Արարատի մարզպետին կրկին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանի եւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի միջեւ հակամարտությունը թեւակոխել է նոր փուլ:

Տեղեկացնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն աշխատանքից ազատել էր Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանին: Վերջինս էլ դիմել է դատարան եւ պահանջել վերանայել աշխատանքից ազատման վերաբերյալ մարզպետի որոշումը: Սա դեռ ամենը չէ: Պարզվում է` Նունե Ավանեսյանը դարձյալ դիմել է դատարան: Այս անգամ բժշկական կենտրոնի նախկին տնօրենը Արարատի մարզպետից պահանջում է վերացնել «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունը: Նշենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի այս տարվա օգոստոսի 3-ի կարգադրությամբ բժշկական կենտրոնում ներքին աուդիտ է իրականացվել, ինչի արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգման ենթարկվել են բժշկական կենտրոնի 2017 եւ 2018 թվականների ընթացքում իրականացրած ֆինանսական գործառույթները:

Այսպես, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենի կողմից մի շարք անձանց հետ կնքվել են ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր, որոնց կատարման համար ծախսվել է գումար: Բայց պարզվել է, որ աշխատանքները չեն կատարվել: Բացի այս, թվով 4 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, ստացել են աշխատավարձ, բայց այդպես էլ աշխատանքի չեն հաճախել:
Ներքին աուդիտի արդյունքներով ընկերության դրամարկղից արհմիության անդամավճարներից ստացվել է 2.2 մլն դրամ, բայց ծախսերի հիմնավորումները չկան: «Ժողովուրդ» օրաթերթը Արարատի մարզպետարանից տեղեկացավ, որ դրամարկղից կանխիկ վճարումներ են կատարվել ՀՀ-ում գործող բջջային օպերատորներին` առանց համապատասխան պայմանագրերի առկայության, կատարվել է վառելիքի ավելորդ ծախս` 9915 լիտր: Ավելին` բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենը առանց մարզպետի համաձայնության կատարել է անհարկի գնումներ:

Օրինակ, բժշկական կենտրոնի ունեցած շուրջ 69 մլն դրամ պարտքը չի խանգարել Նունե Ավանեսյանին, որպեսզի նա գնի 10 մլն դրամ արժողության ավտոմեքենա: Ըստ մարզպետարանի` բժշկական կենտրոնի բյուջեի հաշվին ձեռք է բերվել բջջային հեռախոս: Բացի այս, մի շարք աշխատակիցների անվամբ դուրս են գրվել պարգեւավճարներ, որոնք այն փաստացի չեն ստացել: Իսկ 800 հազար դրամ գումար էլ փոխանցվել է մեկ ընկերության «Լավագույն հայուհի» միջոցառման շրջանակներում հարցումներ կատարելու համար: Մարզպետարանը ներքին աուդիտով պարզել է նաեւ, որ ԲԿ-ի դրամարկղ չեն մուտքագրվել հիվանդանոցի դիահերձարան տեղափոխված դիակների տեղափոխման եւ հարդարման համար վճարման ենթակա գումարները:

Չեն մուտքագրվել նաեւ ընկերության տարածքում վարաձակալական հիմունքներով դրամադրված տարածքների համար վճարված գումարները: Ի դեպ, նոյեմբերի 23-ին Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս