ԱՄՆ նախագահին նոր փաստի առաջ են կանգնեցնում. հետաքննության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱՄՆ-ում նախագահի նախկին թեկնածու Դոնալդ Թրամփի քարոզարշավում ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննությամբ զբաղվող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը դաշնային դատարանում որոշ մանրամասներ է ներկայացրել քրեական գործի վերաբերյալ: Ըստ նրա` նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական, գեներալ Մայքլ Ֆլինը չպետք է դատապարտվի կալանքի, քանի որ էականորեն օժանդակել է հետաքննությանը: Ըստ տարբեր վերլուծաբանների` դատախազի հայտարարությունն ու Ֆլինի` քրեական պատասխանատվությունից ազատվելը նոր խնդիրներ է առաջադրում նախագահ Թրամփի համար:

Նախօրեին ԱՄՆ դաշնային դատարանում քննության ժամանակ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը ներկայացրել է քննչական մարմնի դիրքորոշումը Ֆլինի ազատազրկման հարցով: Թեպետ դատախազը խուսափել է ի լուր աշխարհի հայտնել, թե ինչպիսի ցուցմունքներ է տվել պաշտոնաթող գեներալը եւ կոնկրետ ինչպիսի աջակցություն է ցուցաբերել քննչական մարմնին, սակայն շեշտել է, որ դրանք էական ազդեցություն են ունեցել հետաքննության շարունակականության համար: Ըստ նրա` Ֆլինն «առարկայական աջակցություն է» ցուցաբերել հետաքննությանը, ինչով պայմանավորված` չպետք է ազատազրկման ենթարկվի ՀԴԲ-ին ստելու ու ռուսական շրջանակների հետ ապօրինի կապերի համար: Պարզվում է, որ Ֆլինը շուրջ 19 հարցաքննության է ենթարկվել, որոնց շրջանակներում նրա հայտնած տեղեկությունները թույլ են տվել իրավապահներին գծելու հետաքննության ճանապարհային քարտեզը, գործում ներգրավել այլ անձանց:

Ըստ հատուկ դատախազի` Ֆլինի ցուցմունքները օգնել են հետաքննությանը պարզելու Թրամփի նախընտրական քարոզարշավի ու ռուսական կառավարության միջեւ կապերն ու գործակցության մանրամասները: Նրա պնդմամբ` այդ համագործակցությունը եղել է երկու կողմի առանցքային անհատների մակարդակով, իսկ դրանց մանրամասները շարունակում են համարվել գաղտնի եւ հրապարակման ենթակա չեն: Պարզվում է, որ Ֆլինը օժանդակություն է ցուցաբերել ոչ միայն քննիչների համար հայտնի դրվագներով, այլեւ այլ հարցերով, որոնք հայտնի կամ պարզ չեն եղել նախկինում: Ստացվում է, որ Ֆլինի ցուցմունքները ոչ միայն իրավապահների համար լույս են սփռել իրականության վրա, այլեւ նրանց ուշադրությունն են հրավիրել այլ մանրամասնությունների ու դեպքերի վրա, որոնք անհայտ էին: Հատուկ դատախազը հայտնել է, որ Ֆլինի ցուցմունքների միջոցով գործում ներգրավվել են նաեւ այնպիսի անձինք, որոնք նախկինում չէին ցանկանում համագործակցել իրավապահների հետ: Մինչդեռ ներկայումս դա հնարավոր է դարձել` ընդլայնելով գործի շրջանակներն ու հարստացնելով ապացուցողական բազան:

Ամերիկյան քաղաքական մեկնաբաններն ու իրավաբանները արդեն իսկ հանդես են եկել հայտարարություններով, ըստ որոնց` Ֆլինի հանդեպ Մյուլլերի զուսպ վերաբերմունքը թերեւս պատճառաբանված է ինչ-որ այլ հարցով: Խնդիրն այն է, որ Ֆլինի ստերը թե՛ ՀԴԲ-ին, թե՛ կառավարության անդամներին, բավականին շատ են եղել, եւ դժվար թե առանց առարկայական տեղեկատվություն կամ ապացույց կորզելու հատուկ դատախազը նման թեթեւությամբ համաձայներ մեղմ վերաբերմունք դրսեւորել պաշտոնաթող գեներալի հանդեպ: Ենթադրվում է, որ վերջինս իր տեղեկություններում առավել քան շռայլ է եղել եւ Մյուլերի հանձնախմբին շատ լուրջ աջակցություն է ցույց տվել: Ենթադրվում է, որ Ֆլինը մի այնպիսի դերակատարի մասին է տեղեկություններ հայտնել, որը, ի համեմատ պաշտոնաթող գեներալի ու նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդականի, կարգավիճակով շատ ավելի ազդեցիկ է ու կարեւոր: Այդպիսի անձինք, պարզվում է, այնքան էլ շատ չեն: Մամուլում շոշափվում է Թրամփի որդու եւ փեսայի անունները: Նման ենթադրության համար հիմք է հանդիսացել հատուկ դատախազի հեղինակած տեղեկանքի վերջին հատվածը, որտեղ շեշտվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց վարքուբարքով մնան բարձրության վրա: Ենթադրություն կա, որ նման նախադասությամբ դատախազը նաեւ փորձում է քաջալերել այն անձանց, ովքեր տեղեկություններ ունեն ու չեն ցանկանում կիսվել դրանցով իրավապահների հետ:

Նախագահ Թրամփն ու նրա իրավաբանական թիմը դեռեւս չի արձագանքել նոր իրողություններին: Սակայն ակնհայտ է, որ դա լուրջ խնդիր կարող է դառնալ Թրամփի համար, քանի որ սեփական մեղսակցությունն ընդունած մարդը խիստ կարեւոր ու, ըստ էության, կապավորի դեր է ունեցել իր քարոզչական թիմի ու ռուսական ինչ-ինչ շրջանակների միջեւ: Ավելին` Թրամփը Ֆլինի հանդեպ չափազանց դրական է տրամադրված եղել, անգամ ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին քանիցս խնդրել է հանգիստ թողնել Ֆլինին: Երբ Քոմին չտրվեց Թրամփի հորդորներին, վերջինս կոպիտ ձեւով պաշտոնանկ արեց նրան, ինչը, սակայն, չփրկեց ո՛չ իրեն, ո՛չ Ֆլինին: Եվ ահա դրանից հետո նշանակված հատուկ դատախազը հասավ նրան, որ Ֆլինը սկսեց համագործակցել հետաքննիչների հետ: Ենթադրելի է, որ հրապարակված տեղեկատվությունը Թրամփի իրավաբանական թիմը կօգտագործի նախկին պնդումներն անելու համար, ըստ որոնց` հատուկ դատախազի վարած հետաքննությունը առարկայական որեւէ հարցի պատասխան չի տվել: Եվ, հանուն արդարության, հարկ է նկատել, որ հրապարակային մակարդակում ավելի քան մեկ տարի շարունակվող հետաքննությունը դեռ հստակություն չի մտցրել հիմնական հարցում` արդյոք Թրամփի քարոզչական շտաբի ու ռուսական շրջանակների միջեւ կապը ապօրինի է եղել եւ ազդել է ընտրությունների ելքի վրա:

Ն. Հովսեփյան




Լրահոս