
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վերնիսաժի կրակոցների գործով մահացած Ռաֆիկ Խաչատրյանի հարազատներից մեկին օրերս հրավիրել են դատարան՝ պարզելու համար, թե արդյոք մեղադրյալի հարազատները ցանկանում են` մահից հետո նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվի՞, թե՞ ոչ: Այս հանգամանքը պարզելուց հետո հստակ կդառնա կոնկրետ նրան վերաբերվող դրվագի մասով գործի հետագա ճակատագիրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երեւանի Հանրապետության փողոցում` «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ Ռաֆիկ Խաչատրյանը կրակոցներ էին արձակել քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով նրա ընկերը սպանվեց: Ռաֆիկ Խաչատրյանը կալանքի տակ էր, իսկ մյուս մեղադրյալներին հայտնաբերել են Վրաստանում ու առ այսօր չեն կարող տեղափոխել Երեւան: