Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանը դադարեցրել է կենդանիների սպանդի ամոթալի գործելաոճը: Այս մասին քաղաքապետը նշեց կենդանիների կյանքն ու պայքարն արտացոլող լուսանկարների Հայաստանում առաջին ցուցահանդեսի բացման արարողության բացմանը: Նա ընդգծեց, որ իրենք լուծել կենդանիների եւ մարդկանց անվտանգ մարդկանց շփման խնդիրը:
«Մենք ստանում ենք հարյուրավոր զանգեր մեր քաղաքի բնակիչներից, որոնք բողոքում են անտուն կենդանիների ագրեսիայից եւ պահանջում շուտափույթ լուծում տալ այս խնդրին: Ցավով եւ վրդովմունքով պետք է նշեմ, որ նախկինում մեր քաղաքում մարդկանց անվտանգության, հարմարավետության համար ընտրվել էր կենդանիների ոչնչացման մեթոդ:
Անգամ մի կողմ թողնելով այս ոլորտում ֆինանսական եւ այլ կարգի չարաշահումները՝ մենք այսօր փաստում ենք, որ նախկինում այս պրակտիկան անմարդկային էր, ժամանակավրեպ եւ անարդյունավետ: Եվ ինձ համար պատիվ է փաստելու, որ Երեւանը առաջին անգամ որդեգրում է կենդանիների բարեկեցության ռազմավարությունը՝ ոլորտի որակավորված մասնագետների եւ կազմակերպությունների համագործակցությամբ:
Այս համատեքստում կարեւորում եմ Երեւանի քաղաքապետարանի եւ «Փրո Փոուզ» կազմակերպության միջեւ արդյունավետ համագործակցության հաստատումը: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք պայքարելու ենք հանուն մարդկանց եւ կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ եւ անվտանգ զգան, եւ՛ կենդանիները, եւ՛ մարդիկ»,- ընդգծեց Մարությանը:
Երեւանի քաղաքապետը «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բրիտանական բարեգործական կազմակերպության հետ ստորագրեց համագործակցության հուշագիր։