Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը «Երեք երկիր, որտեղ 2018 թվականին ժողովրդավարությունը փաստացի վերադարձել է» խորագիրը կրող հոդվածում անդրադարձ է կատարել նաև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականն ընդգծում է, որ 2018թ. Հայաստանը դրամատիկ շրջադարձ կատարեց:
«Երբ նախագահ Սերժ Սարգսյանը 10 տարի իշխանության գլխին լինելուց հետո նախաձեռնեց իշխանությունը պահպանելու գործընթաց սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և վարչապետ դառնալու ճանապարհով, ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանը օգտագործեց ժողովրդի զայրույթը, որպեսզի արմատապես փոխի երկրի ուղղությունը: Փաշինյանը քայլերթ իրականացրեց, որին հետևեցին բողոքի զանգվածային ցույցերը, որոնք պարալիզացրել էին երկիրը մինչ այն պահը, երբ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրած խորհրդարանը «փափկեց»: Հայաստանի ժողովրդի իշխանությունը ստիպեց Սարգսյանին հրաժարական ներկայացնել և համոզեց օրենսդիրներին վարչապետ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Սակայն ամեն ինչ դեռ առջևում էր»,- գրում է հոդվածագիրը:
Այնուհետև հոդվածագիրն անդրադառնում է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի արդյունքներով Փաշինյանի ղեկավարած դաշինքը հավաքել է ընտրության մասնակիցների ձայների ավելի քան 70 տոկոսը: «Նախորդ իշխող կուսակցությունը՝ Հանրապետականը նույնիսկ չհաղթահարեց խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ նվազագույն 5 տոկոսի շեմը: Հենվելով վստահության այդ քվեի վրա՝ Փաշինյանը համընդհանուր հակակոռուպցիոն արշավ է սկսել»,- ասված է հոդվածում:
Հոդվածում որպես ժողովրդավարության վերադարձ արձանագրած երկրներ են նշվում Եթովպիան և Պերուն: