ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը երեկվանից մեկնարկել է: Նկատենք, որ խորհրդարանական այս ընտրությունները մի քանի կարեւոր առանձնահատկություն ունեն. սա լինելու է թավշյա հեղափոխության ճանապարհին եզրափակիչ քայլը՝ ՀՀ-ում ամբողջական իշխանափոխության գործընթացի ավարտը: Մոտ երկու տասնամյակի ընդմիջումից հետո իշխանությունը ձեւավորել է ՀՀ քաղաքացին` վստահ լինելով, որ այս ընտրություններում ընտրակեղծիքներ տեղի չեն ունենա, իր կամքի վրա չեն բռնանա, քվեն չեն գողանա: Ըստ այդմ` ՀՀ-ում վերականգնվելու է իշխանության լեգիտիմությունը: Միաժամանակ նկատենք, որ ընտրությունների արդյունքներն առավել քան կանխատեսելի են. որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը լինելու է բացարձակ հաղթող, չի կասկածում ոչ ոք, անգամ Փաշինյանի ընդդիմախոսներն են հայտարարում այդ մասին, միայն թե այդ ամենը պատճառաբանում են թավշյա հեղափոխությանը հաջորդած ոգեւորությամբ: Այս համատեքստում «Իմ քայլը» դաշինքից բացի ընտրություններին մասնակից մյուս ուժերը չեն խոսում հաղթանակի, իշխանության գալու մասին, այլ հայտարարում են, թե հենց իրենք են լինելու երկրորդ ուժը: Ասել է թե` 11 քաղաքական ուժերից 10-ն այս ընտրություններում պայքարում է երկրորդ տեղի համար` ի սկզբանե ընդունելով Փաշինյանի ղեկավարած ուժի հաղթանակը, մի հանգամանք, որ նախկինում երբեւէ չէր եղել: Մնում է` այսքանից հետո նոր իշխանությունն արդարացնի հասարակության սպասելիքները, որովհետեւ մեծ առավելությամբ հաղթանակը նաեւ մեծագույն պատասխանատվություն է, մեծագույն բեռ:

 

 

Տեւական ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից` արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարելով շատ ավելի բարձր գին, քան ինքնարժեքն է: Այս իրավիճակում տուժում են նաեւ գյուղացիները, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչները, որոնց մի մասը զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ սեպտեմբերին ՊՆ-ն կարտոֆիլ գնել է 80-86 դրամով, պայմանագիր կնքել է «Բիզնես Թրենդ» ընկերության հետ, որի հիմնադիրն է Նելլի Միքայելյանը: Իսկ ահա «Էրիզ» ընկերության հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ՊՆ-ն կարտոֆիլը ձեռք է բերել 85-101 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարտոֆիլագործները դժգոհեցին, որ միջնորդներն այս տարի իրենցից բերքը ձեռք են բերում ինքնարժեքից ցածր, ոչ ձեռնտու գնով` 50-60 դրամով, մինչդեռ պաշտպանության նախարարությանը այն մատակարարվում է 80-105 դրամով:

 

 

 

Նոյեմբերի 23-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով կեղծ թղթադրամների պատրաստմամբ զբաղվող խմբի բացահայտման մասին: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ գործով ձերբակալված անձանցից մեկը պատմել է, թե բավական մեծ պարտքեր է ունեցել: Ավելին` մեկ տարի առաջ պարտքատերերը առեւանգել են այդ պարտքի պատճառով` պահանջելով վերադարձնել գումարները: Բայց առեւանգված անձին պարտքատերերից փրկել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, որը այժմ իրավապահների կողմից ապօրինի զենք եւ թմրամիջոցներ պահելու մեղադրանքով հետախուզման մեջ է: Ի դեպ, վերոնշյալ անձին ձերբակալելուց հետո իրավապահները ստորագրությամբ ազատ են արձակել: Թե ինչ կապ կարող է ունենալ Նարեկ Սարգսյանն այս խմբի հետ, դժվար է ասել: Բայց լուրջ կասկածներ կան, որ դրամանենգերի թիկունքում հասարակ մարդիկ չեն եղել:

 

 

 

Մինչ ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններին մասնակցում է «Եթե մտահոգ ես, ընտրիր ՀՀԿ-ին» կարգախոսով, արժեր հիշել նրանց իշխանության ժամանակ Հայաստանում հատկապես ժողովրդագրական ոլորտում գրանցված ցուցանիշները: Իսկ այդ ցուցանիշներն այնքան էլ չեն բխում ՀՀԿ շահերից: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից տեղեկացավ, որ վերջին տարիներին կտրուկ նվազել են աշխատանքային ռեսուրսները, փոխարենը ավելացել գործազուրկների թիվը: Եթե 2015թ. աշխատանքային ռեսուրսները կազմել են 1 մլն 316.4 հազար հոգի, ապա 2017թ. դրանք դարձել են 1 մլն 230.7 հազար: Միաժամանակ, նվազել է զբաղվածների թիվը. 2015թ. ՀՀ-ում զբաղվածները եղել են 1 մլն 72.6 հազար, 2017թ. դարձել 1 մլն 11.7 հազար քաղաքացի: Իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2015թ. 73.3 հազարի փոխարեն դարձել են 76.7 հազար: Սրանք ՀՀԿ իշխանության օրոք գրանցված ձախողումների միայն մի մասն են, այնինչ նման անկում կա մի շարք այլ ոլորտներում եւս:

 

 

ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ
ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը հուշում է, որ այս անգամ էլ քաղաքական դաշտը բաժանվելու է սեւերի ու սպիտակների, ճիշտ այնպես, ինչպես եղավ Երեւանի ավագանու ընտրություններում: Միայն թե, այս անգամ սեւ ու սպիտակի բաժանումն արեց ոչ թե «Իմ քայլը» դաշինքը (ինչպես Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ), այլ ՀՀԿ-ն: Նախկին իշխող կուսակցությունը հրապարակեց նախընտրական բուկլետը՝ սեւ ու սպիտակ գունաբաժանումով, այդ ոճով են նրանց նախընտրական պաստառները` այդպես կարծես հիշեցնելով Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ կատարվածը, ընտրություններ, որոնց իրենք չէին մասնակցել: Միաժամանակ նրանք նախընտրական առաջին ասուլիսը (քանի որ փողոցային հանդիպումներ չեն ունենալու, քարոզարշավն անցկացնելու են լրատվամիջոցներով) նվիրեցին ոչ այնքան իրենց ծրագրերի ներկայացմանը, որքան Նիկոլ Փաշինյանի կառավարության հասցեին քննադատություններին, երբ ասվեց, որ դեկտեմբերի 10-ին ընտրությունների արդյունքների հրապարակմամբ վարչապետին հիասթափություն է սպասվում:
Ու պետք է ասել, որ ՀՀԿ-ականները հասան իրենց նպատակին. ստիպեցին վարչապետին նախընտրական ելույթներում հիշել իրենց մասին բավական կոպիտ բառապաշարով, իհարկե: ՀՀԿ-ականների հասցեին Փաշինյանի դաժան քննադատությունները հասարակությունն ընդունում էր առանձնահատուկ ոգեւորությամբ: «Այսօր ՀՀԿ-ն դուրս է եկել մեյդան, տապանաքարի նման պլակատներ են սարքել սեւով: Այս ընտրությունները պետք է արձանագրեն ՀՀԿ-ական թալանչիների քաղաքական մահը եւ նրանց` որպես երկիրը թալանածի, պետք է այս ընտրությունները նետի պատմության աղբանոցը: … Այսօր եկել, կանգնել են, ասում են՝ եթե մտահոգ եք բանակով, քվեարկե՛ք ՀՀԿ-ի օգտին: Այս բանակը 20 տարի թալանած, սերմացու գողացող մկնե՛ր, դուք դեռ բարոյական իրավունք ունե՞ք բանակի մասին խոսել: Դուք, որ մեր զինվորին մայկա-տռուսիկով չեք կարողացել ապահովել… Զինվորի հացը գողացած ոչ մի ստահակ չի խուսափելու պատասխանատվությունից: Նրանց տեղը բանտն է, եւ նրանք հայտնվելու են բանտում»,- ասաց Փաշինյանը:
Եւ ահա երեկ քարոզարշավն ընթացավ ՀՀԿ-ի ու «Իմ քայլի» միջեւ փոխադարձ մեղադրանքներով: Իհարկե, օրվա վերջում ՀՀԿ-ականները հայտարարեցին, թե իրենք են իսկական ընդդիմությունը, քանի որ վարչապետի հայտարարություններն ուղղված էին իրենց: Ամենայն հավանականությամբ, նախկին իշխանությունների ուզածն էլ դա էր` ստիպել Փաշինյանին, որ անընդհատ հնչեցնի իրենց անունը: Միայն թե, ՀՀԿ-ականները հաշվի չեն առել, որ հասարակությունը շարունակում է մերժել իրենց դեռ երկար ժամանակ:




Լրահոս