ՍԵՐԺԻ ՎԱՉՈՅԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, ԱԱԾ գեներալ Վաչագան Ղազարյանը, որը մեղադրվում էր ապօրինի հարստացման մեջ, կրկին կալանավորվել է: Ավելին` ինչպես օրերս տեղեկացրեց ՀՔԾ-ն, նա մեղադրվում է նաեւ փողերի լվացման մեջ: Սակայն Ղազարյանների շուրջ օղակը սեղմվում Է, քանի որ իրավապահները վերջինիս ազգականների հետ կապված եւս աղմկահարույց բացահայտումներ են արել:

Այն, որ թավշյա հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանի օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում, գաղտնիք չէ: Նախկին պաշտոնյաների անվան հետ կապված բավականին լուրջ կոռուպցիոն պատմություններ են բացահայտվում, եւ ենթադրվում է՝ դեռ կբացահայտվեն:
Եւ այսպես, թավշյա հեղափոխությունից հետո` հունիսի 27-ին, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել: Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար:
Ղազարյանն ավելի վաղ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը: Դատախազությունը բողոքարկել է այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում: Այժմ նա կալանավորված է: Նոյեմբերի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ Ղազարյանը մեղադրվում է նաեւ ապօրինի գումարների «լվացման մեջ»: Այս գործով անցնում է նաեւ նրա կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը: Նրանք, տնօրինելով «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը, 2013-2018թթ. խուսափել են ավելի քան 771 մլն դրամի հարկերի վճարումից: Ասել է թե` ՀՔԾ նոր կասկածներ ունի ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի գործողությունների վերաբերյալ. թե ինչ արդյունք կտա այս նախաքննությունը, սպասենք զարգացումներին:
Բայց Ղազարյանի ընտանիքի անդամների հետ կապված աղմկալի բացահայտումները այսքանով չեն ավարտվում: Մասնավորապես, իրավապահները բացահայտել են` Վաչագան Ղազարանի հարազատները մարդկանց պաշտոն են խոստացել եւ դրա դիմաց կաշառք են ուզել, սակայն այդպես էլ խոստացածը չեն կատարել` հափշտակելով նրանց գումարը: Ու հիմա հայտնվել են մեղադրյալի աթոռին:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գարիկ Աղաբեկյանը ունեցել է բարձրագույն բժշկական կրթություն եւ մտադրություն է ունեցել ստանձնել ՀՀ արդարադատության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի պաշտոնը:
Իրավապահները բացահայտել են, որ նա այդ պաշտոնին չի կարողացել հասնել օրինական ճանապարհով եւ մտադրություն է ունեցել կաշառք տալու միջոցով ստանձնել ՀՀ արդարադատության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի պաշտոնը: Արդյունքում, ըստ իրավապահների բացահայտման` Գարիկ Աղաբեկյանը, տեղյակ լինելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի եղբոր որդին` Աշոտ Ղազարյանը, հանդիսանում է իր ընկերոջ որդու` Վահրամ Ասլանյանի ընկերը, որոշել է նրա միջոցով գործը գլուխ բերել: Ասել է թե` Գարիկ Աղաբեկյանը իր ցանկալի պաշտոնը ստանձնելու համար պետք է կաշառք տար Ղազարյանի եղբորորդուն: Որպեսզի Աղաբեկյանը կարողանա համապատասխան գումարը հայթայթել, 2016թ. փետրվարի 29-ին գրավադրել է իրեն պատկանող բնակարանը եւ ստացել է 103 հազար ԱՄՆ դոլար վարկ եւ նույն օրը` ժամը 14:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաղրամյան 26 հասցեի մոտակայքում Արթուր Սարոյանին է տվել առանձնապես խոշոր չափերով` 49.134.000 դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի նա գումարը փոխանցի Աշոտ Ղազարյանին: Սակայն Գարիկ Աղաբեկյանին խաբել են եւ այդպես էլ պաշտոնի չեն նշանակել:
Տեղեկացանք, որ նախաքննական մարմինը Աշոտ Ղազարյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա հանցակցի` Արթուր Սարոյանի հետ ձեռք բերված նախնական հանցավոր համաձայնությամբ կատարել է խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:
Արթուր Սարոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի հատկանիշներով` Խարդախություն:
Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ «տուժողը»՝ Գարիկ Աղաբեկյանը. նրան էլ մեղադրանք է առաջադրվել 34-312 հոդվածի` կաշառք տալու հատկանիշներով: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Համաձայնեք` իսկապես հետաքրքիր պատմություն է: Սպասենք զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԵՎՍ ՄԵԿ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ գործը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանին բացարկ հայտնելու մասին: Ըստ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի` բացարկ են հայտնել, քանի որ դատավորն ընտրվել է վիճակահանությամբ, ինչն օրենքի խախտում է: Դատարանը, սակայն, մի քանի ժամ քննարկելուց հետո մերժել է Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը:
Մինչ այդ նկատենք` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որ անձամբ ներկա է վերաքննիչ քրեական դատարանում մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությանը, երեկ անդրադարձել է նրան կալանավորելու անհրաժեշտությանը:
«Հիմնավորումները վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ, դա գիտի միայն դատարանը»,-ասել է Արթուր Դավթյանը եւ մանրամասնել. «Հիշո՞ւմ եք` ամենահիմնական լայն շրջանակներում քննարկվող հարցն այն է, թե, ի վերջո, նախագահը անձեռնմխելիությամբ օժտվա՞ծ է պաշտոնավարումից հետո, թե՞ ոչ: Եվ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, համաձայն լինելով իմ կողմից բերված բողոքի փաստարկներին, հավաստեց, որ այստեղ էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե նրան մեղսագրվող արարքը դիտարկվում է նրա կարգավիճակից բխո՞ղ, թե՞ կարգավիճակից չբխող: Եվ, ամենակարեւորը, արդեն բեկանելով Վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը եւ դրանով Վերաքննիչ դատարանի այն մոտեցումը, որ ՀՀ երկրորդ նախագահը փաստորեն օժտված է անձեռնմխելիությամբ, իսկ նրան մեղսագրված արարքները Վերաքննիչ դատարանը դիտարկել էր որպես նախագահի գործառույթներից բխող, Վճռաբեկ դատարանը հստակ պատասխան տվեց, որ գործառույթներից բխող լինելու հանգամանքը միայն ֆորմալ տեսանկյունից չպետք է դիտարկել: Այսինքն` օրինակ` համապատասխան իրավական ակտ ընդունելու լիազորություն, իրավունք նախագահն ունի՞, թե՞ ոչ, այլ պետք է դիտարկել, թե բովանդակային առումով լիազորության իրացումը լիարժեք համապատասխանե՞լ է Սահմանադրությանը կամ օրենքներին»,- ասաց Դավթյանը: Նա հավելեց, որ այս հարցում իր դիրքորոշումը հստակ է. ինչում որ այսօր մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, դրանք ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես նախագահի գործառույթներից բխող, որովհետեւ մեղադրանքից ակնհայտ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված արարքները իրենց առանձին մասերով վերցրած եւ՛ ձեւի առումով, եւ՛ բովանդակության առումով համահունչ չեն Սահմանադրությանն ու օրենքներին:

Ա. ԳԱԼՈՅԱՆ

 

 

ԱՄՓՈՓԵԼՈՎ 6 ԱՄԻՍԸ
Միայն Մարտի 1-ի գործով վերջին վեց ամսում հարցաքննվել են 1000-ից ավել անձինք։ Երեկ ՀՔԾ-ի օրվան նվիրված միջոցառման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ «Կատարվել են 40-ից ավելի խուզարկություններ, քաղաքացիներից եւ պետական տարբեր հիմնարկներից կատարվել են 85 առգրավումներ, նշանակվել է 23 փորձաքննություն, այդ թվում՝ բարդ ու համալիր»,- շարունակեց նա։ Ամփոփելով 6 ամիսը՝ Խաչատրյանը նաեւ նշեց, որ փորձաքննության է ներկայացվել 140 միավոր հրազեն, մեծ քանակությամբ զինամթերք։

 

 

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ
«Ես ներողություն եմ խնդրել Կարեն Ղազարյանի ընտանիքից, որ մինչեւ հիմա մեր ջանքերն արդյունավետ չեն եղել»,-Իջեւան քաղաքում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքի անդամների հետ հանդիպմանը: Հարցին, թե համաձայնության եկա՞ն, որ այլեւս բողոքի ակցիաներ չեն անելու, Փաշինյանը պատասխանել է. «Ակցիաներն իրենց իրավունքն է, ուղղակի իմ ակնկալիքն այն է, որ այդ ակցիաների բովանդակությունը համահունչ լինի նպատակներին: Եթե մենք ամեն օր այդ ճանապարհը փակենք, Ադրբեջանը շահագրգիռ կլինի, որ չվերադարձնի, որ այդ ճանապարհը հաճախ փակվի: Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի այդ ճանապարհը: Այսինքն` ճանապարհը փակելով ոչ թե օգնում ենք, որ վերադառնա, այլ ընդհակառակը, նպաստում ենք, որ Ադրբեջանը շահագրգիռ լինի ավելի երկար նրան պահելու»,-նշել է նա: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում:




Լրահոս