«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքը երեկ երեկոյան անցկացրած նիստում որոշել է նոր խորհրդարանի ղեկավար կազմը: Արդեն հրապարակվել է, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու են Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: «Իմ քայլը» դաշինքը նաեւ որոշել է թեկնածուներ առաջադրել ԱԺ 10 հանձնաժողովներ ձեւավորելու համար:
Անունները դեռ վերջնական չեն հրապարակվել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարելու է Ռուբեն Ռուբինյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Վարդանյանը, Պաշտպանության, ներքին գործերի եւ ԱԱ հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Բաբկեն Թունյանը, Գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովը՝ Վարազդատ Կարապետյանը, Կրթության եւ գիտության հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովը` Նարեկ Զեյնալյանը:
Ամենայն հավանականությամբ, 2-3 հանձնաժողով կտրվի ԲՀԿ-ին՝ Եվրաինտեգրացիայի եւ ֆինանսավարկային հանձնաժողովները, միգուցե ՏԻՄ հանձնաժողովը եւս, եթե այն առանձնացվի, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որ ժամանակին միացվել էր Պետաիրավական հանձնաժողովին, կառանձնացվի ու կտրվի «Լուսավոր Հայաստան»-ին:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: