ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿՐՃԱՏԵԼ Է ՆԱԽՈՐԴԻ ԾԱԽՍԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի` եկող տարվա բյուջեի նախագծով եկամուտները նախատեսված են 83 մլրդ 77 մլն 572 հազար դրամ: Սա 2018 թվականի համեմատ ավելի քան 2 միլիարդ 887 մլն դրամով ավելի է: Այս տարվա համեմատ շուրջ 4 մլրդ դրամով կավելանան նաեւ Երեւանի` եկող տարվա բյուջեի ծախսերը, որոնք, ըստ նախագծի, կազմելու են 84 մլրդ 346 մլն հազար դրամ: Իսկ դեֆիցիտը, ենթադրվում է, որ լինելու է 1 մլրդ 269 մլն դրամի սահմաններում:

Եկող տարի Երեւան համայնքի եկամուտներից հարկեր եւ տուրքերի տեսքով նախատեսվում է հավաքագրել 12 մլրդ 658 մլն դրամ: 23 մլրդ 850 մլն դրամի եկամուտ էլ ակնկալվում է, որ կստացվի պաշտոնական դրամաշնորհների տեսքով: «Այլ եկամուտներ» տողով նախատեսված է 43 մլրդ 480 մլն դրամ, որից 35 մլրդ 286 մլն դրամը ստացվելու է Հայաստանի պետական բյուջեից` տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար:
Ամենաուշագրավն այն է, որ եկող տարի Երեւանի եկամուտների մեջ զգալի մասնաբաժին է հատկացված վարչական իրավախախտումների դիմաց գանձվող գումարներին: Այս ճանապարհով եկող տարի Երեւանի բյուջեն պատրաստվում են համալրել ավելի քան 500 մլն 178 հազար դրամով: Միայն 250 մլն դրամը կհամալրվի ավտոկայանատեղիի վճարի չվճարման սահմանված դեպքերում:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մոտ 2000 աշխատողների աշխատավարձային ֆոնդը եկող տարի կազմելու է 5 մլրդ 213 մլն դրամ: Իսկ աշխատավարձի ֆոնդի հաշվարկն իրականացվել է Երեւանի ավագանու ընթացիկ տարվա հոկտեմբերի 29-ի որոշմամբ հաստատված հաստիքացուցակի հիման վրա: Ի դեպ, աշխատավարձի ֆոնդը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2018 թվականին ծրագրվել է 13 ամսվա աշխատավարձի չափով, որը նախատեսված է արձակուրդայինների եւ վերջնահաշվարկների վճարման համար: Այսինքն` նշված գումարից շուրջ 750 մլն դրամը նախատեսված է պարգեւատրումների եւ դրամական խրախուսումների համար: Երեւանում աղբահանության համար նախատեսվում է ծախսել ավելի քան 5.2 մլրդ դրամ: Թեեւ ընթացիկ տարվա աղբահանության ծառայության համար հատկացվել է 7 մլրդ դրամ, բայց, միեւնույն է, Երեւանի փողոցները, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները շարունակում են մնալ աղբի մեջ թաղված:Բացի այս, արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը հաջորդ տարվա համար պլանավորվել են 112 մլն 750 հազար դրամ, որը ընթացիկ տարվա ցուցանիշից 50 մլն դրամով ավելի է:
Ներկայացուցչական ծախսերը հաջորդ տարվա համար կկազմեն 61.7 մլն դրամ: Պարզվում է` ընթացիկ տարվա ցուցանիշից 118 մլն 431 հազար դրամով պակաս է կազմելու: Ասել է թե` նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է կրճատել հյուրասիրության համար նախատեսված ծախսերը: Սա, թերեւս, պատահական չէ, քանի որ նախորդ իշխանությունների օրոք այս նպատակով ահռելի չափերի հասնող անիմաստ ծախսեր էին արվում, ավելին` դա կոռուպցիայի բուն էր: Նույնն է նաեւ մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման եւ պահպանման գծով ծախսերի դեպքում. այստեղ էլ ծրագրվել է ծախսել 233 մլն 648 հազար դրամ, որը եւս ընթացիկ տարվա ցուցանիշից 44 մլն 63 հազար դրամով պակաս է: Իսկ ահա տրանսպորտային նյութերի համար կհատկացվի 117 մլն 416 հազար դրամ, ինչը 2018 թվականի ցուցանիշից 106 մլն 990 հազար դրամով պակաս է:
Երեւանի քաղաքապետարանը որոշել է խնայողություն անել նաեւ վարչական սարքավորումների գծով. այս նպատակով հաջորդ տարվա համար կծախսվի 28 մլն 838 հազար դրամ`ընթացիկ տարվա 48 մլն 195 հազար դրամի դիմաց: Այս գումարի շրջանակներում նախատեսվել է քաղաքապետարանի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներին տրամադրել միայն խիստ անհրաժեշտ գույք եւ տեխնիկա` ապահովելով առավելագույն խնայողություն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 4 մլրդ 31 մլն դրամը նախատեսվում է ծախսել քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների համար: Ի դեպ, եկող տարվա ասֆալտապատումների համար նախատեսված գումարը 370 մլն դրամով ավել է ընթացիկ տարվա համար նախատեսված գումարից: Հուսանք`Մարությանի մոտ կստացվի Երեւանի ճանապարհների վիճակը բարելավել, եւ մի հատվածը տարվա մեջ մի քանի անգամ չի ասֆալտապատվի: Զարմանալի է, բայց Մարությանը որոշել է գումար տնտեսել վերելակների հիմնանորոգման հարցում`78 մլն դրամի չափով: Բանն այն է, որ հաջորդ տարվա համար այդ նպատակով կծախսվի 30 մլն 779 հազար դրամ, ընթացիկ տարվա հաստատված բյուջեից մոտ 78 մլն դրամով պակաս: Մյուս կողմից`հայտնի է, որ Երեւանի վերելակային ֆոնդը հին է, մաշված եւ նորոգման հրատապ անհրաժեշտություն ունի:
Մյուս կարեւոր նորությունը` քաղաքապետարանը նախատեսել է հաջորդ տարում թափառող կենդանիների վնասազերծման համար ծախսել 50 մլն դրամ, ինչը 64.6 մլն դրամով այս տարվա ցուցանիշից պակաս է: Չնայած սրան` թափառող կենդանիների վնասազերծման համար գումարը կա, բայց վնասազերծող ընկերությունը` ոչ: Չէ՞ որ քաղաքապետարանը պայմանագիրը լուծարել է «Յունիգրաֆ իսք»-ի հետ: Եկող տարի մայրաքաղաքի տոնական ձեւավորումների վրա նախատեսվում է ծախսել 50 մլն դրամ: Մասնավորապես միայն դրոշների տեղադրման համար Երեւանի քաղաքապետարանը 2019 թվականին պատրաստվում է ծախսել 45 մլն դրամ:
Կանաչ տարածքների հարցում քաղաքապետարանը զգալի գումար կտնտեսի: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետարանը հաջորդ տարվա կանաչ տարածքների հիմնման եւ պահպանման համար նախատեսել է ծախսել 1 մլրդ 93 մլն դրամ, որը այս տարվա ցուցանիշից 576 մլն դրամով պակաս է: Կրկին մի ոլորտ, որը նախկինում կոռուպցիայի, ատկատի անսահման ոլորտ է եղել, որտեղ ահռելի գումարներ են շրջանառվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԿԵՂԾ ՎԿԱՅԱԿԱՆ` 160 ԴՈԼԱՐՈՎ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Արտակ Ժորայի Հովհաննիսյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ինքնությունը չպարզված անձից 160 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ձեռք է բերել իր անվամբ լրացված վարորդական իրավունքի կեղծ վկայական, որը 2018թ. հունիսի 15-ին օգտագործել է, Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում ներկայացրել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: Վարորդական իրավունքի կեղծ վկայականը որպես իրեղեն ապացույց դատարան է ներկայացվել: Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով` իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

ԲՈՂՈՔԵԼՈՒ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նոյեմբերի 23-ին որոշել է մինչեւ Ազատամուտ համայնքի ղեկավարի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինություն առաջացնող հանգամանքների վերացումը Վահագն Ալավերդյանին նշանակել Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մարզպետի որոշումը համարում է ոչ իրավական եւ դրա դեմ բողոքելով` ինքը դիմել է ՀՀ վարչական դատարան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Արարատի մարզի Զանգակատուն համայնքում հակառակորդի կողմից այրված ցանքատարածությունների համար բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ այրվել են Զանգակատուն համայնքի 11 հեկտար չհնձված գարու ցանքատարածությունները. սպասվող գարու բերքը կազմել է 27.5 տոննա (1 կգ գարու շուկայական արժեքը 110 դրամ է). «Որոշմամբ նախատեսվում է համայնքի 7 բնակիչներին տրամադրել 3,025.0 հզ. դրամ աջակցություն»:

 

 

3-Ի ՓՈԽԱՐԵՆ` 5 ՄԼՆ ԴՐԱՄ ՎԱՐԿ
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր կառավարության սուբսիդավորմամբ 8 տոկոսով տրվող մինչեւ 3 մլն դրամանոց գյուղատնտեսական վարկերը կդարձնենք 5 մլն դրամ: «Մենք ուզում ենք քաջալերել, որ մարդիկ իրենց աշխատանքով հասնեն արդյունքների: Եթե այսօր Հայաստանում կան մարդիկ, որ առանց աջակցության հասել են ինչ-որ բանի, նշանակում է` այդ հնարավորությունը կա: Մեր ամբողջ մտածածը հենց դա է, որ մարդիկ կարողանան ընտանիքով, համայնքով համախմբվել եւ իրար հետ մի գործ անել, եւ ազգովի համախմբվենք»,-նշել է նա:
Աշխատանքը խրախուսելու համար, Ն. Փաշինյանի խոսքով, կառավարությունը պատրաստվում է 2019թ. կեսից ընդհանրապես հարկերից ազատել տարեկան 20 մլն դրամ շրջանառությունը չգերազանցող բիզնեսը: Ինչպես նաեւ անհատ տաքսու վարորդները կազատվեն լիցենզիայի վճարից: Այսօր նրանք ամսական 8000 դրամ են վճարում այդ տուրքի համար:




Լրահոս