ԿԱՐՏՈՖԻԼԸ ԷԺԱՆՈՎ ԳՆՈՒՄ ԵՆ, ԹԱՆԿՈՎ ՎԱՃԱՌՈՒՄ ՊՆ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար տարիներ կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչները կանգնած են բերքի իրացման խնդրի առջեւ: Բանն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով միջնորդները կարտոֆիլը ձեռք են բերում ցածր գնով, իսկ ահա ՊՆ-ին վաճառում թանկ:

Վարդենիսի տարածաշրջանի բնակիչները, որոնք կարտոֆիլագործությամբ են զբաղվում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեցին` ասելով, թե միջնորդներն այս տարի իրենցից բերքը ձեռք են բերում ինքնարժեքից ցածր, ոչ ձեռնտու գնով` 50-60 դրամով, մինչդեռ պաշտպանության նախարարությանը այն մատակարարվում է 80-105 դրամով:
«Գալիս են ու ասում, որ բանակի համար կարտոֆիլ է պետք 50-60 դրամով, ժողովուրդն էլ ստիպված համաձայնվում է: Մեզ հայտնի չէ, թե ինչ պայմաններում եւ ինչպես են այդ ընկերությունները տենդեր շահում: Անցած տարի այս խնդիրը կար, եւ կարտոֆիլը մթերում էին 45 դրամով: Անգամ այս խնդրով Նիկոլ Փաշինյանը պատգամավորի կարգավիճակով անցած տարի եկավ մարզ եւ ԱԺ-ում ընդամենը մեկ ելույթից հետո այդ 45 դրամը դարձավ 70 դրամ: Իրենք գալիս էին կարտոֆիլն ընտրում, բարձում առանց որեւէ քաշքշուկի: Իսկ հիմա գալիս, ասում են 50-60 դրամով կարող ենք գնել, իրավիճակ է փոխվել, մենք պետք է նորմալ կարտոֆիլ բերենք: Պարկեր ձեռք բերելու համար մենք ենք ծախս անում, բայց մթերելուց արժեքը իրենց է մնում, մենք ծախսը անում ենք, իրենց են մնում պարկերը, բացի այս, տոննայի մեջ 30 կգ-ի չափով ի օգուտ իրենց են հանում: Սրանց գումարած նաեւ այն, որ բանվորի ծախսերն էլ մենք պետք է հոգանք: Իսկ բանվորին էլ մեկ տոննայի դեպքում 2000 դրամ ենք վճարում»,- ներկայացրեցին Նորակերտի կարտոֆիլագործները: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս գինը նույնպես ինքնարժեքի մեջ չի տեղավորվում: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ սեպտեմբերին ՊՆ-ն կարտոֆիլ գնել է 80-86 դրամով: Պայմանագիր կնքել է «Բիզնես Թրենդ» ընկերության հետ, որի հիմնադիրն է Նելլի Միքայելյանը: Իսկ ահա «Էրիզ» ընկերության հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ՊՆ-ն կարտոֆիլը ձեռք է բերել 85-101 դրամով: Փաստորեն ստացվում է, որ միջնորդները ՊՆ-ին 30-50 դրամ թանկ գնով են վաճառում: ԵՒ ՊՆ-ն էլ, նրանցից կարտոֆիլը թանկ գնելով, վնաս է հասցնում պետությանը:
Մեր զրուցակիցներից կարտոֆիլագործ Իլյիչ Սիմոնյանը հայտնեց նաեւ, որ երբ գյուղացիները տենդեր շահող ընկերությունների ներկայացուցիչներին լրացուցիչ հարցեր են տալիս, լարվածություն է ստեղծվում, այդ ժամանակ նրանք ասում են` «գիտե՞ս` ինչ կա, էլ քո կարտոֆիլը չենք տանի, կարանք տանենք, բայց չենք տանի»: «Ու տենդեր շահած ընկերությունները իրար մեջ պայմանավորվում են ու տեղեկացնում, թե որ գյուղացուց կարտոֆիլ վերցնեն: Բայց ես ի՞նչ եմ ասել նրանց: Միայն Նիկոլի խոսքերը` «դուք պետք է ժողովրդի հաշվին չհարստանաք»:
Կարտոֆիլագործը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիշեց, որ տարիներ առաջ ՊՆ ներկայացուցիչներն են եկել, նայել կարտոֆիլը, գին են առաջարկել, պայմանավորվածություն ձեռք բերել, ապա գնել այն ու գնացել: Իսկ հիմա մրցույթով տենդեր շահած ընկերությունները, այլ կերպ ասած` միջնորդներն են պայմաններ թելադրում:
Բացի այս, եւս մեկ խնդրի շուրջ կարտոֆիլագործը բարձրաձայնեց. «Կարտոֆիլը տանում, հասցնում են զորամասեր, ապա զանգահարում ու ասում են, որ չեն ընդունել այն, միաժամանակ խնդրի առաջ են դնում մեզ` պահանջելով եւս 1-2 տոննա զեղչել, որ ընդունեն: Արհեստական խնդիրներ են ստեղծում: Դա էլ փող աշխատելու իրենց տարբերակն է»:
Նկատենք, որ երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում բարձրաձայնել էր այս խնդրի մասին, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը արձագանքել էր`նշելով հետեւյալը. «Դա միջնորդի եւ գյուղացու շուկայական հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի խնդիր է: Խնդիրը շատ հստակ է, որովհետեւ մատակարարը բավականին ծավալուն աշխատանք է իրականացնում: Նա, գյուղացուց գնելով այդ մթերքները, պահեստավորում է, որովհետեւ բանակը միանգամից չի ընդունում, այլ մատակարարողին հանձնարարում է կոնկրետ զորամասեր մատակարարել տարվա ընթացքում: 84-100 դրամ գնի տատանումն ուղղակիորեն կապ ունի այն զորամասի հեռավորության հետ, որտեղ հասցվում է կարտոֆիլը»: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մատակարարները, որպես կանոն, ոչ թե իրենց պահեստներում են պահեստավորում կարտոֆիլը, այլ գյուղացիների: Բեռնավորման աշխատանքները կոնկրետ Վարդենիսի տարածքում իրականացնում են գյուղացիները:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ դարձյալ դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հետաքրքրվեց` արդյոք ՊՆ-ն տեղյակ է միջնորդների վերը նշված գործողությունների մասին: Բացի այս, ՊՆ-ից խնդրեցինք մեկնաբանել` հնարավոր չէ՞ արդյոք` ՊՆ-ն կարտոֆիլը ձեռք բերի անմիջապես գյուղացուց: Սակայն ՊՆ-ից խնդրեցին հարցերը գրավոր ուղարկել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԽԾԲ-Ի ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները հապճեպ կազմակերպվեցին: Դա վերաբերում է նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը: Այդ հանձնաժողովների անդամներին առաջադրել են իրավունքի ուժով արձակված Ազգային ժողովում ներկայացված 4 քաղաքական ուժերը: Ընդ որում՝ կուսակցությունների ներկայացուցիչները եւ այդ կուսակցությունների ռեյտինգային թեկնածուները` որպես տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ, հաճախ առաջադրել են իրենց խնամիներին, ծանոթներին, բարեկամներին, ընկերներին: Դա արվել է այն բանի համար, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց կատարելիք աշխատանքի դիմաց 55 հազար դրամ վարձատրության համար երախտապարտ լինեն, դեկտեմբերի 9-ի ընտրություններում քվե տան իրենց առաջադրած կուսակցությանը եւ դրա ռեյտինգային թեկնածուին: Երբեմն նույն ընտանիքի տարբեր անդամներ նույն կուսակցության կողմից տարբեր համայնքներում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ են դարձել: Հանձնաժողովի քարտուղարի ռոճիկը 80 հազար, իսկ նախագահինը՝ 100 հազար դրամ է: Նույնն է նաեւ այս անգամ: Նկատենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից շատերը իրազեկ չեն ընտրական օրենսգրքի պահանջներին, այդ պատճառով նրանց համար Նոյեմբերյան եւ Իջեւան քաղաքներում դասընթացներ են կազմակերպվել: Դասընթացավարները հանրամատչելի կերպով տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին բացատրում են ընտրական օրենսգրքի պահանջները, սակայն այդ հանձնաժողովներում ընդգրկվածների մի մասը դասընթացներին չի ներկայանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂԸ ԿԱՐՈՂ Է ԹՈՂՆԵԼ, ՀԵՌԱՆԱԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ գլխավորում է «Իմ քայլը» դաշինքը, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին օրը սկսեց Շիրակի մարզից` Մարալիկ, Արթիկ, Հոռոմ, Ազատան եւ վերջում Գյումրի: Հիշեցնենք` նա Գյումրիից էլ սկսել էր թավշյա հեղափոխության քայլարշավը:

Շիրակի մարզի գյուղական համայնքներում Փաշինյանին դիմավորել են երգ ու պարով, ճոխ սեղաններով: Փաշինյանը խոսեց ոչ միայն իրենց ծրագրերից, այլեւ ելույթներում քաղաքական ուղերձներ հղեց: Արթիկում նա հեռակա պատասխանեց «Սասնա Ծռեր»-ի այն հայտարարությանը, որ 7-րդ գումարման Ազգային ժողովը գործելու է ընդամենը 1,5 տարի: «Էդ դուք իրո՞ք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափերը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվե՛ք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը որեւէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։ «Այդպիսի մի քանի դեպք եղել է, եւ այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով, ով ուզում է լինի»:
Վերջին կանգառն էլ Գյումրին է: Մի քիչ նեղացած, բայց, միեւնույն է, բարձր տրամադրությամբ գյումրեցիները դիմավորել են Նիկոլ Փաշինյանին: «Մեղավոր եմ, ժողովո՛ւրդ ջան, մեղավոր եմ» բացականչություններով Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին ու ասել. «Հեղափոխությունը քանի կա, ես մտքով այս հրապարակում եմ, մտքով ձեզ հետ եմ, առաջին թափը, առաջին հաղթանակը, առաջին սերը դուք եք տվել եւ դարձել այս հեղափոխության անկյունաքարը»:
Հատկանշական է, որ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդին Գյումրիում դիմավորել է նաեւ քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը, սակայն, ո՛չ ՔՊ-ից է, ո՛չ էլ ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը: Դեռեւս անկուսակցական Բալասանյանը, հիշեցնենք, քաղաքապետ դարձավ ՀՀԿ եւ ՀՔԴՄ կուսակցությունների «Բալասանյան» դաշինքով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ Բալասանյանը հատուկ էր եկել ու ցանկություն է հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին ու խոսել իր ճակատագրի մասին, սակայն հանդիպումն ու քննարկումը տեղի չի ունեցել: Իսկ Սամվել Բալասանյանը դեռ վաղուց էր հայտարարել, ասաց մեկ անգամ եւս՝ աջակցելու է «Իմ քայլը» դաշինքին. «Ես Ֆելիքս Ցոլակյանին եմ աջակցելու»,-երեկ հայտարարեց նա: Թե ինչ է լինելու Սամվել Բալասանյանի ճակատագիրը, հատնի չէ: Բայց Գյումրիում շատ են դժգոհությունները. գյումրեցիների սրտով չեն նաեւ երիտասարդ կադրերը: Գյումրիում հեղափոխությունից հետո շատ երիտասարդներ, որոնք պայքարեցին հանուն իշխանափոխության, նեղացած են Նիկոլ Փաշինյանից: Նրանք նաեւ քարոզարշավին ներկա չէին: Գյումրիում էլ շատ է քննադատվում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը: Ինչո՞ւ նրանք, որոնք շատ էին գոռում, շատ պայքարում ու քայլում, անտեսվեցին, իսկ ովքեր քիչ երեւացին, պաշտոնների արժանացան. «Մենք թույլ չենք տա նախկին սխալները: Կուսակցական սկզբունքերով չենք ընտրելու կադրեր: Կուսակցության շատ ներկայացուցիչներ խռովում են, որ մենք իրենց պաշտոններ չենք տալիս: Ով պաշտոնի համար է պայքարում, կարող են թողնել, հեռանալ, այս պայքարը պաշտոնի համար չէ: Օրենսդիրում կլինեն մարդիկ, որոնք ի վիճակի են ծառայել, օր ու գիշեր ծառայելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Աղետից 30 տարի անց Գյումրիում խնդիրները լուծված չեն: Նիկոլ Փաշինյանը գտել է լուծման բանալին, բայց այս պահին շիրակցիների քվեի կարիքն ունի. «Հեղափոխությունից 6 ամիս անց ձեր քվեն ենք ուզում տնտեսական հեղափոխություն կատարելու համար: Աղետի գոտին էլ վերացնելու համար տնտեսական հեղափոխություն է պետք»:
Նիկոլ Փաշինյանի ակնկալիքները Գյումրիից մեծ են: Փաշինյանի համար հրապարակ շտապած քաղաքացիներից շատերն էլ վստահ են` ինչպես հեղափոխության ժամանակ, այնպես էլ հիմա Փաշինյանը դեպի հաղթանակ է գնալու Շիրակի մարզի աջակցությամբ: Նույն կարծիքին է նաեւ Նիկոլ Փաշինյանը. «Էն գործը, որ Գյումրիից սկսվեց, խերովա, ժողովո՛ւրդ ջան, դուխովա: Էն գործը, որ Գյումրիից սկսեց, աջով է գնալու: Ներդրողներին էլ խորհուրդ եմ տալիս անպայման ներդրումներ անել Գյումրիում, որովհետեւ Գյումրիում կատարված ներդրումները խերով են լինելու»:
Փաշինյանը նաեւ «Իմ քայլը» դաշինքի 15 թեկնածուին ներկայացրեց: Նրանց խոսք չհասավ: Հանդիպումը եզրափակեց Սասուն Միքայելյանը. «Այսօր այս համախմբվածությունը թուրքի դողն է դա: Եթե ոտնձգություն լինի սահմանին, համախմբված ժողովուրդը` մեր ու մանուկ, դուրս կգա եւ կպայքարի ու կհասնի մինչեւ Բաքու»:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի




Լրահոս