Նոյեմբերի 22-ին նշանակված էր Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանի Հովք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Ի սկզբանե այդ պաշտոնի 3 թեկնածու կար` Հովքի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանը, դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Սեդա Ասիրյանը, կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մարզային մասնաճյուղի մասնագետ Ռուզաննա Մովսեսյանը: Վերջինս ինքնաբացարկ է տվել:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կայացած մրցույթի արդյունքում Ս. Սիմոնյանը եւ Ս. Ասիրյանը ստացել են հավասար` 4-ական քվե:
Հովքի դպրոցի տնօրենի պաշտոնի համար նախորդ՝ նոյեմբերի 19-ի մրցույթը չէր կայացել: Գործող օրենքի համաձայն` 2 թեկնածուների փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ փոխվարչապետին, որը Հովքի դպրոցի տնօրեն կնշանակի: Հովքի դպրոցի աշակերտների ծնողները հայտնեցին, որ դեկտեմբերի 12-ին գյուղի ծնողների մի խումբ՝ թվով 6 հոգի, ովքեր գյուղի դպրոցում ավելի քան երկու տասնյակ երեխաներ ունեն, 20 ծնողների դիմումով գնացել են Իջեւան` Տավուշի մարզպետարան, մարզպետ Վահե Ղալումյանին հայտնել, որ իրենք նպատակահարմար են տեսնում տնօրենի պաշտոնում տեսնել դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանին: Դեկտեմբերի 12-ին` կեսօրից հետո, մարզպետ Վ. Ղալումյանն այցելել է Հովքի դպրոց, ուր հանդիպել է դպրոցի ուսուցիչների հետ:
Հովքի դպրոցի աշակերտների ծնողները ցանկացել են հանդիպել մարզպետին, ներկայացնել իրենց նկատառումները, հայտնել, որ այդ դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, այդ դպրոցի տնօրենի թեկնածու Սեդա Ասիրյանը մասնակից է դպրոցում տեղի ունեցած բազմաթիվ օրինախախտումներին, սակայն դպրոցի ուսուցիչները նրանց թույլ չեն տվել հանդիպել մարզպետին: Դեկտեմբերի 14-ին Հովք գյուղի ծնողների մի խումբ գնացել է Իջեւան, Տավուշի մարզպետ Վ. Ղալումյանին հայտնել, որ Սեդա Ասիրյանին դպրոցի տնօրեն նշանակելու դեպքում իրենց երեխաներին գյուղի դպրոց չեն ողարկելու:
Ոսկան Սարգսյան
Տավուշ