Կուտակային միջոցների փոխհատուցում կտրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող կուտակային համակարգի մասնակիցը կարող է ներկայացնել 2018թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում կատարված սոցիալական վճարների փոխհատուցման դիմում՝ սոցիալական փաթեթի միջոցների հաշվին:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը սոցիալական փաթեթի շահառու քաղաքացիներին իրավունք է տալիս որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում միանվագ ստանալ սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, որը չի կարող գերազանցել նախորդ տարվա ընթացքում աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը:

Նշված փոխհատուցման համար հատկացվող գումարի մեջ չի ընդգրկվելու առողջապահության համար նախատեսված 52 000 դրամը:
ՀՀ Կառավարության հաստատած կարգով` սահմանված է կուտակային բաղադրիչի մասնակցի կատարած սոցիալական վճարների փոխհատուցում սոցիալական փաթեթի գումարի հաշվին` տարեկան կտրվածքով:

Այսինքն՝ այս ծրագրից օգտվող քաղաքացիները տարվա ընթացքում իրենց աշխատավարձերից կատարելու են սոցիալական վճարներ, իսկ տարվա ավարտից հետո, կախված սոցիալական փաթեթի հաշվի վրա առկա մնացորդի գումարից, ստանալու են փոխհատուցում:

Իր սոցիալական փաթեթի հաշվում առկա համապատասխան չափով դրամական միջոցները կանխիկացնելու համար տարվա ավարտից հետո քաղաքացին պետք է ներկայանա բանկ և ներկայացնի դիմում` նախորդ տարվա ընթացքում իր աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին հարկային մարմնից տեղեկատվություն ստանալու մասին:

Այդ տեղեկատվությունը հարկային մարմնից բանկը ստանում է առցանց եղանակով կատարված հարցման միջոցով: Հարցման պատասխանի հիման վրա, կանխիկ եղանակով քաղաքացուն է վճարվում նախորդ տարվա ընթացքում կուտակված սոցիալական փաթեթի գումարը, սակայն ոչ ավելի, քան տեղեկանքում նշված` հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների չափը:

Իմացիր ավելին՝ զանգահարելով 114 սոցիալական անվճար թեժ գիծ ծառայություն կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

Կենսաթոշակային համակարգի
իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ)




Լրահոս