«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է: Մենք նրա հետ զրուցել ենք նախաամանորյա թեմաների շուրջ, հարցրել ենք, թե ինչպես է սիրում նշել Նոր տարին, ինչ հուշեր ունի տոնի հետ կապված, ինչ ձեռքբերումներ եւ կորուստներ ունեցավ 2018-ին, եւ պարզել ենք, թե ինչ սպասումներ ունի երգիչը 2019-ից:
-Պարո՛ն Ամալյան, ո՞րն է 2018 թվականի Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Եթե շատ անկեղծ պատասխանեմ, ապա սիրային երգերս:
-Ի՞նչ չհասցրեցիք անել, որ կցանկանայիք հաջորդ տարի իրականացնել, ավարտին հասցնել:
-Պարտքերս չհասցրեցի փակել: Երեւի ամբողջ հայ ազգն է այդ վիճակում:
-Ո՞րն է Ամանորը դիմավորելու Ձեր նախընտրելի տեղն ու ձեւը:
– Ի դեպ, ասեմ, որ Ամանորը միակ տոնն է, որ սիրում եմ: Իսկ, առհասարակ, ինձ համար էական չէ՝ որտեղ եմ այն անցկացնում, կարեւորն այն է, թե ում հետ եմ անցկացնում: Նոր տարին ռեստորանում նշել չեմ սիրում, բայց եթե ընկերներս այնտեղ են, ուրեմն սիրածս տեղը ռեստորանն է:
-Տոների հետ կապված ի՞նչը տանել չեք կարողանում:
-Բոլոր տեսակի ձեւականությունները տանել չեմ կարողանում: Իհարկե, սիրում եմ ճոխ սեղան, ինքս ուտող-խմող եմ, բայց ամեն ինչին չափ պետք է լինի:
-Ամանորն ինչի՞ հետ եք ասոցացնում:
-Հեքիաթի: Ինձ միշտ թվացել է, որ տոնածառի մեջ թաքնված մի բան կա, որի մասին ամբողջ կյանքում չեմ իմանա: Քանդված տոնածառ չեմ սիրում, որովհետեւ նայում ես, հեքիաթը կորչում է: Մանուկ հասակից մտածել եմ՝ ինչո՞ւ տոնածառն ամբողջ տարին չեն թողնում՝ մնա: Բայց երեւի որ այդպես լիներ, այն կկորցներ իր իմաստը, հետաքրքրությունն ու խորհուրդը:
-Ձեզ համար ո՞րն էր 2018-ի ամենահիշարժան պահը:
-Այդ չափի անկեղծանալ չեմ կարող, բայց ասեմ, որ սիրային երգերիս ծնունդի հետ է կապված:
-Նոր տարվա հետ կապված Ձեր ամենաքաղցր հիշողությունը ո՞րն է:
– Նախորդ տարի, օրինակ, հարազատ Փանիկ գյուղում եմ նշել Ամանորը՝ թոնրի կողքը: Բարեկամներով հավաքվել էինք, դա ինձ համար ամենալավ տարիներից մեկն էր: Ընդհանրապես, մանկությանս ամենավառ հուշերը հենց այդ գյուղի հետ են կապված: Հիշում եմ, որ հորեղբայրս գալիս էր, մեր տան անդամներին վերցնում էր, եւ մեքենայով գնում էինք գյուղ: Սիրում էի դեպի գյուղ տանող ճանապարհը, մթությունը, դրսի ցուրտն ու ներսի ջերմությունը: Հենց դա էլ ասոցացնում եմ Ամանորի հետ:
-Ձեզ համար ո՞րն էր 2018 թվականի ամենամեծ կորուստը:
-Բարության կորուստը: Մարդիկ չարացան. դա ինձ իսկապես անհանգստացնում է: Քաղաքական հողի վրա շատերը բաժանվեցին ճամբարների: Ինձ համար կապ չունի, թե ով որ կուսակցական թեւին է պաշտպանում, կարեւորը, որ մարդիկ մարդ մնան:
-Այդ ընթացքում ընկերներ կորցրեցի՞ք:
-Ես երբեք ընկերների չեմ կորցրել: Քաղաքական հողի վրա ընկեր կորցնելը տգիտության եւ փոքրոգության նշան է:
-Նոր տարվա ուտելիքներից ո՞րն եք ամենաշատը սիրում:
-Տոլմա, նրբաբլիթ, «Միկադո» տորթ: Բոլոր ուտելիքների հանդեպ էլ դրական եմ տրամադրված:
-Մանուկ հասակում Ձմեռ պապիկին նամակներ գրե՞լ եք:
-Ոչ, չեմ գրել, պատկերացրեք՝ մի քիչ շուտ եմ գլխի ընկել, որ Ձմեռ պապիկ չկա: Բայց երեխաներս նամակներ գրել են, մինչեւ նրանց ուզածը առնում էի, տունս քանդվում էր (ծիծաղում է), մինչեւ հասկացան, որ Ձմեռ պապ չկա, քամվեցի, հետո անցան արդեն Ոսկե ձկնիկին: Հիմա էլ նրան էին նամակներ գրում: Ծախսերս քչացան միայն այն ժամանակ, երբ երեխաներիս համոզեցինք, որ Ոսկե ձկնիկ էլ չկա (ծիծաղում է):
-Այս տարի ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից:
-Խաղաղություն: Ինձ համար ամենամեծ կորուստը զինվորի մահն է սահմանին: Երշիկը թանկ արժե, թե էժան, ինձ չի հետաքրքրում, եւ երբեք չեմ հասկանա այն մարդկանց, որոնք ցույցեր են անում դրա համար: Մենք պետություն կորցնելու խնդիր ունենք, եւ պետք է ամեն ինչ անենք, որ դա չլինի:
Աննա Բաբաջանյան