ՇԻՐԱԿՈՒՄ ՀՀԿ-Ն` ԱՌԱՆՑ ԿԱՐԿԱՌՈՒՆ ԴԵՄՔԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ ընտրություններին Շիրակի մարզում նախկին իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, առաջադրել է 13 վարկանիշային թեկնածու: Միայն թե, նկատենք, որ այդ թեկնածուները ՀՀԿ մարզային կառույցի երկրորդ-երրորդ էշելոնի ներկայացուցիչներն են: Եթե, օրինակ, Լոռու մարզում ՀՀԿ հայտնի դեմքերից Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, Արփինե Հովհաննիսյանն այնուամենայնիվ խիզախել են առաջադրվել, ապա Շիրակում հակառակն է: Սա, թերեւս, պատահական չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն Շիրակի մարզում միշտ էլ խնդիր է ունեցել. այստեղ ՀՀԿ-ին ձայն չեն տվել: Հիշում եք 2013թ. նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի, 2015թ սահմանադրական հանրաքվեի ժամանակ իշխանությունների պարտությունները: Անգամ 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն, չնայած ընտրակաշառքի գետերին, իր դիրքերը զիջել էր ԲՀԿ-ին:

Այս ընտրություններում ՀՀԿ ցուցակում ընդգրկված է, օրինակ, նախկին փոխմարզպետ Հարություն Արշակյանը։ Նա ցուցակում ամենատարեցն ու հայտնին է` որպես ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ:
Մյուս թեկնածուների անունները ոչինչ չեն ասում, հանրությունը նրանց չի ճանաչում: Մինչ ցուցակի հրապարակումը շրջանառվում էր ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի անունը, ով ցուցակում չհայտնվեց, բայց շարունակելու է նախկին առաքելությունը՝ մարզում համակարգելու է ՀՀԿ աշխատանքները. «Կուսակցական շինարարություն է ընթանում մեզ մոտ, կուսակցությունը երիտասարդանում է, մեր ցուցակում միայն երիտասարդ անդամներն են: Սա նոր ուժ, նոր մտածելակերպ, նոր ալիք է»,- ասաց Սահակ Մինասյանը:
Ի՞նչ ակնկալիքներ ունի հանրապետականը Շիրակի մարզից: Մարզում հանրապետականի անունը լսել չեն ուզում, բայց դպրոցների մեծ մասը ղեկավարում են հանրապետական տնօրենները. «Մենք ակնկալիքներ ունենք, դրանք մեծ չեն, բայց հաստատ հանրապետականը ձայներ մեր մարզից կտանի»,-ասաց Սահակ Մինասյանն ու ավելացրեց. «Ոչ մի նախկին իշխանության հատկապես իշխանափոխությունից ամիսներ անց չի փառաբանվել, այդ թվում` հանրապետականը: Մի քանի անգամ առիթի դեպքում ասել եմ` ես ինքս պատրաստ եմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու վստահաբար ասել՝ ներողություն եմ խնդրում իմ եւ իմ կուսակից ընկերների անունից 100 եւ 1000 անգամ, բայց զուգահեռաբար խնդրում եմ հիշեք նաեւ, որ հանրապետականը բազմաթիվ էական խնդիրներ է լուծել մեր ժողովրդի համար»:
Ինչո՞ւ հանրապետականների հին դեմքերը չկան ցուցակներում: Օրինակ` ԱԺ նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որ մշտապես մեծամասնական ընտրակարգով մասնակցել է ԱԺ ընտրություններին, այս անգամ չկա ո՛չ ռեյտինգային, ո՛չ էլ անգամ համապետական ցուցակում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ առաջարկ եղել է, բայց ցանկություն չի ունեցել կրկին քաղաքականություն մտնելու. «Մեր մարզի նախկին պատգամավորները կուսակցությունից վաղուց են դուրս եկել, դրա համար այս օրերին նրանց անուններն անգամ չշրջանառվեցին: Ինձ առաջարկ եղել է, բայց ես սիրահոժար հրաժարվել եմ: Սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ ով ում ավելի շատ կարատավորի կամ ով ում ավելի շատ բաներ կասի, ինչը ինձ համար անընդունելի է: Ես սովոր էի նորմալ գաղափարական ծրագրային պայքարի, ինչը չեղավ, դա ինձ համար սպասելի էր»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Հանրապետականների հնաբնակներից է նաեւ Աշոտ Աղաբաբյանը: Վերջինիս անունը եւս չընդգրկվեց ցուցակ: Աշոտ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որոշել է տեղը զիջել երիտասարդներին: Նշենք, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում Աշոտ Աղաբաբյանի ազգականն է ընդգրկված. «Հորեղբորս տղան է այդ ցուցակի մեջ, ասեմ, քանի ուրիշները չեն ասել: Երիտասարդ է, չգիտեմ` միտումնավո՞ր է նրա անունն այդտեղ, թե՞ չէ: Սա սերնդափոխություն է: Եթե երիտասարդությունն է եկել, դա ավելի լավ, ես ավելի լավ է իմ գործերով զբաղվեմ: Թեեւ պատգամավորի ստատուսն ուրիշ է, որովհետեւ նա պետք է մասնակից լինի գործադիրին, դա լուրջ է, քանի որ պատգամավորը միայն կոճակ սեղմող չէ»,-ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Ցուցակի երիտասարդ կադրերից է նաեւ Կարապետ Պողոսյանը, ով «Ա.Մ» փաստաբանական գրասենյակի ղեկավարն էր։ Վարկանիշային թեկնածու է նաեւ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի քրոջ որդին՝ Նարեկ Միրզոյանը, արթիկցի Վահագն Վարագյանը՝ Արթիկի քաղաքապետի ազգականը, ով աշխատում է Երեւանի պետական համալսարանում, Առաքել Հայրապետյանը` ՀՀԿ Շիրակի տարածքային կենտրոնի` «Անիի» ՇԿ կազմակերպիչը, Սուսաննա Տոնոյանը «Արթիկի հատուկ բժշկական քոլեջ» ՓԲԸ դաստիարակության գծով փոխտնօրենը. Լուսյա Անաստասյանը, Ռուզան Կարապետյանը, Նվարդ Աբելյանը, Ներսես Ներսիսյանը, Անահիտ Հարությունյանը, Արտյոմ Կոշտոյանը եւս ցուցակում են, որոնց անունները ծանոթ չեն հասարակությանը:
Նկատենք, որ 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային հիմնական թեկնածուները` Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը, որոնք ավելի քան տասը հազար ձայն էին տարել, այս անգամ ոչ միայն չեն առաջադրվել, այլեւ ՀՀԿ-ի հետ խզել են կապերը: Ընդ որում, Գրիգորյանը մանդատը վերցնելուց հետո հրաժարվեց ՀՀԿ խմբակցությունից: Իսկ Ֆելիքս Ցոլակյանը, որ հիմա ԱԻ նախարար է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը սատարած ու մայիսին Փաշինյանի օգտին քվեարկած առաջին պատգամավորներից մեկն էր: Հիմա նա Շիրակի մարզում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից է, եւ որեւէ մեկը չի կասկածում, որ Ցոլակյանը մարզում լինելու է ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն, քանի որ վայելում է շիրակցիների անվերապահ աջակցությունը, եւ հատկապես թավշյա հեղափոխության օրերին ցուցաբերած պահվածքի շնորհիվ Ցոլակյանն այսօր մեծ ժողովրդականություն է վայելում այդ մարզում:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

ՄՈՏ 400 ԱՋ ՂԵԿՈՎ ՄԵՔԵՆԱ ԿԱ
Երեկ առավոտյան «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները, 50-60 ներկրող փակել էին Բագրատաշենի հսկիչ անցակետ տանող Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի հատվածը: Նշենք, որ տեւական ժամանակ է, ինչ Բագրատաշենի անցակետում աջ ղեկով մեքենաների բավականին մեծ կուտակումներ են: Հայկական կողմը արգելում է դրանց մուտքը Հայաստան: Երեկ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին վերջապես հաջողվեց հանդիպել նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տավուշի մարզ այցելած ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք Փաշինյանից պահանջեցին վերացնել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներմուծելու արգելքը:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զորիկ Իգիթյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ անցակետում մեծ խցանումներ են, իսկ գիշերը երկու ավտոմեքենա է կոտրվել: «Բեռնատար մեքենան եկել-խփել էր մի մեքենայի, քաշել-տարել էր ու երկրորդին խփել: Այս պահին մոտ 400 աջ ղեկով մեքենա կա անցակետում կայանված: Քանի որ նախատոնական շրջան է, այս պատճառով բեռնատարների թիվն օր օրի ավելանում է»,- նկատեց Իգիթյանը:
Ապա փոխանցեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են իրավիճակը ու նշել, որ այդ խմբաքանակը, որը ներկրել են, չեն իմացել արգելքի մասին: «Ընդամենը գիտեինք, որ ժամանակավորապես է արգելվել: Փաշինյանին անգամ ցույց ենք տվել պետական կառույցի շենքի պատի վրա փակցված գրությունը, որտեղ նշված է, որ արգելքը ժամանակավորապես է (տե՛ս լուսանկարում): Մենք լուսանկարած ունեինք, նրան ցույց տվեցինք, նա կարդաց, ու մեզ հարցրեց, թե անցակետում կայանված եւ ճանապարհին քանի աջ ղեկով մեքենա կա, որ գալիս է: Մենք պատասխանեցինք, որ մոտ 1000 աջ ղեկով մեքենայի մասին է խոսքը: Ինքն էլ հարցրեց, թե ինչ երաշխիք կարող եք տալ, որ այդ 1000 աջ ղեկով մեքենան, եթե այսօր թույլ տանք` մուտք գործեն ՀՀ, վաղը չի վերածվի եւս 1000-ի կամ 2000-ի: Մենք էլ ասացինք, որ աջ ղեկով մեքենայի հիմնական ներկրողները մենք ենք եւ չենք բերի: Բայց այն, որ եկել է, դրանց հարցը պետք է շտապ լուծվի: Ինքն էլ խոստացավ, որ մեկ անգամ կուսումնասիրի հարցը եւ կտա նոր լուծում»,- իրավիճակը ներկայացրեց նախաձեռնության անդամ Զորիկ Իգիթյանը:
Թե երբ կառավարությունը կպատասխանի մեքենա ներկրողներին, դեռ հայտնի չէ: Բայց նախաձեռնության անդամները հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանի «նոր լուծումը» երկար սպասեցնել չի տա: Ի դեպ, նախաձեռնության անդամները որոշել են բողոքի ակցիաները ժամանակավորապես դադարեցնել: Նրանք սպասում են վարչապետի ԺՊ-ի որոշմանը, եթե այն գոհացնի իրենց, ապա կդադարեցնեն բողոքի ակցիան, հակառակ դեպքում կշարունակեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐՈՎ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բոլոր ուժերի մասնակցությամբ պետք է տեղի ունենա բանավեճը: Դիտարկմանը, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը կոչ է արել առանձին երկկողմ բանավեճ կազմակերպել ՀՀԿ – «Իմ քայլը» ձեւաչափով, Փաշինյանն արձագանքել է. «Բայց ինչո՞ւ միայն ես ու ինքը»: Նշենք, որ Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որում նշված էր. «Պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս` այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ-«Իմ քայլ» ձեւաչափով` 1-ին համարների մակարդակով: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողության»:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ԵՄ անդամ երկրների պատվիրակներին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը: Պ. Սվիտալսկին եւ Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավարը գոհունակությամբ են խոսել հայկական կողմի պատրաստած ճանապարհային քարտեզի նախագծի մասին: Մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ հանրային կառավարման ոլորտի արդյունավետության ու Հայաստանում տարբեր ոլորտներում եւ մակարդակներում կանանց ներգրավվածության հարցերի շուրջ:

 

 

ՔԻՉ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին քիչ ուշադրություն է հատկացվում. երեկ Շիրակի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում ասել է «Մենք» դաշինքի առաջնորդներից մեկը` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Նրա խոսքով` այսօր քիչ ուշադրություն չի հատկացվում 2016թ. ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողներին, սակայն մոռացված են այն մարդիկ, որոնք գրավել են այդ հողերը: Ըստ նրա` այսօր Ղարաբաղյան պատերազմի հերոսները ո՛չ աշխատանք, ո՛չ էլ արժանավոր կյանքի համար միջոցներ ունեն:




Լրահոս