ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը երեկ անդրադարձել է քաղաքական ենթատեքստ ունեցող աղմկահարույց քրեական գործերից մեկին: Խոսքը «Զիբիլիքսի» մասին է, որը վերաբերում է 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի կողմից ընտրակաշառք բաժանելուն: Սասուն Խաչատրյանի խոսքով՝ նախաքննական մարմինը կարողացել է բացահայտել, թե ինչ մեխանիզմով է Երեւանի ավագանու 2017 թվականի ընտրությունների ժամանակ ապահովվել ՀՀԿ-ական արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաղթանակը: «Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը եւ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենը իրենց կողմից ձեւավորված ենթաշտաբների ղեկավարների միջոցով 2017 թվականի մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը որպես ընտրակաշառք՝ յուրաքանչյուրին 10 հազարական դրամ, բաժանել են տարածքի ընտրողներին»,- ասել է Խաչատրյանը: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ՀՀԿ-ական մեղադրյալներն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, գործն էլ ուղարկվել է դատարան: ՀՔԾ պետի խոսքով՝ «Զիբիլիքսի» գործով արձանագրված արդյունքն աննախադեպ էր Հայաստանի նորագույն պատմության մեջ, քանի որ առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվել է ընտրակեղծարարության ամբողջ շղթան:
Թավշյա հեղափոխությունից հետո այս քրեական գործի ընթացքը միանգամայն սպասելի էր: Սակայն այս քրեական գործը շարունակություն է պահանջում. պարզ է, որ ընտրակաշառք միայն ՀՀԿ Արաբկիրի շտաբում չէ, որ բաժանվել է: Հնարավոր է՝ նման դեպքեր տեղի են ունեցել նաեւ Երեւանի մյուս համայնքներում: ՈՒ բացի այդ, ՀՀԿ ենթաշտաբում որեւէ մեկը հազիվ թե ինքնագլուխ դիմեր այդ քայլին առանց ստանալու եթե ոչ ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանի, ապա առնվազն ՀՀԿ ցուցակը գլխավորած Տարոն Մարգարյանի հավանությունը: Այնպես որ, նախաքննական մարմինն այս ուղղությամբ եւս լուրջ անելիք ունի:
Մեղադրյալի կարգավիճակում հայտնվել է ոչ միայն Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ Վաչոն, այլեւ նրա եղբորորդին՝ Աշոտ Ղազարյանը: Պարզապես Աշոտ Ղազարյանը մեղադրվում է ոչ թե փողերի լվացման ու ապօրինի հարստացման համար, ինչպես հորեղբայրը, այլ միանգամայն այլ բանի՝ խարդախության համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են՝ քաղաքացի Գարիկ Աղաբեկյանը, ունենալով բարձրագույն բժշկական կրթություն, մտադրություն է ունեցել ստանձնել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ ղեկավարի պաշտոնը: Ընկերոջ միջոցով այդ հարցով նա դիմել է Վաչագան Ղազարյանի եղբորորդուն՝ Աշոտ Ղազարյանին, ընկերոջ միջոցով փոխանցել է 100 հազար դոլարի կաշառք, սակայն Աղաբեկյանն այդպես էլ չի նշանակվել. նրան խաբել են: Այս պատմության մեջ ուշագրավ է, որ մեղադրյալի աթոռին հայտնվել է ոչ միայն Ղազարյանը, այլեւ կաշառք տվողը հենց այդ արարքի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել: Հիմնականում խոսքն այն իրավախախտումների մասին է, որոնց տուգանքը 30 հազար դրամը չի գերազանցում: Միաժամանակ, նախատեսվում է մի շարք իրավախախտումներ քրեականացնել, եթե մեքենան վարում են հարբած կամ թմրանյութ օգտագործած վիճակում: Ի դեպ, այս նախագծի հետ մեկտեղ ներկայացվել է նաեւ ճանապարհատրանսպորտային միջադեպերի մասին վիճակագրական տվյալներ: Այդ առումով իրավիճակն առավել քան սարսափելի է: 2006-2011 թվականների ընթացքում ՃՏՊ-ների տարեկան թվաբանական միջինը կազմել է 2002 պատահար: Իսկ 2012-2017 թվականների ընթացքում` տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո, նշված թիվը կազմել է 3120 պատահար: Այսինքն` մոտ 55 տոկոսով ավելացել է:
«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ՝ Միխայիլ Հարությունյանի ընտանիքին պատկանող «Միկշին» ընկերության հետ դատական վեճում: Դեռ այս տարվա մարտին «Միկշին»-ը դատական հայց էր ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, թե իբր մենք զրպարտել ենք նրանց: Ու սա այն դեպքում, երբ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը լուսաբանել էր կառավարության շենքի մոտ «Միկշին» ընկերության դեմ քաղաքացիների բողոքի ցույցը, ավելի ուշ մեկնաբանությունների համար դիմել այդ ընկերությանը` չստանալով պատասխան: Եւ ահա «Միկշին» ընկերությունն այս ամենը համարել էր զրպարտություն, դիմել դատարան: Օգոստոսին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Ներսիսյանը մերժել է «Միկշին» ընկերության հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Դրանից հետո ընկերությունը վճիռը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Բայց այստեղ եւս նրանք պարտվել են. Վերաքննիչ դատարանը մերժել է ընկերության հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Այս գործով նախագահող դատավորը եղել է Լ.Գրիգորյանը:
ՄՏԱՀՈԳԻՉ ԻՐԱՎԻՃԱԿ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա հայտարարությունները` ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի մասին, իսկապես մտահոգիչ էին: Իրավապահներին հայտնի է գաղտնալսումը պատվիրած եւ իրականացրած անձանց շրջանակը, բայց չկան կոնկրետ փաստեր այդ անձանց քրեական պատասխանատվության կանչելու համար: «Օպերատիվ եղանակով ստացվել է տեղեկատվություն, սակայն, ցավոք սրտի, չի լինում փաստագրել, ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին, որովհետեւ մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն ու իրավապահ համակարգը ջանք չեն խնայելու այդ գործը բացահայտելու համար։ Իրենք շատ լավ պատրաստված են եղել ու հետք չեն թողել, որով կարող ենք մեղադրանք առաջադրել»,- ասել է Վանեցյանը` հավելելով, որ ձայնագրման տեսանյութը հրապարակվել է Իսպանիայից, եւ իրավապահները հիմա աշխատում են այդ ուղղությամբ։ Նա պատահական չի համարել այն, որ սեպտեմբերի 6-ից գաղտնալսման տեսաձայնագրությունը եղել է համացանցում, սակայն հանրության լայն շրջանակին է ներկայացվել սեպտեմբերի 11-ին. «Պատճառն այն է, որ տեղեկատվությունը տարածելու, բայց հետք չթողելու համար պետք է շատ զգույշ գործել։ Ժամանակն իր տեղը կդնի ամեն բան։ Չգիտեմ՝ կարո՞ղ ենք փաստագրել ու քրեական պատասխանատվության ենթարկել»:
Ակնհայտ է, որ սովորական մարդիկ չէին կարող գաղտնալսել իրավապահ համակարգի ղեկավարների հեռախոսազրույցը, այլ գործել են լուրջ պրոֆեսիոնալներ, որոնք եւ հնարավորություն են ունեցել տիրապետելու համապատասխան տեխնիկասարքավորումների: Գոնե Հայաստանում կարելի է ենթադրել, թե ովքեր կարող են լինել այդ մարդիկ. ի վերջո, նման մարդկանց թիվը հազիվ թե այդքան շատ լինի: Գաղտնալսման հրապարակումից հետո մամուլում եղան վերլուծություններ, առաջ քաշվեցին վարկածներ: Ու հիմա, եթե այս իրավիճակում հնարավոր չէ անառարկելի փաստեր հավաքել հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության կանչելու համար, նշանակում է` իրավիճակն ավելի մտահոգիչ է, քան կարելի է պատկերացնել: Նման դեպքերը կարող են կրկնվել ցանկացած պահի եւ ցանկացած անձի դեպքում, ու հանցագործները կարող են հետքերը խնամքով թաքցնել:
Այնպես որ, այս քրեական գործի բացահայտումն ինչ-որ տեղ նաեւ պատվի հարց է, եւ իրավապահ համակարգը ջանք ու եռանդ չպիտի խնայի այդ անձանց բացահայտելու համար: Եթե անգամ այս պահին դեռ կոնկրետ փաստ չկա, սա դեռ չի նշանակում, որ առաջիկայում էլ չի լինի: