Վաղուց իմ Ձմեռ պապը ես եմ. Էվա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի նախաամանորյա հարցերին պատասխանել է դերասանուհի Էվա Խաչատրյանը: Նա խոսել է իր նախընտրությունների, 2018-ի ձեռքբերումների, բուռն պահերի, գալիք տարվանից իր սպասումների եւ այլ թեմաների շուրջ:

-Էվա՛, ո՞րն է 2018 թվականի Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-Եղբորս ծնունդը: Նա հորս որդին է, ոչ իմ մայրիկից: Մինչ այդ ես միայնակ էի, քույր-եղբայր չունեի: Այս տարիքում քույր կամ եղբայր ունենալը խորապես գիտակցված հրճվանք է:

-Ի՞նչ չհասցրեցիք անել, որ կցանկանայիք հաջորդ տարի իրականացնել, ավարտին հասցնել:

-Տարին ինձ համար, բնականաբար, բուռն աշխատանքային էր: Հուսով եմ՝ գալիք տարում էլ կլինեն մի շարք նախագծեր, ես էլ ճիշտ պահին կհայտնվեմ ճիշտ տեղում: Էներգիաս անսպառ է… Անցյալ, նախանցյալ տարիներին Ամանորի գիշերն աշխատել եմ. կարծում եմ՝ այս տարի կեսգիշերին չեմ աշխատի:

-Ո՞րն է Ամանորը դիմավորելու Ձեր նախընտրելի տեղն ու ձեւը:

-Չունեմ այդպիսի նախընտրություններ: Սեղան գցելը, դրա վրա ժամանակի եւ էներգիայի մեծ մասը սպառելն ինձ բնորոշ չէ: Իհարկե, ամանորյա սեղան ունենում ենք, բայց ուշադրություն ենք դարձնում տոնի խորհրդին: Սովորաբար Ամանորը նշում եմ նախ տանը մայրիկիս հետ, հետո` ընկերներիս հետ ռեստորանում, կամ գնում եմ Մոսկվա հայրիկիս հետ նշելու: Որոշումը պահի տակ եմ կայացնում, էմոցիաների ազդեցության տակ: Չեմ սիրում նախապես պլանավորել:

-Տոների հետ կապված ի՞նչը տանել չեք կարողանում:

-Հենց այդ լարվածությունը, ավելորդ ծանրաբեռնվածությունը: Քայլում ես եւ տեսնում ես, որ մարդկանց դեմքերը հոգսաշատ են, նրանք մտածում են միայն առեւտրի մասին: Դա էլ մի բան չի: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այս խնդիրը կլուծվի, մարդիկ կհասկանան, որ սննդի առատության մեջ չէ երջանկությունը: Հիմա արդեն շատ եմ հանդիպում ընտանիքների, որոնք նման ավելորդ ջանքեր չեն գործադրում, հանգիստ են անցկացնում Ամանորը, ոչ սթրեսային:

-Ամանորն ինչի՞ հետ եք ասոցացնում:

-Ձյան, բուռն էմոցիաների, ալկոհոլի ազդեցության, լույսերի, տոնածառի, նյույորքյան երաժշտության եւ լիքը այլ բաների հետ: Ինձ համար Ամանորի շունչն ամենավառը արտահայտվում է նյույորքյան ամեն անկյունում: Ինձ ձգում է այնտեղի հանրության մոտեցումը այդ տոնին: Դա իսկապես շատ գեղեցիկ Ամանոր է:

-Ձեզ համար ո՞րն էր 2018-ի ամենահիշարժան պահը:

-Կամերային թատրոնում երեք ներկայացման ծնունդը: Դրանց ծնողներից մեկն էլ ես եմ: Դրանք այս տարվա լավագույն ձեռքբերումներն են: Ի դեպ, շուտով եթերում կլինի նաեւ իմ մասնակցությամբ երկու հեռուստանախագիծ՝ կարճ սերիալ: Նկարահանվել եմ բացառիկ, նմանը չունեցող նախագծում: Դա ինձ համար փորձարարական, նմանը չունեցող մի բան էր:

-Նոր տարվա հետ կապված Ձեր ամենաքաղցր հիշողությունը ո՞րն է:

-Իմ Նոր տարիները միշտ էլ լավ են անցել, երբեք տխուր չեմ անցկացրել տոները: Ի դեպ, հունվարի 1-ին հայրիկիս ծնունդն է, եւ այդ օրն ինձ համար կրկնակի տոն է:

-Ձեզ համար ո՞րն էր 2018 թվականի ամենամեծ կորուստը:

-Բարեբախտաբար, կորուստներ չեն եղել: 2018-ն ինձ համար աշխատանքային, բայց իներտ տարի էր: Իհարկե, եղել են մի շարք դժվարություններ, այսպես ասած, դժվարամարս տարի էր: Գերհոգնած էի, եւ այդ վիճակն անդրադառնում էր իմ գործունեության վրա: Հուսամ՝ 2019-ն էլ կլինի նույնքան բուռն տարի, բայց նաեւ հանգստի հնարավորությամբ:

-Նոր տարվա ուտելիքներից ո՞րն եք ամենաշատը սիրում:

-Շատ եմ սիրում ամանորյա ուտեստներ, մայրիկս դա գիտի եւ հաճախ պատրաստում է: Ամենասիրելին ինձ համար նրբաբլիթն է, որն ինձ համար մայրս նույնիսկ ամռանն է սարքում: Ի դեպ, վերջերս մի փոքր գիրացել եմ, դա զգացվում է թատրոնի հագուստները փորձելիս, այնպես որ, Ամանորին պետք է քիչ եւ կանոնավոր ուտեմ:

-Մանուկ հասակում Ձմեռ պապիկին նամակներ գրե՞լ եք:

-Այո, շատ եմ գրել: Ի դեպ, ես վաղ հասակից գլխի եմ ընկել, որ Ձմեռ պապ չկա, բայց նամակագրությունը վերածել եմ խաղի, հասկացել եմ, որ, միեւնույն է, իմ խնդրանքը տեղ է հասնում: Ծնողներս էլ ինքնաբերաբար մտել են խաղի մեջ:

-Այս տարի ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից:

-Իրականում ոչինչ, քանի որ վաղուց իմ Ձմեռ պապը ես եմ: Ու քանի որ ձմեռն իր հետ մի շարք խնդիրներ է բերում, որոնք դեռ պետք է լուծել, իրենից ոչինչ չեմ խնդրում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս