Նկարիչների միության կադրերը ոնց որ կառավարության նոր կադրերը լինեն՝ ոչ փորձված, ոչ կոմպետենտ, բայց պետք է որ ամեն բան լավ լինի. Հաղթանակ Շահումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լավ է, որ Նկարիչների միության նախագահը փոխվել է: Սուրեն Սաֆարյանի պապն էլ ժամանակին եղել է միության լավագույն ղեկավարներից մեկը, կարելի է ասել՝ վերջին լավ ղեկավարը: Եթե նա իսկապես մտահոգված է միության ճակատագրով, ուրեմն ամեն բան լավ կլինի: Իհարկե, մի փոքր փորձի պակաս կա, միության կադրերը ոնց որ կառավարության նոր կադրերը լինեն՝ ոչ փորձված, ոչ կոմպետենտ, բայց պետք է որ ամեն բան լավ լինի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարի օրակարգում նաեւ միության նախագահի ընտրությունն էր: Այն անցել է բավականին բուռն, անգամ ձայների հաշվումն աղմկոտ է եղել: Ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 193 ձայնով, Հայաստանի նկարիչների միության նախագահ է ընտրվել երիտասարդ նկարիչ Սուրեն Սաֆարյանը: Նրանից բացի՝ մյուս երկու թեկնածուներից Կարեն Աղամյանը ստացել է 82 ձայն, Խաչատուր Աբրահամյանը` 60 ձայն:

Պարոն Շահումյանը հիշեցրեց՝ միությունն այժմ ե՛ւ նյութապես, ե՛ւ բարոյապես քայքայված վիճակում է, եւ ով էլ ղեկավարեր այն, նրա համար բավական բարդ էր լինելու: Հարցին, թե որքանով է կարեւոր կառավարման ընթացքում ավագ սերնդի ներկայացուցիչների փորձը հաշվի առնելը, պարոն Շահումյանը պատասխանեց. «Արվեստը այլ, տարբերվող միջավայր է: Այստեղ հարաբերությունների բարոյական հարթությունը շատ կարեւոր է: Չէ՞ որ շատ դեպքերում հարգում ես լավ նկարչին, ոչ թե լավ ադմինիստրատորին: Մենք սովոր ենք, որ միության նախագահը պետք է անպայման հայտնի նկարիչ լինի, բայց պետք է տարբերակենք՝ ղեկավարի համար որ հատկությունն է կարեւորը: Հուսամ՝ Սուրենը կարդարացնի մեր սպասումները: Վարչությունն էլ մեծ անելիքներ ունի: Բացի այդ՝ միությունը պետք է ստուգվի, տարիներ շարունակ այն թալանվել է: Նոր ղեկավարությունը պետք է իր մեջ ուժ գտնի եւ ի շահ երկրի նպաստի, որպեսզի բացահայտումներ կատարվեն»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս