ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ հարուցված քրեական գործը դոփում է տեղում: Բանն այն է, որ նախաքննական մարմինը սպասում է նորընտիր Ազգային ժողովի նիստին, երբ դադարեն այժմ գործող խորհրդարանի լիազորություններն, ու ՀՀԿ խմբակցությունից Արամ Հարությունյանն էլ պատգամավոր չլինի, որից հետո նոր նրան ձերբակալեն: Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին:
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 2-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողով համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն: «Ժողովուրդ» օրաթերթին այս գործով կալանավորված, ինչպես նաեւ հետախուզվող անձի մասին մանրամասներ են հայտնի դարձել:
Մինչ այդ հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու, եւ դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նա չէր տվել այդ պատգամավորի անունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է: Ամիսներ անց մեր տեղեկությունները հաստատվեցին:
Այսպիսով, իրավապահները պարզել են, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը, 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքի երեւակումների ուսումնասիրության եւ շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար Ս. Հ.-ից պահանջել եւ միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ընդ որում, նշված գումարից 6 մլն դոլարը 2008թ. հունվար ամսից մինչեւ նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն բանկից կանխիկացրել եւ միջնորդավորված եղանակով է փոխանցել, իսկ մնացած 8 մլն դոլար կաշառքը Հարությունյանին փոխանցել է բանկային փոխանցման միջոցով` դարձյալ միջնորդավորված եղանակով:
Այնուհետեւ Արամ Հարությունյանը, այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումներ ապահովելու եղանակով նպատակ ունենալով թաքցնել գումարի հանցավոր ծագումը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք /փողերի լվացում/, այսինքն` առերեւույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություններ:
Նշված քրեական գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: Եվս 2 անձ նույն հանցավոր արարքը կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ մանրամասներ են հայտնի դարձել այս քրեական գործից: Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը: Այս գործի շրջանակներում տրվել է նաեւ նրա անունը, քանի որ նա Արամ Հարությունյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Նախաքննական մարմինը արդեն հայտնաբերել է Գագիկ Կարապետյանին:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, թե ինչպես է Գագիկ Կրապետյանը հայտնվել այս պատմության մեջ: Մասնավորապես, գործով ցուցմունք կա այն մասին, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 8 մլն դոլարը փոխանցել է Դուբայի իրեն տված հաշվեհամարին` Արաքս Դիլանյանի հաշվին: Իսկ ահա Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին` Վիկտոր Մարտիրոսյանին, Արմեն Խաչատրյանին, Գագիկ Կարապետյանին: Իսկ 6 մլն-ը տվել է կանխիկ Սուրեն Ավագյանի միջոցով: Եվ ահա այս փաստերի հիման վրա իրավապահները կալանավորել են Արմեն Խաչատրյանին եւ Վիկտոր Մարտիրոսյանին, իսկ Գագիկ Կարապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, սակայն վերջինիս եւս հայտնաբերել են ու ձերբակալել:
Քնար Մանուկյան