«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի, ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լիլիթ Պիպոյանն է: Նա անդրադարձել է դեկտեմբերի 9-ին ընդառաջ նախընտրական քարոզարշավի ընթացքին, նշել, թե քաղաքական որ ուժերը կարող են հակակշիռ ստեղծել խորհրդարանում: Ըստ երգչուհու` «Սասնա ծռերը» կարող էր առավել արդյունավետ քարոզարշավ անցկացնել: Նրա համոզմամբ` վերջինս եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ազնիվ են եւ կարող են խորհրդարանում արժանի հակակշիռ լինել իշխանությանը: Տիկին Պիպոյանը խոսել է նաեւ Երեւանի ավագանու կազմում իր ծավալած գործունեության մասին: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում քննարկվելու է Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեն, եւ ինքը էական մասնակցություն է ունենալու դրանում:
-Տիկի՛ն Պիպոյան, հետեւո՞ւմ եք քարոզարշավի ընթացքին: Ինչպիսի՞ն են Ձեր նախնական տպավորությունները: Ո՞ր ուժերին է հաջողվում երկխոսության մեջ մտնել ժողովրդի հետ, եւ ո՞ր ուժերն են, որոնց քարոզչությունն այնքան էլ արդյունավետ չէ:
-Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթերը, թվում է, զայրացնում են շատերին, թվում է, թե դրանք ավելորդ են, բայց ես կարծում եմ, որ նա վերջին ճիգերն է գործադրում իշխանությունը փոխելու համար: Նա արդեն գերմարդկային ճիգեր է գործադրում, ուզում է ավարտին հասցնել սկսածը: Իսկ ինչ վերաբերում է մյուս ուժերին, կարծում եմ, նորմալ քարոզչական պրոցեսի մեջ են: Բայց, օրինակ, «Սասնա ծռերը» կարծես թե չի կարողանում ազդեցիկ լինել իր քարոզարշավի շրջանակում, այնինչ կարող էր ավելին անել: Մնացած ուժերի մասին ի՞նչ ասեմ. օրինակ` հանրապետականների մասին չեմ էլ ուզում խոսել:
-«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշել է, որ Հանրապետական կուսակցությունը, եթե անգամ հայտնվի խորհրդարանում, ընդդիմություն լինել չի կարող. «ՀՀԿ-ն կլինի ներկա իշխանությունների «բոքսի տանձիկը», որ վրան ձեռքները բացեն»,-ասել է նա: Դուք ի՞նչ կասեք, համաձա՞յն եք:
-Ինչ խոսք, Մարուքյանը սրամիտ է (ծիծաղում է): Կարծում եմ, որ «Սասնա ծռերը», «Լուսավոր Հայաստանը» այն ուժերն են, որոնք ազնիվ են, թեպետ տարբերվող հայացքներ ունեն: Նրանց բանավեճի արդյունքում ճմարտություն կծնվի, կարծում եմ` այդ ուժերը երկրի համար կարեւորագույն, սկզբունքային հարցերում համակարծիք կլինեն, միեւնույն ուղղությամբ կնայեն, կապահովվի առողջ մթնոլորտ:
-Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում քարոզարշավի ընթացքում հայտարարեց` իր համար շոկային է այն հանգամանքը, որ ժողովրդի մի հատված վախենում է հանրապետականի` իշխանության գալուց, ռեժիմի վերադարձից: Ըստ Ձեզ` որտեղի՞ց է այս մտավախությունը: Ի վերջո, նման բան հնարավո՞ր է, որքանո՞վ եք դա հավանական համարում:
-Ժողովուրդը շատ բան է տեսել, զգուշանում է, մտածում է, որ ամեն բան կարող է կրկնվել: Մինչեւ վերջին պահը այդ սպառնալիքը տեսականորեն կա, բայց իրականում իզուր են այդ վախերը: Ամեն ինչ լավ է լինելու: Հետո մի բան էլ չեմ հասկանում` ժողովուրդն ինչի՞ց է վախենում. չէ՞ որ ընտրողն ինքն է որոշում` ով գա իշխանության եւ ով` ոչ:
-Եվ վերջին հարցը` Երեւանի ավագանիում հասցրե՞լ եք բարձրացնել խնդիրներ, հետամուտ եղե՞լ եք դրանց լուծմանը: Առաջիկայում ի՞նչ կարեւոր հարցեր են քննարկվելու ավագանիում:
-Նիստերի շրջանակում դեռեւս ելույթ չեմ ունենում. այնպիսի հարցեր են քննարկվում, որոնց ընթացքում իմ միջամտության կարիքն առանձնապես չի զգացվում: Բայց եղել են մի շարք խնդիրներ, որոնց լուծմանը հետամուտ եմ եղել: Հետեւողական եմ եղել, որպեսզի մայրաքաղաքում կառուցվեն մայթեր, կանխել եմ անօրինական կառուցապատումը, բարձրացրել եմ անցումի կառուցման անհրաժեշտության հարցը եւ այլն: Շուտով տեղի կունենա 2019 թվականի քաղաքային բյուջեի քննարկումը: Դա գլոբալ հարց է լինելու, որին էական մասնակցություն կցուցաբերեմ, քանի որ ունեմ որոշակի նկատառումներ: Այնպես որ, ամեն բան առջեւում է:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՍԵՎԱՆԸ ՄԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ»
«Սեւանը մեր օգնության կարիքն ունի». այսպես է կոչվում Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում դեկտեմբերի 4-ից բացվելիք ցուցահանդեսը, որի նպատակն է արվեստի միջոցով հանրության ուշադրությունը հրավիրել Սեւանի հիմնախնդրին: Ցուցահանդեսը, հավանաբար, բաց կլինի մեկ շաբաթ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ցուցահանդեսի կազմակերպիչ գեղանկարիչ Սեւադա Սարգսյանը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնության նպատակն է գեղանկարչության, էկոպեյզաժի հանրահռչակումը Հայաստանում: Նույնանուն հասարակական կազմակերպությունն էլ միտված է արվեստը որպես բնապահպանական միջազգային հաղորդակցման լեզու դարձնելուն:
Նշենք, որ մինչեւ Մարտունի տեղափոխվելը ցուցահանդեսը ներկայացված է եղել մայրաքաղաքում, Հայաստանի նկարիչների միությունում, այն ունեցել է «Էկո Սեւան. Սեւանն ահազանգում է» խորագիրը:
«Հեղինակների առաջարկությամբ ցուցահանդեսը տեղափոխվեց Գեղարքունիքի մարզ: Հիմա մենք բանակցում ենք մարզի մշակութային այլ կենտրոնների հետ, որպեսզի ցուցահանդեսը «շրջի» Սեւանա լճի ափին»,-տեղեկացրեց Սեւադա Սարգսյանը:
Հարցին, թե ցուցահանդեսի արդյունքում կլինի՞ արդյոք նվիրատվություն Սեւանի խնդիրների գոնե փոքր մասը լուծելու համար, կազմակերպիչը պատասխանեց. «Ցուցահանդեսին հրավիրել ենք արվեստի դպրոցների նկարիչների, մարզպետին, ունենք մշակույթի եւ բնապահպանության նախարարությունների աջակցությունը: Կան նկարիչներ, որոնք պատրաստ են կտավների վաճառքից ստացված ամբողջ հասույթը նվիրաբերել Սեւանի որեւէ խնդիր լուծելու համար»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք ցուցահանդեսին մասնակցում են միայն Նկարիչների միության անդամները, եւ արդյոք առկա է տարիքային սահմանափակում. «Քանի որ բնապահպանական խնդիրները բոլորինս են, ամեն նկարչի էլ տրվել է ցուցահանդեսին մասնակցելու հնարավորություն: Տարիքային սահմանափակում էլ չկա. 18-ից 96 տարեկան նկարիչներ ցուցադրվելու շանս են ստացել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ ՄԱՀԱՑԵԼ Է
78 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը: Նա 1976-ից մինչեւ 2001թ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, ապա որպես ՀՀ նախագահի լուսանկարիչ: Մ. Շահբազյանը ծնվել է 1940թ. հունիսի 25-ին, Երեւանում: Դպրոցն ավարտելուց հետո որպես արտահաստիքային թղթակից համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ: 1966թ. հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» եւ «Կոմունիստ» թերթերում: 2001թ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցն է: Բազմիցս մասնակցել է միջազգային, միութենական ու հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ: 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը Reuters գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է Շահբազյանի ընտանիքին:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Կազանի «Ռուբին»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Մախաչկալայի «Անժի»-ի դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Անցկացված հարցման արդյունքում Հայաստանի հավաքականի թեկնածուն ստացել է ձայների 46.9 տոկոսը: Բայրամյանն առաջ է անցել ռուս պաշտպան Իգոր Կալինինից եւ իրանցի հարձակվող Սերդար Ազմունից:
Հիշեցնենք, որ Մախաչկալայում կայացած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Խորեն Բայրամյանը «Ռուբին»-ի մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ դարձել գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 26-ամյա Բայրամյանը մասնակցել է 13 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանը «Ռուբին»-ում խաղում է վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռոստով»-ին:
ՉԻ ԳՐԱՎԵԼ
Իտալական «Ռոմա»-ի թուրք կիսապաշտպան Չենգիս Ունդերը Մադրիդի «Ռեալ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում չի կարողացել մի քանի մետրից գրավել դարպասը: Ունդերը վրիպումը թույլ է տվել առաջին խաղակեսի ավելացված ժամանակում, երբ հաշիվը 0:0 էր: