ԴԱՏԱԽԱԶԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցավ մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը 2008թ. տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերցնելու բողոքի քննությունը։ Երեկ այս կապակցությամբ դատարանը որեւէ որոշում չկայացրեց, այլ դատական նիստը երեկ ընդմիջվեց եւ կշարունակվի արդեն այսօր: Այս դատաքննությունը բավական ուշագրավ պայմաններում է անցնում. դատարանում որպես մեղադրող կողմ ներկա է գտնվել անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ընդ որում, նա բավական ակտիվ է եղել՝ ներկայացնելով Քոչարյանին կրկին կալանավորելու որոշման օգտին փաստարկներ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավապահ համակարգի հնաբնակները դժվարացան հիշել մի դեպք, երբ գլխավոր դատախազն անձամբ մասնակցի որեւէ մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ դատաքննությանը. անգամ հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալների դեպքում այդպես չի եղել:
Արթուր Դավթյանի ներկայությունը պատահական չէ. ի վերջո, Քոչարյանի գործը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի. գործ ունենք ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու հարցի հետ, ընդ որում՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի շրջանակներում: Եւ հիմա իրավապահ ողջ համակարգը լծվել է գործին, իշխանությունները լրացուցիչ զգոնություն են դրսեւորում, որպեսզի որոշման հիմքերն առավել քան հիմնավորված լինեն, այլապես դա հնարավորություն կտա Քոչարյանի փաստաբաններին ՄԻԵԴ-ում բողոքարկելու` կատարվածը ներկայացնելով որպես քաղաքական հետապնդում:
Մեկ փաստ էլ. այս գործով դատավորը Ռուբեն Մխիթարյանն է: Նա դատավոր է նշանակվել 2013թ. սկզբին` պաշտոնավարելով Արարատի եւ Վայոց ձորի մարզերում, ասել է թե` Քոչարյանի իշխանավարման օրոք չի պաշտոնավարել: Այնպես որ, Մխիթարյանը որպես դատավոր մասնակցություն չի ունեցել 2008թ. մարտի 1-ի քաղբանտարկյալների գործերին: Մինչդեռ նախորդ անգամ վերաքննիչ դատարանում, երբ կալանքից ազատ արձակվեց Քոչարյանը, այդ գործը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանը եղել է քաղբանտարկյալների դեմ անարդարացի դատավճիռներ արձակողներից մեկը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի հարաբերությունները: Պատճառը ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն էապես սահմանափակելու` նախարարության նախաձեռնությունն է: ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկումների ժամանակ տեսակետ է հնչել, որ ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, դրանք կոռուպցիայի աղբյուր են, ուստի պետք է դրանք կրճատել: Պատահական չէ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2017թ. տարեկան զեկույցում եւս արձանագրումներ կան ՊԵԿ-ի արտաբյուջետային միջոցների օգտագործման մասին, ուստի որոշվել է այդ գումարները պարզապես կրճատել: ՊԵԿ-ից չմեկնաբանեցին «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերը, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից այս կապակցությամբ տեղեկացրին. «Երկու գերատեսչությունների միջեւ որեւէ լարվածություն չկա: Բայց աշխատանքային քննարկումներ են, եւ ամբողջ գործընթացը եղել է բաց ու թափանցիկ ե՛ւ բյուջետային քննարկումների ընթացքում, ե՛ւ կառավարության նիստում»:

 

 

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո որպես բողոքի նշան հրաժարական տվեց ՀՀ մշակույթի փոխնախարարի պաշտոնից, կարծում է, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախազգուշացումները «ասֆալտին փռելու մասին» միանգամայն տեղավորվում է հեղափոխության տրամաբանության մեջ: «Սիրո եւ համերաշխության հեղափոխությունը չի ենթադրում «եղունգները կտրած», անփուշ գործելաոճ»»,- ասել է Խոդիկյանը՝ հավելելով,-«Բարոյականության մասին բարձր խոսում են նրանք, ովքեր ոտքից գլուխ դրան դեմ են շարժվել: Ուրեմն «ասֆալտին փռելը» մնում է հեղափոխության տրամաբանության մեջ, բայց բոլոր գործողությունները պետք է կատարվեն արդարության լույսի ներքո: Միաժամանակ նա խոսել է այս ընթացքում մշակույթի ոլորտում հեղափոխության մասին` ընդգծելով. «Մշակույթի ասպարեզում վեց ամսում հեղափոխություն անել չի կարելի եւ չի էլ ստացվի: Հատկապես մեր ոլորտը շատ ցավագին է ընդունում ցանկացած փոփոխություն»:

 

 

Հայաստանում վաճառվում են փշալարեր: Այո՛, այո՛, փշալարեր, այն էլ` ժանգոտված: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վաճառքի է հանել 650 կգ փշալարեր, դրանց մի մասը փայտե տակդիրների եւ տախտակների վրա են եւ գտնվում են Երեւանում, իսկ մեկնարկային գինը կազմում է 159 հազար դրամ: Հատկանշական է, որ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ոստիկանապետ նշանակվեց Վալերիյ Օսիպյանը, նա հայտարարեց, որ փշալարերը պահեստում են, եւ վստահ է, որ դրանք կժանգոտվեն: Հազիվ թե ԴԱՀԿ-ի վաճառքի հանած ժանգոտված փշալարերը Օսիպյանի նշած փշալարերը լինեն: Ի վերջո, ոստիկանության ունեցածն այս ընթացքում չի հասցրել ժանգոտել, եւ հետո նրանք գույքը չեն օտարել: Հուսանք՝ դրանք իսկապես կժանգոտեն ոստիկանության նկուղներում: Իսկ թե ովքեր են գնելու նոր փշալարերը, դժվար է պատկերացնել: Սա դեռ ամենը չէ. ԴԱՀԿ-ն վաճառում է նաեւ մոծակապաշտպան սարքեր, որոնք ՌԴ արտադրության են եւ 1800 հատ են: Վաճառվում են մեկ լոտով, իսկ մեկնարկային գինը կազմում է 354 հազար դրամ:

 

 

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՌԴ
Մինչ Հայաստանում գնալով թեժանում է նախընտրական քարոզարշավը` իր վրա բեւեռելով հայ հասարակության ուշադրությունը, դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստին ընդառաջ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում:
Մասնավորապես, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ հայտարարել է, թե ՀԱՊԿ-ում առաջացող հարցերը պետք է եւ լուծվելու են կոնսենսուսի հիման վրա: Նրա խոսքով` կազմակերպության անդամ բոլոր պետությունները հետաքրքրված են, որ կազմակերպությունը գործի եւ ներդրում ունենա բոլորի անվտանգության հարցում: Միեւնույն ժամանակ ՌԴ դեսպանը վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կլուծվի առանց կազմակերպությանը վնաս հասցնելու։ «Գլխավոր քարտուղարի հարցը քննարկվում է: Ես վստահ եմ, որ այն կլուծվի այնպես, որ մեր կազմակերպությունը այս պատմությունից դուրս կգա ավելի ուժեղ, այդ թվում եւ կանոնակարգի պարզաբանման եւ վերամշակման հարցերում»,- ասել է Կոպիրկինը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին ՌԴ դեսպանի անդրադարձը, այն էլ՝ ՀՀ-ում նախընտրական քարոզարշավի այս օրերին, պատահական չէր: Ընդ որում, ՌԴ դեսպանը խոսել է այդ թեմայից` շեշտելով, որ խնդիրը պետք է լուծվի կոնսենսուսի հիման վրա: Այսպիսով, ռուսական կողմը չեզոքություն է ցուցաբերում` չփորձելով ՀԱՊԿ-ում իր ազդեցությունն ու հեղինակությունն օգտագործել կողմերից որեւէ մեկի վրա: Պատահական չէ, որ օրերս իր ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ՀՀ-ի եւ Բելառուսի տարաձայնություններին եւ դրանց նկատմամբ ՌԴ դիրքորոշմանը, առանց փակագծեր բացելու որակել էր «խիստ կառուցողական»: ՀՀ-ում ՌԴ դեսպանի զուսպ արձագանքը հենց դրա մասին է վկայում:
Միաժամանակ նկատենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոսել է ՌԴ-ի եւ ՀԱՊԿ անդամ երկրների հետ ՀՀ հետագա հարաբերությունների մասին` շեշտելով. «Մենք պետք է մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ բարձրացնենք նոր մակարդակի ե՛ւ ԵՏՄ-ի, ե՛ւ ՀԱՊԿ-ի, նաեւ երկկողմ մակարդակով»:
Ասել է թե` ՀՀ նոր իշխանությունները եւս մեկ անգամ բաց տեքստով ուղերձ են հղում միջազգային գործընկերներին, առաջին հերթին ՌԴ-ին, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի լինելու, այլ ընդհակառակը, ՀՀ-ն խորացնելու է բարիդրացիական հարաբերությունները:




Լրահոս