«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ»` ԱՌԱՆՑ ԵՐԵԽԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների, նախընտրական քարոզարշավի եւ հանրության սպասելիքների մասին զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին ծանո՞թ եք: Համաձա՞յն եք, որ այսօր ծրագրերը, քարոզարշավի բովանդակային մասը մղվել է հետին պլան, եւ առաջնային տեղում պոպուլիզմն է:
-Հայաստանյան նախկին ընտրություններում ուժ, փող ունեցողներն առաջարկում էին ծրագրեր, որոնք կազմվել էին մասնագետների կողմից, բայց անգամ այդ մասնագետները գիտեին, որ տվյալ ծրագիրը պարզապես թղթի կտոր է, որը իրական կյանքի հետ կապ չուներ: Այսօր գոնե ինչ-որ բաներ փոխվել են, ու կարող է պատահել այնպես, որ ներկայացվող ծրագրերն իրագործվեն: Սակայն այսօր Հայաստանը ինտելեկտուալ առումով սարսափելի ծանր վիճակում է: Վերջին 20 տարվա ընթացքում հնդկական ու հայկական տխմար սերիալներն իրենց գործն արել են, դպրոցներում կրթության ցածր որակն իր գործն արել է: Ուստի այս համատարած անգրագիտության ֆոնին խոսել ծրագրերից, նշանակում է փորձել ազդել հանրության փոքրամասնության վրա: Հիմարը կուզենա կորցնել մեծամասնությանը եւ աշխատել, ասենք, 800 հոգու հետ, որոնք ունակ են կարդալ, խոսել ծրագրերի մասին:
-Բայց չէ՞ որ ժողովրդին էմոցիաներով երկար չես պահի, հանրության գիտակից հատվածը ցանկանում է ծանոթանալ հստակ ծրագրերի, ուզում է տեսնել խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմներ: Ի դեպ, նրանց մի մասը կողմնորոշված չէ, եւ բովանդակային առումով հարկավոր են երաշխիքներ` այս կամ այն ուժի հետեւից գնալու համար:
-Ես իմ վաճառած գրքերի քանակով գիտեմ, որ Հայաստանում մոտավորապես 100 հոգու է հետաքրքրում ինտելեկտի գործոնը: Սա է Հայաստանի խղճուկ, սարսափելի վիճակը: Հայաստանի աղետը Ադրբեջանը չէ, այլ անկրթությունը, անմշակույթ լինելը: Երբ հանդես եմ գալիս քննադատություններով, ինձ ասում են, որ չի կարելի միանգամից բուժվել, ասում եմ. «Ո՞նց, այսինքն` դուք գիտեք, որ հիվանդ եք, եւ բուժումը չե՞ք սկսում հենց այսօրվանից»:
-Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լեւոն Շիրինյանն այն համոզման է, որ եթե ազգովի նորից գնալու ենք ռեյտինգով ձայն ճարելու ճանապարհով, Սերժ Սարգսյանի ռեժիմը հետ է գալու: Ո՞րն է հարցի շուրջ Ձեր տեսակետը:
-Այսինքն` մենք ռեյտինգային ինստիտուտը չպահելու հնարավորություն ենք ունեցել ու պահե՞լ ենք, հնարավորություն ենք ունեցել փոփոխություններ անելու, որպեսզի ընտրություններն ուրիշ ընտրակարգով ընթանային ու չե՞նք արել: Դուք առաջարկ ունեիք, մենք չե՞նք ընդունել: Ի՞նչ անել, եթե նախընտրական փուլն արդեն սկսվել է:
-Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինելու: Մամուլում եղավ հրապարակում` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ նրա ընտանիքի հսկայական կարողության հետ կապված, եւ ոչ մի արձագանք այս հրապարակումներին չեղավ: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Այսօր Հայաստանում ցանկացած գործարարի օլիգարխ են ասում. սա խնդիր է: Լինել օլիգարխ նշանակում է ունենալ ֆինանսական եւ քաղաքական այնպիսի կապիտալ, որով հնարավոր կլինի ազդեցություն գոծել խորհրդարանի վրա: Երբ Արթուր Վանեցյանը հարստանում էր, արդյոք ունեցե՞լ է այդ հնարավորությունը: Կարծում եմ` ոչ: Իսկ «գործարար» բառը բաղկացած է «գործ» եւ «արար» վեհագույն բառերից: Երբ օլիգարխին եւ գործարարին շփոթում են, վերջինիս նկատմամբ սարսափելի վերաբերմունք են ձեւավորում: Մարդիկ մտածում են, որ գործարարը գող է, թալանչի, այնինչ, վերջին տարիներին մի շարք օրենքներ, որոնք ընդունվել են, եղել են հակագործարարական եւ բխել են ինչ-ինչ օլիգարխների շահերից: Հայաստանում պետք է լինեն սեփականատերեր, խոշոր սեփականատերեր, եւ եթե սեփականությունը օրինական ճանապարհով է ձեռք բերվել, այն պետք է լինի անձեռնմխելի:
-«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը տեսակետ է հայտնել, որ այս խորհրդարանն ունենալու է 2 տարվա կյանք: Նա կարեւորել է երկու տարվա ընթացքում նոր Սահմանադրության մշակումը, ժողովրդի կամարտահայտությամբ դրա ընդունումը, հետո արդեն այդ Սահմանադրության հենքի վրա նոր ընտրությունների անցկացումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կարծիքը:
-Գալիք ընտրությունը կարեւոր է, բայց էապես ավելի կարեւոր է դրա հաջորդ ընտրությունը: Հաջորդ ընտրությունը ցույց է տալու բոլոր միտումները: Այն տիպի ընտրություն, որը տեղի կունենա դեկտեմբերին, արդեն ունեցել ենք, այսինքն` ամուսնություն արդեն եղել է, բայց հաջորդ ընտրություններում երեխա չի ծնվել: Հիմա մեզ պետք է ընտրություն, որի արդյունքում կծնվի երեխա` հաջորդ լեգիտիմ ընտրությունը: Մենք ունեցել ենք սկիզբը, բայց չենք ունեցել շարունակությունը: Հիմա ամենակարեւորը այդ շարունակականությունն ապահովելն է, հիմնական խնդիրը այդ «բալիկի» ծնունդի ապահովումն է:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ԱՄԱՆՈՐԸ ՉԻ «ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԻ»»

«Կարծում եմ` գալիք խորհրդարանական ընտրություններն ամանորյա տրամադրության վրա չեն ազդի, եւ Ամանորը չի «քաղաքականացվի»»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, հաղոդավար Արամ MP3-ն:

Նրա խոսքով` ամանորյա շունչն ու տրամադրվածությունը բավական դրական լիցքեր են հաղորդում իրեն գալիք տարվա շեմին: Արամը տոնական այդ օրերին մանկանում է, եւ ինչպես երեխաներին, իրեն եւս չեն հետաքրքրում քաղաքական պրոցեսները: Փոխարենը ամենակաեւորը ամանորյա հրաշքին հաղորդակից լինելն է:
«Ձմեռ պապիկից խնդրում եմ առողջություն իմ ընտանիքի անդամների եւ մտերիմների համար: Չէ՞ որ դա իմ ձեռքերում չէ, իմ կողմից կառավարելի չէ: Իսկ այն ամենը, ինչ ինձնից է կախված, ինքս էլ կփորձեմ իրականացնել: Խոսքն այս դեպքում արդեն նպատակների մասին է, ոչ երազանքների»,-շեշտեց Արամը:
Հարցին, թե Ամանորին ընդառաջ տոնական ինչ նախագծում է ընդգրկված, երգիչը պատասխանեց. ««Լավ երեկոյի» շրջանակում տեղ կգտնեն երաժշտական համարներ, որոնց կմասնակցեմ նաեւ ես: Բայց առանձին նոր երգ, տեսահոլովակ կթողարկեմ արդեն գարնանը»:
Քանի որ հեռուստադիտողներից շատերը ընդունեցին եւ համակրեցին Արամին`որպես դերասան, հետաքրքրվեցինք` կա՞ արդյոք նոր կինոնախագիծ, որի շրջանակում հանդես է եկել, հանդիսատեսին սպասվո՞ւմ են արդյոք անակնկալներ. «Ամռանը նկարահանվել եմ կատակերգական մի ֆիլմում: Ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է: Ես մարմնավորել եմ գլխավոր կերպարներից մեկը: Ֆիլմը պատմում է ընկերների մասին, որոնք հայտնվում են անհաջողությունների մեջ, զավեշտալի իրավիճակներում, սակայն կարողանում են դուրս պրծնել այդ ամենից: Այս ֆիլմում կերտածս կերպարն ինձ համար մի փոքր անսովոր էր արտաքին դրսեւորումների առումով, օրինակ` մազերս շատ կարճ էին, ես սափրված էի, առանց մորուքի, բայց հետո սովորեցի այդ ամենին: Սպասենք պրեմիերային»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԱԼԵՔՍԻՍՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ
Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է ներկայացրել։ Ալեքսիսը լուսանկարվել է հայկական գորգի ֆոնին՝ իր կողմից ստեղծված Shakmat կոնյակով լի բաժակը ձեռքին։ «Մտածելով անցյալի մասին, տոնելով կյանքը, կառուցելով ապագան»,- մակագրել է ամերիկահայ գործարարը։
Նշենք, որ օրեր առաջ Ալեքսիս Օհանյանը հայտնել էր, որ Shakhmat անունով կոնյակի արտադրություն է սկսել. «Այսօր աշխարհին ներկայացնում են նոր հայկական կոնյակ՝ Shakmat: Սկզբնական շրջանում արտադրվել է 2400 շիշ, եւ եթե ցանկանում եք ձեռք բերել, մուտք գործեք նույնանուն կայքը»,- գրել էր Ալեքսիս Օհանյանը:

 

 

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Յոթանասունյոթ տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային կինոարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին: Այս մասին տեղեկացնում է repubblica.it կայքը: Հայտնի է, որ Բերտոլուչին արժանացել է «Օսկար» մրցանակի «Վերջին կայսրը» (1987թ.) կենսագրական ֆիլմի համար:
Կաննի, Վենետիկի ու այլ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիրը 1960-ական թվականներին համարվում էր Ժան Լյուկ Գոդարի եւ Պիեռ Պաոլո Պազոլինիի հետեւորդը, հետաքրքրություն է դրսեւորել կոմունիզմի եւ ֆրեյդիզմի նկատմամբ:
Իր ֆիլմերում Բերտոլուչին նրբորեն միաձուլել է սոցիալականն ինտիմ կապերի հետ: Շատ ֆիլմերում դիմել է մարդկային սեքսուալության արգելքի տակ գտնվող թեմաներին` ինցեստ, եռակողմ սեքս եւ համասեռականություն:

 

 

ՄԱՐԿՈՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ամփոփում է ավարտված մրցաշրջանը: Որոշվել է նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստը: Քվեարկությանը մասնակցել են ղազախական ակումբների ղեկավարները, գլխավոր մարզիչները, ինչպես նաեւ թիմերի ավագները: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակը: Առաջին հորիզոնականում նշված ֆուտբոլիստը ստացել է 3 միավոր, 2 միավոր` երկրորդ հորիզոնականի ֆուտբոլիստը, 1 միավոր` երրորդ հորիզոնականի ֆուտբոլիստը:
Քվեարկության արդյունքում Ղազախստանի Պրեմիեր լիգայի նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոսը: Նա դարձել էր նաեւ առաջնության լավագույն ռմբարկու` 18 գոլով:




Լրահոս