Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ընդունել լուծարել Դիլիջան խոշորացված համայնքի մաս կազմող Հովք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Սիմոնյանի հետ 2018թ. սեպտեմբերի 4-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Մարզպետը նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հովքի միջնակարգ դպրոցի տնօրեն է նշանակել Սեդա Ասիրյանին:
Այդ որոշման մեջ մարզպետն իր նշանակման հիմք է ընդունել ՀՀ առաջին փոխվարչապետի 2018թ. դեկտեմբերի 3-ի գրությամբ ներկայացված առաջարկությունը: Հովքի միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողները` շուրջ 20 հոգի, համաձայն չեն մարզպետի այդ նշանակմանը: Նրանք հայտնում են, որ Սեդա Ասիրյանը մասնակից է Հովքի դպրոցում նախկինում տեղի ունեցած անօրինականություններին: Ծնողները հայտնել են, որ մտադիր են իրենց երեխաներին` Հովքի դպրոցի շուրջ 30 աշակերտներին, ուսումնառության համար այլ դպրոցներ տեղափոխել:
Ոսկան Սարգսյան
Տավուշ