Այս տարվա օգոստոսի 20-ին Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Արդյունքում, Վճռաբեկ դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահի գործը ուղարկել նոր քննության ՀՀ վերաքննիչ դատարան: Եվ ահա իրավական համակարգը տեսնելով, որ գործը գնալով ավելի է բարդանում եւ դառնում է խիստ մտահոգիչ դատավորների եւ իրավապահների համար` որոշել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անձամբ ներկայանա ՀՀ վերաքննիչ դատարան եւ անձամբ ներկայացնի միջնորդությունը՝ բոլոր հիմնավորումներով հանդերձ:
Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Արդյունքում, ՀՀ գլխավոր դատախազությունը Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու որոշման դեմ վճռաբեկ բողոքը ներկայացրեց: Արդյունքում շուրջ 3 ամիս գործը գտնվեց ՀՀ Վճռաբեկ դատարանում, որից հետո որոշում կայացվեց այն կրկին ուղարկել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վճռաբեկ դատարանում այս որոշումը կայացնելուց դատավորները խորը շունչ են քաշել, ներքին խոսակցություններում խոստովանել են, որ հազիվ կարողացան մի լուծում գտնել եւ ազատվել այդ բարդագույն գործի քննությունից:
Այս համատեքստում իրավական համակարգում ներքին քննարկում է եղել, որ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը դարձել է բարդագույն խնդիր, ուստի իրավիճակից պետք է կարողանալ ճիշտ դուրս գալ: Այդ համատեքստում էլ որոշում է կայացվել, որ ՀՀ վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման միջնորդությունը անձամբ պետք է ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ասել է թե` Արթուր Դավթյանը երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում պարզապես ներկայություն չի ապահովվել, այլ անձամբ է ներկայացրել միջնորդությունը եւ դատարանին բացատրել ողջ հանգամանքները:
Նկատենք, որ նախկինում հազվադեպ են եղել դեպքեր, որ ՀՀ գլխավոր դատախազները որեւէ դատական գործերի քննության ներկա գտնվեն, այն էլ՝ խափանման միջոցի ընտրության հետ կապված: Մասնավորապես, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ներկա եղել է, օրինակ, պետական դավաճանության, լրտեսության գործերով դատական նիստերին, բայց Հայաստանի պատմության մեջ որեւէ դատախազ խափանման միջոցի քննության հարցով դատարանում ներկա չի եղել եւ դեռ ավելին` անձամբ կալանավորման միջնորդություն չի ներկայացրել:
Արթուր Դավթյանի այս քայլը պատահական չէ: Ի վերջո, Քոչարյանի գործը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի. գործ ունենք ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու հարցի հետ, ընդ որում՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի շրջանակներում: Ասել է թե` այս գործի հանդեպ պետք է իշխանությունները լրացուցիչ զգոնություն դրսեւորեն, որոշումներն առավել քան հիմնավորված լինեն, այլապես դա հնարավորություն կտա Քոչարյանի փաստաբաններին ՄԻԵԴ-ում բողոքարկելու կատարվածը:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե արդյոք գործի բարդությո՞ւնն է ստիպել դատախազին, որ նա անձամբ գնա ՀՀ վերաքննիչ դատարան եւ, առհասարակ, ինչո՞ւ ՀՀ վճռաբեկ դատարանում նա անձամբ ներկա չգտնվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու որոշման դեմ վճռաբեկ բողոքին: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց.« Ուզում եմ հիշեցնել, որ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու որոշման դեմ վճռաբեկ բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազը: Եվ միանգամայն օրինաչափ է, որ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը մասնակի բավարարելուց եւ վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանում հենց ՀՀ գլխավոր դատախազն է ներկայացնում միջնորդությունը: Իսկ Վճռաբեկ դատարանի նիստին այն ժամանակ նա չէր կարող մասնակցել, քանի որ նիստը կայացավ ՀՀ գլխավոր դատախազի` աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվելու ընթացքում»:
Ինչեւէ, երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց պաշտպանական կողմի՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու նպատակով: Նկատենք, որ դատավոր Ռուբեն Մխիթարյանը թեեւ երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել արդարադատության ոլորտում, բայց դատական համակարգում համեմատաբար նորեկ է. նա Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ընդամենը դատավորի օգնական է եղել, իսկ դատավոր նշանակվել է 2013թ.՝ պաշտոնավարելով Արարատի եւ Վայոց ձորի մարզերում: Այս համատեքստում նկատենք, որ նա որպես դատավոր մասնակցություն չի ունեցել 2008թ. մարտի 1-ի քաղբանտարկյալների դեմ հարուցված շինծու գործերի քննությանը, նրանց նկատմամբ անարդար դատավճիռներ արձակելուն: Մինչդեռ նախորդ անգամ վերաքննիչ դատարանում, երբ կալանքից ազատ արձակվեց Քոչարյանը, այդ գործը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանը եղել է քաղբանտարկյալների դեմ անարդարացի դատավճիռներ արձակողներից մեկը: Նա եղել էր նախկին քաղբանտարկյալ ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանի գործով դատավորը` նրան անարդարացիորեն դատապարտելով ազատազրկման, եւ հատկանշական է, որ վերջերս հենց Բարեղամյանի գործը վերանայվեց, ու պարզվեցին նախաքննական ու դատական սխալները. սրա հետ կապված նաեւ քրեական գործ կա հարուցված:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՊԱՏԺՎԵՆ
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ հանդիպել է Շիրակի մարզում առաջադրված վարկանիշային թեկնածուների ու նրանց նախընտրական շտաբների ղեկավարների հետ: Ոստիկանապետը հորդորել է, որ նրանք գործեն օրենքի շրջանակներում՝ հավելելով, որ խախտողները կպատժվեն: «Մենք գիտենք, տեսադաշտում ունենք` ովքեր կարող են զբաղվել ընտրակաշառքների բաժանումով: Մենք գիտենք` ովքեր կարող են զբաղվել ընտրակեղծարարությամբ, ովքեր կարող են ստվերել ընտրությունները», – նշել է ոստիկանապետը՝ միեւնույն ժամանակ հույս հայտնելով, որ թեկնածուները եւս կահազանգեն՝ բացահայտելու ու պատժելու ցանկացած չարաշահման դեպք: Օսիպյանը ընդգծել է, որ եթե նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի որեւէ թեկնածու անօրինություն թույլ տա, առաջինը հենց ինքը կպատժվի օրենքի ողջ խստությամբ:
«Ազատության» հարցին, թե արդյոք կբավարարի ոստիկանության ռեսուրսը, որ կարողանան կրիմինալի ու թաղային հեղինակությունների դեմն առնել, ոստիկանապետը պատասխանել է. «Իհարկե, ոստիկանության ռեսուրսը կբավարարի: Կարեւորը` ոստիկանությունը կամք ունի, ցանկություն ունի, նպատակ ունի, եւ մենք չէինք սպասում ընտրության օրը, որ ընտրություն ունենանք, նոր զբաղվեինք այդ թաղային հեղինակություններով: Մենք այս ամիսների ընթացքում զբաղվում ենք եւ ունենք դրա դրական արդյունքը: Իրենք այդ օրը որպես ՀՀ քաղաքացի կարող են մասնակցություն ունենալ, ընտրություններին գալ, իրենց քաղաքացիական պարտքը տալ ու գնալ. ո՛չ ավել, ո՛չ պակաս»:
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է դիտավորությամբ ուրիշի կյանքին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: 2018թ. նոյեմբերի 23-ին «աջ ստորին վերջույթի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, աջից հարողնաշարային շրջանի վերքեր» ախտորոշմամբ բկ է տեղափոխվել մի երիտասարդ` ծնված 1992թ.: Նույն օրը «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» բկ էր տեղափոխվել «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, հեմորագիկ շոկ» ախտորոշմամբ` 1995թ. ծնված երիտասարդ: Պարզվել էր, որ վնասվածքներ ստացած երիտասարդները եղբայրներ են: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քրգործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Պողոսյանի վարած թԸի 2705 մակնիշի 013 ՏԼ 25 համարանիշի եւ Արարատ գյուղի բնակիչ, 25-ամյա Գուրգեն Սարգսյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 07 ՏԼ 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan Pathfinder-ի վարորդը Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի որդին է:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ
Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքի ենթակայության տակ գտնվող Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի վարչական շենքում Գորիսի քաղաքապետ 27-ամյա Առուշ Առուշանյանի հետ վիճաբանած, այնուհետեւ իրար փոխադարձ հայհոյանքներ ու հարվածներ հասցրած անձանց ինքնությունը: Այդ անձինք են Խնձորեսկի բնակիչ, Գորիսի ավագանու անդամ 37-ամյա Լյովա Արզանյանը եւ նույն գյուղի բնակիչ 28-ամյա Աշոտ Ավանյանը: Նշենք, որ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ, որ վիճաբանությանը ներկա են եղել եւս մի քանի հոգի, որոնք, սակայն, բաժանողի դերում են եղել: Նշված անձանց ինքնությունը ճշտվում է: