ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաշնակցության հայտնի անուններն ու նրանց հավաքած ձայները. Հրանտ Մարգարյանը կփոխարինվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ երկու տասնամյակ խորհրդարանում ներկայացված ՀՅԴ-ն դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ չհաղթահարեց անցողիկ 5 տոկոսի շեմը: Եւ առաջիկա հինգ տարիներին ՀՅԴ-ն ներկայացված չի լինի նոր խորհրդարանում: Սա, բնականաբար, կուսակցության ներսում քննարկումների թեմա է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՅԴ ներսում ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ այս անգամ ստացած 49 հազար ձայները հիմնականում գոյացել են ՀՅԴ ռեյտինգային երիտասարդ թեկնածուների քվեների շնորհիվ:

Այլ կերպ ասած` եկել է ՀՅԴ-ի ներսում քաղաքական սերնդափոխության ժամանակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ընտրությունների արդյունքներից հետո ՀՅԴ-ում իսկապես սկսել են մտածել սերնդափոխության եւ ղեկավար կազմը փոխելու, նոր էջից արտախորհրդարանական գիծը սկսելու մասին: Սակայն մեր տեղեկություններով` առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, ավելի կոնկրետ` մինչեւ գարուն, նման փոփոխություններ դժվար թե տեղի ունենան:

Վերադասավորումները ծրագրված են հաջորդ տարի նոր միայն: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՅԴ ստացած քվեների համամասնության առումով մի քանի ուշագրավ փաստ արձանագրեց. օրինակ` Արմավիրի մարզում Արծվիկ Մինասյանը նախորդ ընտրություններում ստացել էր 1761 ձայն, այս անգամ` 1499 ձայն:

Մեկ այլ թեկնածու` Արամայիս Մխիթարյանը, 1200-ի փոխարեն ունի 909 ձայն: Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Խաչատրյանը նախորդ տարվա 3458 ձայների փոխարեն ստացել է 2967 քվե: ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ, օրինակ, բարձրացրել է իր քվեների չափը. նախկին 509 ձայնի փոխարեն նա այս տարի Լոռու մարզում ստացել է 868 ձայն: Նախորդ տարվա համեմատ քիչ ձայներ ունեն նաեւ Շիրակի մարզից Ռոմիկ Մանուկյանը՝ 3123-ի փոխարեն 1554:

Թիվ 11 ընտրատարածքում, օրինակ, Կյուրեղյանի պես մի քանի ձայն ավել է ստացել Գագիկ Գեւորգյանը` 1771 ձայնի փոխարեն այս տարի 1798 ձայն: Իսկ ահա նախորդ տարի Տավուշի մարզում 5391 ձայն ունեցող Սուրեն Մանուկյանն այս տարի ստացել է 1374 ձայն:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս