Կառավարության կազմի եւ կառուցվածքի մասին փոփոխությունների մասին տեղեկություններն առաջին հերթին անհանգստացրել են այդ գերատեսչությունների միջին ու ստորին օղակի աշխատակիցներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին բոլոր գերատեսչությունների աշխատակիցները գտնվում են սպասողական եւ ճամպրուկային վճակում՝ հասկանալով, որ օպտիմալացումից հետո կարող են զրկվել աշխատանքից:
Եվ խոսքը բավականին մեծ թվով աշխատակիցների մասին է, ովքեր կմնան գործազուրկ: Ի վերջո, կրճատվելու է մեկ փոխվարչապետի հաստիք, իսկ նախարարությունների թիվն էլ 17-ից կարող է դառնալ 11 կամ 12, եւ այս փոփոխությունները չեն կարող չհանգեցնել կրճատումների: Ըստ տարբեր հաշվարկների` այս օրերին քննարկումները շարունակվում են, եւ իշխող ուժի ներկայացուցիչները փորձ են անում հասկանալ՝ որ գերատեսչությունը որին միացնեն, աշխատողներին ինչպես տեղաբաշխեն: Ընդ որում, նրանք այդ ամենը քննարկելուց հաշվի են առնում եւ ուսումնասիրում միջազգային փորձը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փոփոխությունները միայն նախարարությունների մակարդակով չեն լինելու, եւ ուսումնասիրվում են նաեւ կոմիտեների, ԾԻԳ-երի եւ ՊՈԱԿ-ների աշխատանքները, եւ այստեղ եւս փոփոխություններ կարվեն: Մեր տեղեկություններով` այս պահին հաշվարկ չկա, թե այս փոփոխությունների արդյունքում քանի մարդ կմնա առանց աշխատանք, սակայն կառավարության ներկայացուցիչները քննարկում են այլընտրանքի ստեղծման հնարավորությունը: