«ՍԻՐՈ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՓՈՒՇ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը առաջիկա խորհրդարանական ընտրությունների, նախընտրական թոհուբոհի եւ վերջին շրջանում ամենաշատը քննարկված թեմաների շուրջ զրուցել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ:

-Տիկի՛ն Խոդիկյան, վերջերս բավական բուռն կերպով քննարկվեց ՔՊ վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի այն հայտարարությունը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: Հետո պարոն Միքայելյանը վերաձեւակերպեց իր ասածը, բացատրեց, թե ինչ նկատի ուներ: Նիկոլ Փաշինյանն իր հեթին ներողություն խնդրեց թյուրըմբռնումների համար եւ բոլոր «առիթավորվողների» համար շեշտեց, որ պետք չէ «պաշտպանել» բանակը Սասուն Միքայելյանից, մի մարդուց, որն անձամբ է մասնակցել ազատամարտին եւ իր մաշկի վրա կրում է դրա հետեւանքները: Դուք ի՞նչ տպավորություն ունեք բարձրացված այս աղմուկից: Այս ֆոնին ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանն, օրինակ, հայտարարել է, որ այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ «Իշխանություն՝ Արցախի փոխարեն. ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք»,-ասել է նա:
-Ես վստահ եմ, որ եթե, Աստված չանի, զենք բռնելու անհրաժեշտություն լինի, Սասուն Միքայելյանն առաջինը դա կանի եւ կհայտնվի առաջնագծում: Գուցե լեզվի սայթաքում է տեղի ունեցել, թող դա որոշեն հոգեբաններն ու լինգվիստները: Բայց ես գիտեմ, որ հող հանձնել-չհանձնելու խնդիր չկա: Թող այդ հարցը շահարկողները հիշեն 2016-ի Ապրիլյան պատերազմը: Այդքան բան: Իմ սիրելի դասախոս Լեւոն Ներսիսյանը դասախոսություններից մեկի ժամանակ պատմեց, որ մի աստղագետ ասել է, թե 500 տարի հետո երկնքի այսինչ հատվածում աստղ է ծնվելու: Ասաց` կսպասենք ու կտեսնենք: Հիմա նախ ես չեմ հավատում Դավիթ Շահնազարյանին, երկրորդ` ասում եմ` կտեսնենք: Մնացածը թողնում եմ Դավիթ Շահնազարյանի իմացությանն ու խղճին:
-Հետեւու՞մ եք նախընտրական քարոզարշավի ընթացքին: Ի՞նչ տպավորություններ ունեք:
-Մի բան խոստովանեմ. եթե ժամանակ էլ ունենամ, քարոզարշավին չեմ հետեւի, բայց կանեմ ամեն ինչ, որպեսզի լսեմ քաղաքական ուժերի ներկայացուցիչների բանավեճերն ուղիղ եթերում: Այդ պահին նրանք հիմնականում ասում են այն, ինչ ամբարել են, դու տեսնում ես բանախոսների մտքի ճկունությունը: Թող քաղաքական գործիչները դրան ուշադրություն դարձնեն, նորմալ պատրաստվեն բանավեճերին, այլապես էկրանի առջեւ կնստեն ինձ պես մազից մանանեխ ջոկողները, այդ ժամանակ արդեն կխոսենք (ծիծաղում է):
-Ինչպես Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավին, այս քարոզարշավի շրջանակում եւս Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «հաստավիզներին «ասֆալտին փռելու եւ պատերով տալու» զգուշացումներով: Դա ոմանք ընկալում են որպես սպառնալիք եւ համատեղելի չեն համարում սիրո եւ համերաշխության մթնոլորտի հետ: Դուք ի՞նչ կասեք:
-Սիրո եւ համերաշխության հեղափոխությունը չի ենթադրում «եղունգները կտրած», անփուշ գործելաոճ: Եթե այս ամիսներին Նիկոլ Փաշինյանն իր ասած տրամաբանությամբ շարժվեր, հավատացե՛ք, որ այսօր շատերը, որոնք հանդես են գալիս բարձրագոչ հայտարարություններով, կլռեին: Բարոյականության մասին բարձր խոսում են նրանք, ովքեր ոտքից գլուխ դրան դեմ են շարժվել: Ուրեմն «ասֆալտին փռելը» մնում է հեղափոխության տրամաբանության մեջ, բայց բոլոր գործողությունները պետք է կատարվեն արդարության լույսի ներքո:
-Տիկի՛ն Խոդիկյան, վերջին վեց ամսում Հայաստանի վարած մշակութային քաղաքականությունից ի՞նչ տպավորություններ ունեք;
-Մշակույթի ասպարեզում վեց ամսում հեղափոխություն անել չի կարելի եւ չի էլ ստացվի: Հատկապես մեր ոլորտը շատ ցավագին է ընդունում ցանկացած փոփոխություն: Չեմ ուզում փակագծեր բացել, բայց, հավատացե՛ք, տեղյակ եմ ներսի մի շարք խնդիրներից: Հաճախ ներսից հնչող դժգոհությունները «Լավագույն պաշտանությունը հարձակումն է» թեզի արդյունք են: Ինչ վերաբերում է այն ամենին, ինչ արվել է, ապա ասեմ, որ կարեւորում եմ դպրոցականների շրջանում աբոնեմենտային համակարգի ներդրումը: Ինքս, երբ դպրոցական էի, օգտվել եմ նմանատիպ ծրագրից եւ «Կարապի լիճը» օպերային թատրոնում դիտել եմ դրա շնորհիվ: Այն, ինչ շատերս տարիներ շարունակ ցանկացել ենք վերականգնել, հաջողվեց անել մշակույթի, կրթության եւ գիտության նախարարության համատեղ ջանքերով: Դա ինձ շատ է ուրախացնում: Կարծում եմ` առաջիկայում էլի կիրականացվեն արդյունավետ ծրագրեր:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՍ ՏԱԼԻՍ ԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ»

«Ակտիվորեն հետեւում եմ ներքին քաղաքական պրոցեսներին: Բնականաբար, նախապատվությունս տալիս եմ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին: Կարծում եմ` նրա պաշտոնավարման օրոք ամեն բան լավ կլինի, մեծ հույսեր ունեմ նրա հետ կապված»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ Մայքլ Քոթանջյանը:

Նա այն համոզման է, որ նախորդ ընտրությունների տխուր փորձին այս անգամ չենք բախվի, նախկին իշխանությունների օրոք գրանցված ապօրինություններն այս ընտրություններին չեն կրկնվի. «Շատ բան է փոխվել Հայաստանում: Եթե նախկինում բացահայտ կերպով ընտրակաշառք էին բաժանում, անգամ ժողովուրդը հարմարվել էր դրան, ասում էր ` տալիս են, վերցնում ենք, այսօր դա համարվում է ամոթալի երեւույթ: Ես ուրախ եմ այս փոփոխությունների համար»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Մենք հարցրինք` Մայքլը տեսնո՞ւմ է արդյոք իր երեխաների ապագան Հայաստանում. «Անկասկած, երկու բալիկս էլ ծնվել են Հայաստանում, բայց շատ եմ նկատել, որ նույնիսկ բավական ապահոված ընտանիքներ ձգտում են, որպեսզի իրենց երեխաները լույս աշխարհ գան արտերկրում, մասնավորապես` Միացյալ Նահանգներում: Այդպիսով նրանք լուծում են երեխայի քաղաքացիության հարցը, խուսափում են ինչ-ինչ պարտավորություններից, բայց դա շատ տհաճ բան է: Եթե անապահով ընտանիքներն են դա անում, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց ապահով ընտանիքների պարագայում այս երեւույթն ինձ համար անհասկանալի է»,-պատասխանեց երգիչը:
Նա շեշտեց, որ իր հայրը` ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն այլ կերպ է իրեն դաստիարակել: Ինքը, ունենալով արտերկրում ապրելու եւ աշխատելու հնարավորություն, չի օգտվել դրանից, նույնը հորդորել է անել որդուն. «Իհարկե, որոշ ժամանակով արտերկիր մեկնելը, այնտեղ աշխատելն ու վերադառնալն ուրիշ բան է, նորմալ է: Ճիշտ է` հաճախ ծանր է, բայց պետք է մնալ հայրենիքում: Այնպես չէ, որ ամեն բան հարթ է, բայց հիմա զրոյից երկիր է կառուցվում, եւ մենք պետք է այդ գործընթացի մասնակիցը լինենք, պետք է մեր լուման ներդնենք»,-մանրամասնեց Մայքլը:
Մենք հետաքրքրվեցինք` ինչ է երգիչն այս տարի խնդրում Ձմեռ պապիկից. «Իսկապես, շատ բան ունեմ խնդրելու, բայց նախաամանորյա խնդրանքս կապված է ներքին քաղաքական կյանքի հետ. ուզում եմ առանց բախումների, ժողովրդավար ընտրություններ անցկացվեն մեր երկրում: Ժողովուրդը հոգնել է, ուզում է նորմալ, կայուն կյանքով ապրել: Մի խնդրանք էլ ունեմ Ձմեռ պապիկին. ուզում եմ 2019-ին սահմանին լարվածություն չլինի, զոհեր չունենանք, խաղաղություն եւ ժպիտներ եմ մաղթում բոլորիս»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԽՈՐՀՈՒՐԴ ՄԱՐԶՉԻՑ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ իր ֆուտբոլիստները չպետք է ճնշում զգան սեփական հարկի տակ խաղալիս: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Յանգ Բոյզի» հետ հանդիպումից առաջ Մոուրինյուն հայտարարել է` ովքեր ճնշում են զգում, թող մնան տանը. «Եթե դուք ճնշում եք զգում սեփական մարզադաշտում խաղալիս, խորհուրդ եմ տալիս մնալ տանը: Նստեք ձեր տանը եւ հեռուստացույցով ֆուտբոլ դիտեք: Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ճնշում զգալ, երբ խաղում ես սեփական երկրպագուներիդ առաջ, ովքեր աջակցում են քեզ: Ես երբեք խնդիրներ չեմ ունենում տնային հանդիպումների ժամանակ:
Շատերը կարծում են, թե ես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին կոչ եմ անում զգուշավոր խաղալ, սակայն դա այդպես չէ: Ես ցանկանում եմ, որ մենք միշտ ագրեսիվ սկսենք հանդիպումները: Ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստները հենց մեկնարկից գեղեցիկ եւ արդյունավետ խաղ ցուցադրեն, ոչ թե գոլ բաց թողնեն եւ փորձեն փրկվել»,-ասել է Մոուրինյուն:

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ ԽՆԴԻՐ
«Լիվերպուլ»-ը կարող է կադրային խնդրի առաջ կանգնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` ՊՍԺ-ի հետ կայանալիք առաջիկա խաղում: Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր` նոյեմբերի 28-ին: Կարմիրների հարձակվող Սադիո Մանեն հիվանդացել է եւ կարող է չընդգրկվել թիմի հայտացուցակում: Մերսիսայդցիները մարզում են անցկացրել սեփական բազայում, ինչից հետո մեկնել են Փարիզ:
Հիշեցնենք, որ «ՊՍԺ-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր` նոյեմբերի 28-ին, Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 00:00-ին:

 

 

ԾՐԱԳՐԵՐԻՑ
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պատմել է ծրագրերի մասին: «Գլխավոր նպատակս է շարունակել աճել եւ չբավարարվել այն ամենով, ինչի հասել եմ: Ցանկանում եմ առաջադիմել ամեն օր, հաղթահարել ավելի մեծ դժվարություններ ու նվաճել ավելի շատ տիտղոսներ: Ինձ համարում եմ մրցունակ: Ինձ միշտ դուր է գալիս հաղթել, ընդհանրապես չեմ սիրում պարտվել: Ինձ տեսնում եմ փլեյմեյքերի դերում, որը շատ է աշխատում գնդակով եւ ռմբարկու չէ»,-ասել է Մեսին:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա Մեսին մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս