ԲԴԽ-ՈՒՄ ՀԱՐՑԵՐԸ ՆԱԽԱՊԵՍ ՉԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել Բարձրագույն դատական խորհրդի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, երբ դատավորները դատի են տալիս կառույցին` մեղադրելով նրանց ոչ օբյեկտիվ որոշումների մեջ: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, վերջին շրջանում միտում է առկա, երբ ԲԴԽ-ին դատի են տալիս եւ մեղադրանքներ հնչեցնում: Ի՞նչ է կատարվում կառույցում:
-Մենք արդեն տվել ենք պարզաբանումներ եւ դրանից չենք խուսափում: Բացատրել ենք, թե զարգացումներն ինչով են պայմանավորված: Եթե իսկապես կա դատական վեճ, ուրեմն դատարանն էլ կորոշի: Ես չէի ցանկանա նախապես որեւէ որոշում հայտնել, որեւէ կերպ կաշկանդել դատարաններին, դրա ցանկությունն ու նպատակը չունեմ: Իսկ ինչ վերաբերում է զարգացումներին, դրանք տարբեր պատճառաբանություններ ունեն: Մի կողմից` դրանք ինձ համար ողջունելի են, բայց կցանկանայի, որ դատավորների համարձակությունն ուղղված լիներ ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդին, այլ բոլոր այն օղակներին, որտեղ իրենք խնդիր են տեսնում, որտեղ իսկապես խնդիր կա: Նաեւ անցումային փուլի խնդիր կա: Նոր է խորհուրդը, որի կազմը էապես վերանայվել է, կան իրավաբան-գիտնականներ, որոնք անհամեմատ ավելի անկաշկանդ են եւ կարող են վճռորոշ դեր ունենալ:
-Բայց կառույցի անդամներին մեղադրում են սուբյեկտիվ որոշումների մեջ:
-Բնականաբար այդպես կլինի: Երբ խորհուրդը կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք նախկինում չեն եղել, ապա կտեսնեք, որ վերանայվել են ինչ-որ միտումներ, որոնք կարող են ընկալվել որպես սուբյեկտիվ: Յուրաքանչյուրն իր սուբյեկտիվ մոտեցումներով է առաջնորդվում եւ այդպես են պարտավոր:
-Ինչպիսի՞ չափորոշիչներով եք առաջնորդվում: Ձեզ մեղադրում են, որ մասնագիտական որակները հաշվի չեք առնում եւ այլ հանգամանքներ եք հաշվի առնում:
-Դա իրենց կարծիքն է, եւ այդ կարծիքը, իմ խորին համոզմամբ, որեւէ հող չունի: Դուք մեր մոտեցումները չեք ցանկանում հասկանալ, բայց մենք դրանից չենք նեղվում: Մենք չենք մտածում, որ պետք է անպայման ամբողջովին վերանայենք մեր մոտեցումները: Մենք շատ ճիշտ ենք սկսել, եւ պետք է հասկանալ` եթե մենք շեղվենք, փորձենք վախկոտություն դրսեւորենք, դրանից չի շահի դատական համակարգը: Դուք հարթակ եք տրամադրում մարդկանց, որոնք ունեն դժգոհություններ, բայց կան բազում որոշումներ, որոնցով մարդիկ գոհ են: Ինչ վերաբերում է մասնագիտականին, ապա, բնականաբար, մենք դա հաշվի առնում ենք: Սակայն պետք է մի կարեւոր հանգամանք հաշվի առնել, որ օրենսգիրքը միայն մասնագիտական գիտելիքները չէ, որ չափանիշ է համարում: Թող մեզանից նեղացած դատավորը ելակետ ընդունի, որ միայն այդ չափանիշներով չէ, որ մենք որոշում ենք կայացնում: Չպետք է ելակետ ընդունել, թե կասկածի տակ է դրվում մասնագիտական որակները: Չպետք է իրենք նման եզրակացության գան: Եվ կա վստահության խնդիր, վստահում են, դրա համար են շատ դիմում:
-Պարո՛ն Դանիելյան, բայց դատավորները մեզ հետ զրույցներում անվստահություն են հայտնում կառույցին, պահանջում Գագիկ Հարությունյանի հրաժարականը:
-Թող նման բաներ ասեն այն մարդիկ, ովքեր դատական վեճերի մեջ չեն: Թող դատական վեճերն ավարտվեն, հետո իրենց պահանջները ներկայացնեն: Հիմա խնդիրն ինչումն է. եթե դուք վիճակագրություն նայեք, կտեսնեք, որ մի դատարանից դեպի մեկ այլ դատարան տեղափոխության համար շատ դատավորներ են դիմում: Նախկինում դիմել է մի դատավոր, եւ, ամենայն հավանականությամբ, նախապես որոշված է եղել, եւ դրական է լուծվել: Հիմա վստահությունն է բերում դժգոհության: Եթե մի տեղի համար դիմում է 7 դատավոր, ապա դա խոսում է վստահության մասին, քանի որ գիտեն` նախապես այդ հարցերը չեն լուծվում:
-Դուք դա ընդունում եք որպես կառույցի հանդեպ վստահությո՞ւն, թե՞ պարզապես մթնոլորտ է փոխվել, եւ թավշյա հեղափոխությունն է նաեւ պատճառը:
-Դուք ինձ տալիս եք մի հարց, որն ավելի շատ կապված է քաղաքականության հետ: Եվ մի բան էլ նկատի ունեցե՛ք, որ իրենք անգամ գտնում են` թավշյա հեղափոխության համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդը դարձել է ավելի վստահելի, ապա պետք չէ բավարարվել մակերեսային մեկնաբանմամբ: Ես կարող եմ համամիտ լինել եւ ասել, որ մթնոլորտը ազդել է նաեւ կառույցի հեղինակության վրա: Եթե կան դատավորներ, որ դժգոհություն ունեն, պետք է համարել բնական, բայց չպետք է համարել, թե դա նաեւ ընդհանուրի գնահատականն է:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ԶՐԿՎԱԾ ԵՆ
Ըստ ՀՀ կառավարության 2004 մարտի 4-ի համար 318-Ն որոշման` (պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող, բնակչության սոցիալապես անապահով ու առանձին /հատուկ/ խմբերի) կենսաթոշակառուների ատամների պրոթեզավորումը կատարվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Սակայն անցած տարիներին Տավուշի մարզում նման ծառայություն երբեւէ չի մատուցվել: Տավուշում ատամների պրոթեզարան չկա, մարզի որեւէ այլ առողջապահական հիմնարկություն պետական պատվերով նման ծառայություն չի իրականացրել: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության եւ առողջապահության վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետական բյուջեից Տավուշի մարզի առողջապահական համակարգին նման ֆինանսավորում չի հատկացվել: Դրա համար հարկ է, որ Տավուշի մարզում ատամնաբուժական ծառայություններ մատուցող, լիցենզավորված հիմնարկություն լինի, ինչը, սակայն, չկա:

 

 

ՉԻ ՊԱՐԶՎԵԼ
2018թ. հուլիսի 15-ին իր տնից անհետացավ, Ադրբեջանի տարածքում հայտնվեց Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանը: Ադրբեջանցիները բանակում չծառայած, հոգեկան խնդիրներ ունեցող Կարենին ներկայացնում են որպես դիվերսանտ, նրա նկատմամբ Գյանջա քաղաքում դատ է ընթանում: Նոյեմբերի 28-ին Նոյեմբերյան քաղաքում կայացած հանդիպման ժամանակ բերդավանցի դպրոցականները պարզել էին Կարեն Ղազարյանին վերադարձնելու պահանջով պաստառներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում խոստովանեց, որ Կարեն Ղազարյանի` Ադրբեջանում հայտնվելուց չորսուկես ամիս անց չի պարզվել, թե նա ինչպես է հայտնվել Հայաստանին եւ Արցախին թշնամի Ադրբեջանում. նրան դիվերսիոն խո՞ւմբն է առեւանգել, թե՞ ինքն է հատել սահմանը: Նա անդրադարձավ գերյալներին փոխանակելու ադրբեջանական առաջարկին: «Ադրբեջանը, ըստ էության, կիսապաշտոնական առաջարկ ա արել, ասել ա` բոլորին բոլորի հետ փոխանակենք: Թվում է` շատ պարզ իրավիճակ է` ի՞նչ է եղել որ…. Իրականում, ամեն ինչ էդքան էլ պարզ չի. Արցախում Ադրբեջանի երկու քաղաքացի դատապարտված է` մեկը` 20 տարվա բանտարկության, մյուսը` ցմահ: Սպանված քաղաքացիների ընտանիքները կհամաձայնե՞ն, որ ոճրագործներին վերադարձնենք Ադրբեջանին»,- Նոյեմբերյանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Մենք առաջարկում ենք, որպեսզի վերադարձնեն, բայց հրաժարվում են, ասում են՝ համաձայն ենք բոլորը բոլորի հետ, ու սա ամենեւին էլ պարզ հարց չի: Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել Կարեն Ղազարյանին, ու մենք այս հարցը կբարձրացնենք բոլոր ատյաններում»,- ավելացրել է վարչապետի պաշտոնակատարը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ ՀԱՐԿԵՐԸ ՉՀԱՎԱՔԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Հաջորդ տարվա փետրվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի Աշոցքում տեղի կունենա համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Բանն այն է, որ Աշոցքի գյուղապետ Արթուր Ալոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նշենք, որ Արթուր Ալոյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, իսկ 2018 թվականի նոյեմբերի 1-ին հրաժարական է ներկայացրել: Երեկ միայն կառավարությունը հաստատեց նրա հրաժարականի դիմումը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արթուր Ալոյանի հետ:
-Պարո՛ն Ալոյան, ի՞նչն է հրաժարական տալու պատճառը:
-Պատճառը հարկերի թերի հավաքագրումն է: Գյուղացիներից չեմ կարողացել հարկերը հավաքագրել:
-Որքա՞ն գումարի մասին է խոսքը:
-Այս տարվա հարկերի միայն 50 տոկոսն է հավաքագրվել, բայց 2008 թվականից 100 մլն դրամի պարտք կա կուտակված: Բայց գյուղը նոր է խոշորացվել, հետեւաբար խոսքը մի քանի գյուղերի հարկերի հավաքագրման մասին է: Բնակիչները 100 մլն դրամ պարտք են գյուղապետարանի բյուջեին:
-Իսկ ի՞նչ են հիմնավորել մարդիկ, որ չեն վճարել հարկերը:
-Մի մասը չունի, չի վճարել, իսկ մի մասն էլ չնչին եկամուտ է ունեցել, որով կարողացել է միայն ընտանիք պահել: Այսպես, 1500 ընտանիք կընկնի դատարանների դռները:
-Հիասթափվե՞լ եք, որ չեք կարողացել հարկերը հավաքել ու հրաժարականի դիմում եք գրել…
-Չեմ հիասթափվել, ուղղակի չեմ ցանկացել մարդկանց վատություն անել, որ բնակիչներին դատի չտայինք, որ չգնային բանկերի դռներն ընկնեին, գումար վերցնեին, կամ էլ մենք իրենց դռները չընկնեինք: Չեմ հիասթափվել: Հուսամ` մարդիկ կգնահատեն իմ քայլը:
-Պարո՛ն Ալոյան, Ձեզ պարտադրե՞լ են, որ հրաժարականի դիմում գրեք:
-Ո՛չ, բոլորովին:
-Այսինքն` Ձեզ պարտադրե՞լ են, որ հարկերը հավաքագրեք:
-Պարտադրել են, որ հավաքենք գումարը: Միշտ էլ պարտադրում են, բայց չեն պարտադրել հրաժարականի դիմում գրել: Մարզպետն ասաց` հարկերը հավաքագրե՛ք ու շարունակե՛ք աշխատել, բայց դե…
-Ձեզ հաջորդո՞ղն է մարդկանց ստիպելու հարկերը վճարել:
-Այո, նա մի քանի ամսում պետք է այդ պարտքը հավաքի: Նոր ղեկավարը ժամանակ կտա մարդկանց ու կհավաքի:
-Պարո՛ն Ալոյան, հրաժարական ներկայացնելու միակ պատճառը հարկերի թերի հավաքագրո՞ւմն է…
-Այո՛, այո՛…

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս