ՃՏՊ-ՆԵՐԸ ԿՆՎԱԶԵՑՆԵՆ ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել: Փոխարենը նրանք մի քանի իրավախախտում էլ պատրաստվում են քրեականացնել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Ըստ այդմ, առաջարկվում է քրեականացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով, ինչպես նաեւ 128-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումները:
Դրանք են` 126-րդ հոդվածի 6-րդ մաս. եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, եւ սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով: Իսկ 126-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով այն դեպքում, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ:
128-րդ հոդվածի 1-ին մասով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Նաեւ նախատեսվում է ներդնել տուգանային միավորների համակարգը, որը միտված կլինի տուգանքների չափերի վերանայման: Քանի որ ըստ ոստիկանության` վարչական պատասխանատվության նոր մեխանիզմների կիրառման արդյունքում կթեթեւանա քաղաքացիների սոցիալական բեռը:
Այսպես, ըստ ոստիկանության` մի շարք վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքներն առանձին դեպքերում ավելի մեծ են, քան քրեական օրենսգրքով սահմանված տուգանքի նվազագույն չափը` 30 հազար դրամը: Հաշվի առնելով սա` ոստիկանությունը անհրաժեշտ է համարում վերանայել վարչական իրավախախտումների եւ հանցագործությունների սահմանազատման չափանիշները եւ որպես հիմնական չափանիշ ընդունել այն, որ ֆիզիկական անձի կողմից կատարված վարչական իրավախախտման համար նախատեսվող տուգանքի չափը չպետք է ավելի մեծ լինի, քան քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքի նվազագույն չափը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված` ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը կնվազեցվի: Մասնավորապես, 8-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50 տոկոսով, 10-ը` 50 տոկոսով, եւս 9-ը` 50 տոկոսից նվազ չափով: Այսինքն` խոսքն այն իրավախախտումների մասին է, որոնց տուգանքը 30 հազար դրամը չի գերազանցում:
Բացի այս, ըստ ոստիկանության` տուգանային միավորի ինստիտուտի ներդրումը թույլ կտա երթեւեկության արդյունավետ կազմակերպմանը զուգընթաց նվազեցնել ՃՏՊ-ների ու դրանց արդյունքում արձանագրվող զոհերի ու վիրավորների թիվը:
Նկատենք, որ վիճակագրական առումով այս ոլորտում իրավիճակն առավել քան սարսափելի է: 2006-2011 թվականների ընթացքում ՃՏՊ-ների տարեկան թվաբանական միջինը կազմել է 2002 պատահար: Իսկ 2012-2017 թվականների ընթացքում` տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո, նշված թիվը կազմել է 3120 պատահար: Այսինքն` մոտ 55 տոկոսով ավելացել է: Բայց միաժամանակ նշենք, որ 2012-2017 թվականներին Հայաստանում ավտոպարկն ավելացել է 45,1 տոկոսով, ինչն անկասկած կհանգեցնի ՃՏՊ-ների ավելացմանը: Դրանց հետեւանքով վիրավորների միջին տարեկան թիվը 2006-2011 թվականներին կազմել է 2785, իսկ 2012-2017-ին` 4430. աճել է 60 տոկոսով:
Նկատենք, որ Վարչական պատասխանատվության` տուգանային միավորի համակարգը գործում է 21 եվրոպական երկրներում, օրինակ` Իտալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Մալթայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ինչպես նաեւ Իսրայելում: Ֆրանսիայում դեռեւս 2000-ական թվականների սկզբին ֆրանսիական ճանապարհները համարվում էին Եվրոպայում առավել վտանգավորը ՃՏՊ-ների եւ զոհերի թվով, ինչը իշխանություններին ստիպեց ՃԵԿ-ի նկատմամբ հսկողության ուժեղացման նպատակով ձեռնարկել առավել ակտիվ գործողություններ: Ֆրանսիայում տուգանային միավորների համակարգի ներդրումից սկսած` ՃՏՊ-ների հետեւանքով մահացու դեպքերի թիվը նվազել է 66 տոկոսով: Ի դեպ, տուգանային միավորների ինստիտուտը Ուկրաինայում գործում է 2015 թվականից: Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալներով` 2015 թվականին գրանցված 3970 ՃՏՊ-ների թիվը 2016 թվականի 10 ամիսների ընթացքում նվազել է մինչեւ 2603-ը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՔՐԳՈՐԾ
ՀՀ Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ վարույթում հարուցված քրեական գործը: Պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի նախկին ղեկավարը, 2015-17թթ ընթացքում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու, համայնքի վարչական շենքի ջեռուցման նպատակով դիզելային վառելանյութ ձեռք բերելու, շենք-շինությունների վերանորոգում իրականացնելու պատրվակով համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր 8. 843.000 ՀՀ դրամ, սակայն դրամական օգնություններ չեն տրամադրվել, համայնքի վարչական շենքը դիզվառելիքով չի ջեռուցվել եւ վերանորոգում չի իրականացվել: Հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

 

ԾԱՂԻԿ ԵՆ ՋՐԵԼ
Նախօրեին Արեւիկ գյուղի միջնակարգ դպրոցում երկու երեխա ընկել էին դպրոցի 2-րդ հարկից: ArmLur.am-ի թղթակիցը հայտնել է, որ դասղեկը դասերի ավարտից հետո երկու աշակերտի պահել է դասարանում, որ ծաղիկները ջրեն: Սակայն դեռ գործը չավարտած` ուսուցչուհուն հեռախոսազանգ է եկել եւ, աշակերտուհիներին թողնելով դասարանում, տուն է գնացել: Աշակերտները դասղեկի հեռանալուց հետո տուն չեն գնացել: Արդեն ժամը 15.00-ի հատվածում երեխաներին դպրոցի պատուհանի տակ ընկած պահակն է նկատում: Երեխաներին հիվանդանոց տեղափոխել են դպրոցի ուսուցիչները: Մ. Նռանյանին հետազոտելուց հետո պարզվում է, որ վերջինս վնասվածք ունի ուսի շրջանում: 7-ամյա փոքրիկին անմիջապես վիրահատել են: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ` դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

ՈՐՈՆՈՒՄ ԵՆ
Նախօրեին Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքները մթության եւ վատ եղանակի պատճառով դադարեցվել են, սակայն երեկ վերսկսվել են:




Լրահոս