմնարկի պարագայում հատկապես հետաքրքիր էր Համաշխարհային բանկի նամակն ու դրա վերաբերյալ կառավարության արձագանքը: Մասնավորապես Ջանջուղազյանի կողմից ուղարկված նամակում նշվել է, թե բանկի մտահոգություններն անտեղի են, ոչ հիմնավորված, եւ մանրամասն ներկայացվել է, թե ինչու են այդպես կարծում:

«Այս իրավիճակը հիմնականում հետեւանք է նրա, որ միջազգային դոնոր կազմակերպությունները, այդ թվում ՀԲ-ն, Հայաստանում իրենց ծրագրերը չեն իրականացնում երկրի համակարգերի եւ ընթացակարգերի կիրառմամբ, այլ յուրաքանչյուր ծրագրի համար ձեւավորում են առանձին ինստիտուտներ, կարողություններ, ընթացակարգեր: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, եւ չպետք է լինեն կրկնություններ, այլընտրանքային, զուգահեռ, փոխարինող կամ թաքնված համակարգեր եւ/կամ տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթներ», – ասված է կառավարության պատասխանում:

Այլ կերպ ասած` այստեղ Համաշխարհային բանկը մտահոգվել է, թե ծրագրերը չեն կարող շարունակվել զուտ իրավական առումով, սակայն ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է, որ այդ կենտրոնի աշխատակիցները Ֆինանսների նախարարություն են տեղափոխվելու եւ անելու են նույն աշխատանքն ու լրացուցիչ այլ աշխատանքներ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս